Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Պապոյանը հրապարակել է Նարինե Գեղամյանի դատավճիռը: Նա դատապարտվել է սուտ մատնության համար վեց ամսվա ազատազրկման, սակայն կկիրառվի մեկ տարի փորձաշրջան:
Նարինե Գեղամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չբացակայելու մասին, կմնա անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը հաստատված համարեց այն, որ Ն.Գեղամյանն իր վթարված ավտոմեքենան՝ «ԲՄՎ»-ն, որպես պահեստամաս, վաճառել էր տուժող Արտաշես Առաքելյանին:
Դրա դիմաց նա ստացել էր 3000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն Ն.Գեղամյանը փորձել էր եւս 2000 դոլար ստանալ տուժողից, ուստի ոստիկանության բաժին էր դիմել, հայտնելով, թե տուժողին վաճառել է իր ավտոմեքենան 3000 դոլարով, տուժողն իրեն տվել է ընդամենը 1000 դոլար գումար:
Սակայն այս մասին չէ, որ ուզում ենք տեղեկացնել:
Կարդացեք նաև
Քննիչ Ա.Երիցյանը քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածի հատկանիշներով, երբ գործն ուղարկել է հսկող դատախազին՝ նա չի հաստատել մեղադրական եզրակացությունը:
24.10.2014-ին քրեական գործը վերադարձվել է քննիչին, Ն.Գեղամյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու եւ նրան խարդախության հատկանիշներով մեղադրանք առաջադրելու համար:Քննիչը համաձայն չլինելով դատախազի ցուցումին, այն բողոքարկել է: Սակայն Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը նոյեմբերի 10-ին որոշում է կայացնում քննիչի առարկությունները մերժելու մասին:
Դատարան գործն ուղարկվել է երկու հոդվածների՝ սուտ մատնության եւ խաբեության հատկանիշներով՝ խստացված:
Դատարանը խաբեությունը չհաստատեց:Ն.Գեղամյանն անմեղ ճանաչվեց:
Այսինքն՝ այս քրեական գործով դատարանն իր իրավական գնահատականներում արձանագրել է. «Դատարանը վերլուծելով եւ գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հաստատված չի համարում Ն.Գեղամյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, գտնում է, որ դրանում պետք է ճանաչել Ն.Գեղամյանի անմեղությունը, այդ մասով նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայության հիմքով»:
Դատարանը հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկին՝ Լիա Ավետիսյանի, մասնավորապես, արձանագրելով, որ «խաբեությունը գույքի սեփականատիրոջը կամ գույքը տիրապետողին մոլորության մեջ գցելու նպատակով իրական , ճշմարիտ փաստերի խեղաթյուրումն է, ճշմարտության մասին լռելը կամ՝ ճշմարիտ փաստերի խեղաթյուրումը»:
Ըստ դատարանի գնահատականի.«Ն.Գեղամյանը նշված գումարը Ա.Առաքելյանից փորձել է ստանալ ոչ թե խաբեության կամ վերջինիս վստահությունը չարաշահելու միջոցով՝ վերջինիս մոլորության մեջ գցելով, այլ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում կդիմի ոստիկանություն»:Ինչը որ արել էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը` արխիվային