Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականությունից դուրս գալը բարեգործություն անելու հետ կապ չունի

Մարտ 19,2015 16:32

Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ

– Որոշ վերլուծություններով, այն, ինչ որ կատարվեց վերջերս քաղաքական դաշտում` ԲՀԿ-ՀՀԿ հարթությունում, ինչի արդյունքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, կդառնա արտագաղթի հերթական ալիքի պատճառ:

– Ժողովրդավարության կայացման ճանապարհին քաղաքական ուժերի վերադասավորումները քաղաքական դաշտում բնականոն գործընթացներ են: Ստեղծված իրավիճակը պետք է գնահատել ոչ թե որպես ինչ-որ բանի ավարտ, այլ ընդհակառակը՝ քաղաքական վերադասավորումների միջոցով նոր սկիզբ  դրվեց քաղաքական դաշտի կայունացման և հետագա զարգացման համար:

– Ի դեպ, արդեն իսկ դժգոհություններ են հնչում, որ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու արդյունքում կրճատած բարեգործական ծրագրերը, չասենք էական, բայց ազդեցություն ունենում են որոշակի խավերի վրա:

– Գագիկ Ծառուկյանը բացի քաղաքական գործիչ լինելուց՝ նաև բարեգործ է: Առաջինից դուրս գալուց հետո, մեկը մյուսի հետ պետք է որ կապ չունենա: Եթե բարեգործությունն արվում է հանուն քաղաքականության, ապա դա չի կարող արդեն բարեգործություն համարվել: Սա ևս մեկ ցուցանիշ է հասկանալու, որ  նա, ով իսկապես կամենում է անել բարեգործություն, արդարացում չի փնտրի այն չանելու համար:

– ԲՀԿ-ն վերջապես կողմնորոշվեց եւ իրեն հռչակեց ընդդիմություն: Ընդդիմադիր ԲՀԿ-ն Է՞ ՀՀԿ-ի համար  ավելի վտանգավոր, թե՞ այլընտրանքն էր:

-Ընդհանրապես քաղաքականության մեջ ավելի գնահատելի են կողմնորոշված դիրքորոշումները:Երբ կա ուժեղ և կառուցողական ընդդիմություն, և ընդդիմադիր դաշտը կոնկրետ դերակատարներ ունի, իշխանությունը գործում է ավելի  հստակ և  տեսանելի:  

 -Իշխանությունը` նախագահը, հստակ հայտարարեց, որ հետ չի կանգնելու սահմանադրական բարեփոխումների գաղափարից: Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք Սահմանադրությամբ պայմանավորված չեն: Կառավարման համակարգի փոփոխությանն էլ, նախագահը վերահաստատեց, որ այդքան էլ կողմ չէ: Հետեւաբար ո՞րն է պատճառն այս իրավիճակում ամեն գնով սահմանադրական փոփոխություններ իրականացնելու: Ընդամենը եվրոպական համայնքին հաճոյանա՞լը:

– Կարծում եմ, որ արդեն հասունացել է պահը, և անհրաժեշտություն է առաջացել կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղմանը պետության անվտանգության և կայունության հետ: Ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումների գլխավոր նպատակը դա անցումն է երկրի՝ խորհրդարանական կառավարման մոդելի, որի արդյունքում նոր հնարավորություններ կստեղծվեն  Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար:

-Ի դեպ, նախագահի մոտ քաղաքական ուժերի հանդիպումները շատ քննարկվեցին, քննադատվեցին, այդ ընդդիմադիրներին Բաղրամյան 26-ի հաճախորդներ անվանեցին: Ընդդիմադիրների` միմյանց նսեմացնելու գործընթացին ինչպե՞ս եք վերաբերվում, իշխանությունը դրանից հաճո՞ւյք է ստանում:

-Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների շուրջ առանձին հանդիպումներ ունեցավ քաղաքական ուժերի հետ, կազմակերպեց բաց քննարկումներ, պատրաստակամություն է հայտնեց քննարկելու բոլորի կողմից արված առաջարկները: Դիմադիր, թե ընդդիմադիր դաշտում քաղաքական գործիչներին  անտեղի նսեմացնելու, վարկաբեկելու փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ քաղաքական ուժերի մասնագիտական կարծիքները և առաջարկները արտահայտելու հնարավորությունը նրանց միջև համագործակցության արդյունավետ ձևաչափ է: Իսկ երկրի նախագահի կողմից քաղաքական ուժերի հետ երկխոսությունների հնարավորության ստեղծումը  ժողովրդավար կառավարման լավագույն օրինակ է, որը պետք է կարողանալ ճիշտ ընկալել և արժևորել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031