Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին հարցումներ են ուղարկվել, որպեսզի վերջիններս իրենց թեկնածուներն առաջարկեն կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, որն արդեն ձեւավորման փուլում է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները դժգոհություն ունեն, որ խորհրդում հ/կ-ների համար քիչ տեղ է հատկացված. այս առնչությամբ Հովհաննես Մանուկյանը վստահեցրեց, որ նման քննարկում եղել է, նրանց կողմից հարցադրում է եղել թվաքանակի ավելացման վերաբերյալ, սակայն կառավարության որոշմամբ այս փուլում հ/կ-ների ընդամենը երկու ներկայացուցչի տեղ է սահմանված խորհրդում: Նախարարն ասաց, որ հուսով է, որ հասարակական կազմակերպությունները, որոնք փորձառություն ունեն այդ դաշտում, պատասխանատվություն են զգում գործընթացի համար, կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին:
«Կառավարությունը շահագրգիռ է, որպեսզի մասնավոր հատվածը ներգրավված լինի այդ աշխատանքներին»,-ասաց նախարարը: Լրագրողները նկատեցին, որ խորհրդի կազմում ընդգրկված են պաշտոնյաներ, որոնց անունները կապվում են բիզնեսի ու կոռուպցիայի հետ, այս դիտարկմանը արդարադատության նախարարը չարձագանքեց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ