Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին` Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) վաճառվե՞լ է «Տաշիր գրուպ»-ին, թե` ոչ: «Այդպիսի բանից տեղյակ չեմ: Կարող է եւ տեղի չի ունեցել, չեմ կարող ասել»,-ասաց նախարարը:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ` ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է. ըստ նույն լրատվամիջոցի, ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ՀԷՑ-ում, ռուսական կողմի հրահանգով այս օրերին որեւէ գործարք տեղի չի ունենում եւ «ընդունում-հանձնում» է ընթանում:
Էկոնոմիկայի նախարարի խոսքերով` եթե մի բան վաճառվեր, տեղեկություններ կլինեին, նախարարությունում կիմանային այդ մասին.«Որեւէ ընկերություն, եթե իր բաժնետոմսերը վաճառում է, հրապարակային է անում կամ ոչ հրապարակային, դրա մասին բոլորս տեղեկանում ենք: Այսինքն՝ էստեղ ոչ ոք ոչ մի բան թաքցնելու կարիք չունի»:
Ճշմարիտյանի կարծիքով`ՀԷՑ-ի վաճառքը դժվար թե որեւէ մեկին անակնկալ մատուցի, եւ ըստ նախարարի, որեւէ ընկերության բաժնետոմսերի վաճառքը մեկ այլ ընկերության երկրի մասշտաբով մեծ իրադարձություն չէ:
Կարդացեք նաև
«Ես խորհուրդ կտայի ձեզ նույնիսկ որևէ սրճարան մտնելիս ոչ թե հարցնեք, թե ով է սեփականատերը, այլ ասեք, թե ինչպես են նրանք ծառայությունը մատուցում, ինչ որակի, ինչ գնով, արդյո՞ք ավելի լավացել է ծառայությունը: Դրան ուշադրություն դարձրեք, սեփականատերերը ժամանակավոր են բոլոր ոլորտներում: Այստեղ ես ձեր բոլորի աջակցությունն եմ փնտրում, որպեսզի էությանը նայենք, ոչ թե անձերին, մի անձնավորեք, դա մեզ բոլորիս ավելի ձեռնտու է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ