Լրահոս
Օրվա լրահոսը

 «Անտառները հատում են, բայց չեն վերականգնում»

Մարտ 19,2015 15:45

Դեռեւս բրոնզե դարաշրջանում Հայաստանի անտառածածկը կազմում էր ընդհանուր տարածքի 35 տոկոսը: Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանի կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ ներկայումս Հայաստանի անտառապատ տարածքը կազմում է ընդհանուր տարածքի ընդամենը 9,5 տոկոսը:

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անտառի համաշխարհային օրվան ընդառաջ ասուլիսի ժամանակ բանախոսը  ներկայացրեց ՄԱԿ-ի տվյալները, որոնց համաձայն՝ անտառապատ տարածքը կազմում է Հայաստանի տարածքի 10 տոկոսը: 1990 թվականից մինեչեւ 2005 թվականը անտառածածկը անընդհատ նվազել է:

«Մեկ շնչին հասնում է 0,1 հա անտառապատ մակերես, որը բավականին քիչ է: Աշխարհում այս տվյալը բավարար չէ, քանի որ միջինում մեկ շնչին պետք է ընկնի 0,65 հա տարածք»,- ներկայացրեց բանախոսը:

Աշխարհագրագետի խոսքով՝ հիմա Հայաստանում բարձրաբուն անտառների փոխարեն կոճղաշիվային անտառներն են գերակշռում: Սա նշանակում է, որ չկան անտառներ, որոնք ունեն տնտեսական արժեք, էսթետիկ արժեք եւ ապահովում են էկոհամակարգային մի շարք ծառայություններ:

Ըստ Հովիկ Սայադյանի՝ Հայաստանում անտառների վիճակը չի կարելի գնահատել լավ. «Անտառների վիճակի վատթարացումը սկսել է 1991 թվականից: Մինչ այդ Հայաստանն իր փայտի 95 տոկոսը ստանում էր Ռուսատանից եւ 1991 թվականի բլոկադայից հետո այդ 95 տոկոս պահանջը բավարարելու բեռն ընկավ անտառների վրա, պետք էր բավարարել ներքին ռեսուրսների հաշվին: Կատարվել են մեծ մասշտաբի ապօրինի հատումներ: Հատումները կատարում էին ոչ մասնագետները, կատարվում էին ոչ անհրաժեշտ տեղերում՝ միայն հեշտ հասանելի տեղերում: Կտրվում էին ուղիղ բնով, գեղեցիկ սաղարթով ծառերը, որոնցից ընկած սերմերը կտային առողջ սերունդ: Մնացել են միայն ծուռ ծառերը, որոնցից ընկած սերմերն էլ նման սերունդ են տալիս: Մենք այս տարիներին հսկայակայն գենետիկական կորուստ ենք կրել եւ դրանք վերականգնելու համար պետք են տասնյակ տարիներ»:

Անտառների դերը պետք է բարձրացվի, վստահեցնում է բանախոսը: Մինչ անկախության տարիները անտառների դերը վերահսկում էր Անտառների պետական կոմիտեն, որը ուներ նախարարության կարգավիճակ. «Պետությունը անտառային համակարգը դիտում էր ամենաբարձր մակարադակով: Իսկ հետագայում այդ կոմիտեն անցավ գերատեսչությունների տիրապետության տակ, որից հետո անտառների դերը կտրուկ անկում ապրեց: Անհրաժեշտ է երկրի մեջ բարձրացնել անտառների դերը, ստեղծել անտառների պետական կոմիտե եւ դրանց տալ իրավասություններ, որպեսզի անտառային ռեսուրսի նկատմամբ լինի պատասխանատու մարմին»:

Անտառը ճիշտ եւ խելացի կառավարելու համար անհրաժեշտ են լավ մասնագետներ. «Որպեսզի անտառում հատեն եւ տնկեն: Պրոբլեմը հիմա ոչ միայն կտրելու, այլ չվերականգնելու մեջ է: Հիմա վերականգնում են, բայց շատ քիչ մասշտաբներով»: Դա, ըստ բանախոսի, գալիս է կադրերի, ռեսուրսների եւ ֆինանսների պակասից:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031