ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները 2015 թվականի մարտի 16-ից դադարեցնելու վերաբերյալ:
ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն. « Նախագահը հրամանագիրն ստորագրելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունել Արդարադատության խորհրդի՝ 2015 թվականի մարտի 12-ի ԱԽ-8-Ո-11 որոշմամբ ներկայացված առաջարկությունը »:
Բանն այն է, որ մարտի 15-ին լրացել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի 65-ամյակը, որի հաջորդ օրն իսկ նրան ազատել են աշխատանքից: Հետաքրքիրն այն է, որ այս դատավորին երեկ թոշակի ճանապարհելուն պես անմիջապես հանել են նրա կենսագրական տվյալները Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքից:
Նշենք, որ նա բավական երկար՝ մոտ 15 տարի է աշխատում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավորը թեև ծնունդով շիրակցի է, սակայն փաստացի բնակվում է մայրաքաղաքում: Նա իր գործունեության ընթացքում բազմաթիվ աղմկոտ քրեական գործեր է քննել, սակայն վերջին շրջանում գյումրեցիների հիշողության մեջ մնաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործի քննությամբ:
Կարդացեք նաև
Նախկին դատավորը իր կոլեգաների կողմից բնութագրվում է որպես հանգիստ, համեստ անձնավորություն: Մեր տպավորությամբ՝ նրա վարած դատական նիստերը ուղեկցվում էին սկանդալներով, հաճախակի էին հակառակորդ կողմերը կոնֆլիկտների մեջ մտնում, վիրավորում միմյանց, իսկ դատավորը անտեսում էր, կարգ ու կանոնի չէր հրավիրում նրանց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ