ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի համոզմամբ, այսօր կառավարման համակարգի վերանայման ճիշտ ժամանակն է:
«Տարիներ շարունակ խոսվում էր համակարգային բարեփոխումների մասին, բայց մենք կարծում էինք, որ նման հարցադրումները ժամանակավրեպ են: Բայց այսօր ժամանակն է՝ վերանայվի և կառավարման համակարգն ու նոր մոտեցում մտցվի»,- անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պատգամավորը: Նրա խոսքով, խորհրդարանական համակարգը ժամանակավրեպ չէ, ու Սերժ Սարգսյանը ձեռնարկել է այդ բարեփոխումները, որ երկրի կառավարման ամենանպաստավոր մոդելը գտնի:
Սահմանադրական բարեփոխումների երկու հայեցակարգի հնարավորությունը պատգամավորը չմերժեց, ասաց՝ ցանկացած տրամաբանական լուծում ընդունելի է. «Եթե հանրությունն ապացուցի, որ ճիշտ ճանապարհը դա է, ապա դրան երբեք դեմ գնալ հնարավոր չի լինի: Անիմաստ կլիներ փոխել միայն Սահմանադրությունը, կա կառավարման համակարգի փոփոխման կարիք: Հաշվի են առնվել կոռուպցիոն ռիսկերը, որովհետև գաղտնիք չէ, որ դրանք կան: Յուրաքանչյուր հայրենիք սիրող ժողովուրդ պետք է ընտրի այնպիսի կառավարման համակարգ, որտեղ կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս վերահսկելի կլինեն»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներին, Մկրտիչ Մինասյանի կարծիքով, այդ քննարկումները կնպաստեն հասարակակական կարծիքի ձեւավորմանը. «Երբ նախագահական կառավարման համակարգից մենք անցանք կիսանախագահականի` նպատակն էր առաջնայնություն տալ նաև ԱԺ-ին, այդ խնդիրը հիմնականում լուծվեց, բայց այսօր ժամանակն է, որպեսզի առավել մեծ հնարավորություն տրվի կոլեգիալ համակարգով երկիրը կառավարելու: Սա կնպաստի մեր կյանքում տեղի ունեցող վրիպումներին հանրային հսկողության բարձրացմանը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ