«Բոլոր նրանք, ովքեր վարչության նիստում չեն եղել, առավել եվս`կուսակցական գործունեությունն ավարտել են եւ իրենք իրենց համարում են փորձագետ, ճիշտ կլինի, որ իրենց փորձագիտական գործունեությամբ զբաղվեն, ոչ թե գտնեն որոշակի թեմա ու այն անընդհատ տաք պահեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը`հակադարձելով նախկին կուսակցական ընկերոջը`Ստեփան Սաֆարյանին:
Ս.Սաֆարյանը, հիշեցնենք, իր վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով Սերժ Սարգսյանի հետ «Ժառանգության» անդամների սկանդալի վերածված հանդիպման մասին, մեղադրել էր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին`կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին վարչության նիստում տեղի ունեցածի մասին սխալ տեղեկատվություն տալու համար, ինչի արդյունքում էլ Ռ.Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը գնացել էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:
«Մենք հայտարարեցինք, որ այդ բոլոր հարցերը կքննարկենք կուսակցության վարչության նիստում: Ավելորդ տեղն ինչ-որ աժիոտաժ ստեղծելը, պղտոր ջրում փորձել ձուկ որսալը, չեմ կարծում, որ մարդկային լավագույն հատկանիշներ են»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ