Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոմիտասի հիվանդության մասին շատ բան կիմանանք 2017-ին». «168 ժամ»

Մարտ 19,2015 12:40

Նյույորքաբնակ նշանավոր դաշնակահար Շահան Արծրունին ասում է՝ մեծ ջանքեր է գործադրել՝ պնդելով, որ Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքին դրված բացատրական ցուցանակում անգլերեն և թուրքերեն լեզուներով ավելացվի այսօր արդեն առկա «հայկական» բառը։

Նա մեկն է այն արվեստագետներից, որ միացել էր եկեղեցու գագաթին խաչ դնելու արշավին՝ նամակներ հղելով Թուրքիայի կառավարությանը։ 2010-ին Շահան Արծրունին «Սուրբ Խաչ» եկեղեցու հայտնի պատարագի նախօրեին համերգ ունեցավ Վանում՝ ներկայացնելով հայկական երաժշտություն։ Իսկ ավելի ուշ՝ նույն տարվա հոկտեմբերին, Նյու Յորքում Թուրքիայի Գլխավոր հյուպատոսարանը «Քարնեգի հոլլ» համերգասրահում կազմակերպեց հայտնի դաշնակահարի համերգը։

Ստամբուլում ծնված և Նյու Յորքում բնակվող երաժիշտը կողմ է հայ-թուրքական երկխոսությանը և վստահ է, որ մշակութային ձեռնարկները և արվեստագետների ելույթներն իրենց նպաստն են բերելու երկու երկրների միջև փակ սահմանների բացմանը. «Ես համոզված եմ, որ սահմանները բացվելու են, երկու երկրների միջև հաստատվելու են դիվանագիտական հարաբերություններ, ու դա տեղի է ունենալու Թայիբ Էրդողանի նախագահության տարիներին։ Նա, լինելով աջակողմյան հայացքների տեր գործիչ, կարո՛ղ է անել այդ գործը, ինչպես ժամանակին Նիքսոնը կարողացավ ճանապարհ բացել դեպի Չինաստան»,- «168 ժամի» հետ զրույցում ասաց Շահան Արծրունին՝ ավելացնելով, որ ինքը սահմանների հնարավոր բացման մասին համոզմանն է եկել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներից հետո։

«Կարծում եմ, որ երկխոսելն ավելի ճիշտ է, քան՝ լռելը կամ միմյանց հասցեին անտեղի հայտարարություններ անելը։ Ես ինքս էլ խաբված եմ թուրք ժողովրդից, չեմ ասում, թե ամեն ինչ հարթ է, բայց դրանով հանդերձ՝ միշտ ուզում եմ երկխոսել, բացել մի դուռ ու բաց թողնել այդ դուռը, որով հնարավոր կլինի ներս մտնել»,- ասաց դաշնակահարը։

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Կոմիտասի խելագարությունը ժխտող վարկածին, Շահան Արծրունին պատասխանեց. «Նախ, որ նա նյարդային խառնվածք ուներ՝ անժխտելի է, բայց մինչև Շիշլիի «Հոպիտալ Դե լա Պաի» հիվանդանոց տեղափոխվելը՝ 1916 թվականը, նա հաստատ խելագարված չի եղել։ Չմոռանանք, որ մինչև «Hopital de la Paix» տարվելը նա գրել է իր հայտնի «Մշո շորորը», շատ այլ գործեր է արել։ Բայց, հավանաբար, Չանկրիի աքսորը մեծապես ազդել է նրա վրա։ Մենք Կոմիտասի հիվանդության մասին ամեն ինչ իմանալու ենք 2017-ին, երբ բացվի «Hopital de la Paix» հիվանդանոցի արխիվը (ըստ կարգի՝ այն բացվում է 100 տարի հետո): Առայժմ հիվանդության արձանագրությունները փակ են։ Ստամբուլի նշանավոր այդ հիվանդանոցը մինչև հիմա էլ գործում է, և ես եղել եմ այն սենյակում, որտեղ Կոմիտասն էր պահվում։ Նրա՝ այնտեղ գտնվելուց 100 տարի հետո, երբ հասանելի լինեն հիվանդության փաստաթղթերը, նոր լույս է սփռվելու Կոմիտասի հիվանդության վրա»:

Անուշ ԹՐՎԱՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031