Մեր զրուցակիցն է 1994-97 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական, ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը
– Պարոն Լիպարիտյան, 100-ամյա տարելիցի առիթով Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդրով ՀՀ Առաջին նախագահը բաց նամակով դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով իր առաջարկները հռչակագրի հիման վրա շրջաբերական ուղերձ կառուցելու շուրջ։ Այն դեպքում, երբ նա ավելի վաղ քննադատել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը։ Այն խորհրդակցական հանձնաժողովը, որը պետք է ստեղծվեր, ըստ Տեր-Պետրոսյանի, պետք է ընդգրկեր նաև Ձեր մասնագիտական կարծիքը։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների կողմից կազմված հռչակագիրը, որը, ըստ Տեր-Պետրոսյանի, խայտառակ փաստաթուղթ է։
– Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վերջնականապես հստակեցված է վաղուց։ «Անկախության մասին հռչակագրի» 11-րդ կետն է դա, որում հստակ ասված է. ՀՀ-ն աջակցում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Դրանից անդին արված քայլերը, անշուշտ, հակասում են այդ Հռչակագրի տարրին ու ոգուն։ Այսինքն՝ այն, ինչ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրով ասվել է, փոխում է Ցեղասպանության դերը մեր արտաքին քաղաքականության մեջ։ Ուրեմն՝ և կտրականապես փոխում է մեր արտաքին քաղաքականության հիմքերը։
– Ըստ Ձեզ՝ Տեր-Պետրոսյանի առաջարկներն այն հի՞մքն են, որի վրա կարելի է կառուցել Ցեղասպանության հարցում ՀՀ-ի վերջնական դիրքորոշումը։
Կարդացեք նաև
– Շարունակելով առաջին հարցի իմ պատասխանը՝ նշեմ, որ առաջին նախագահը հենց դա է պարզաբանել, մեր արտաքին քաղաքականության հետ հակասության հարց կա։ Դժվար թե հնարավոր լինի հակառակվել այդ տրամաբանությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նշել է մի քանի կարևոր, սակայն ընդհանուր մտահոգություններ այդ կապակցությամբ։ Ես լիովին համաձայն եմ Ցեղասպանության հռչակագրի վերանայման նպատակով Տեր-Պետրոսյանի առաջարկած հիմքերի հետ։ Այստեղ չեմ ուզում մանրամասն ներկայացնել այն բոլոր վտանգները, որոնք այս փաստաթուղթը ներկայացնում է, սակայն անհրաժեշտ է նշել հետևյալը։ Մենք մեր հանրապետության անկախությունը կառուցեցինք՝ պայքարելով Ռուսաստանի ստեղծած-պարտադրած Սովետի ու նրա տիրապետության դեմ։ Իսկ մենք այնպես ենք խոսում ու այնպիսի քայլեր ենք ձեռնարկում, որ կարծես Թուրքիայից ենք բաժանվել։ Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է, որ սպառնում է մեր անկախությանը, ու մենք ինքնիշխանությունը փոքր քայլերով հանձնում ենք Ռուսաստանին։ Ցեղասպանությունն ու նրա հարյուրամյակը շահագործվում է՝ ծածկելու համար այն, ինչ կատարվում է զուգահեռաբար։ Մեր քաղաքական մտածելակերպը, հետևաբար՝ նաև այդ հռչակագրի իմաստն ու հետևանքները չենք կարող հասկանալ ու գնահատել, եթե ինքնորոշման կորստի ու Ցեղասպանության տրված դերի միջև օրգանական կապը չտեսնենք։
– Տեր-Պետրոսյանի առաջարկները շրջանառության մեջ դրվեցին ներքաղաքական կյանքի բավականին անկայուն փուլում, և կարծիք կա, որ նա՝ կանխատեսելով իրադարձությունների նման ընթացքը, փորձեց կոծկել իր պարտությունը ներքաղաքական բևեռում։ Այս մասին ի՞նչ կարծիք ունեք։
– Եթե ես այն կարծիքին լինեի, որ ներքաղաքական բևեռում պարտություն եմ կրել ու կարիք ունեմ նոր ուժ ներդնելու իմ կազմակերպության մեջ, չէի անի մի հայտարարություն, որն այնքան էլ պոպուլիստական չէ ու վստահաբար պիտի նոր քննադատության ենթարկվի։ Սա է իրականում ենթատեքստը։ Տեր-Պետրոսյանը միշտ էլ հետևողական է եղել այս հարցում։ Հնարավոր է, որ ներքաղաքական նոր կացության մեջ ինքն ավելի հանգիստ է զգում իրեն՝ այս հարցին մանրամասն ու հիմնավորապես անդրադառնալու համար։
– Արդեն հիմնականում երևակված են այն բոլոր միջոցառումները, որոնք Հայաստանը պատրաստվում է իրականացնել Ցեղասպանության 100– ամյա տարելիցի գլխավոր միջոցառմանը՝ ապրիլի 24-ին ընդառաջ։ Միջոցառումները, հռչակագիրը, Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը, այս ամենն ա՞յն էր, ինչ Դուք էիք սպասում։ Այս տարի և ընդհանրապես այս հարցում ինչի՞ վրա պետք էր դնել շեշտը։
– Սպասում էի, որ արվեին նույն գործերը, ինչ միշտ էլ արել ենք, միայն թե՝ ավելի մեծ մասշտաբով։ Կարծես այդպես էլ ստացվում է։ Կան, իհարկե, նորություններ։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի ծրագրերը։ Հանձնաժողովի հռչակագիրը նորություն էր, թեև զարմանալի չէր։ Մենք սիրում ենք հռչակագրեր։ Սակայն ես պատրաստ չէի ընթերցելու մի փաստաթուղթ, որն ամրագրում է արտաքին քաղաքականության բնագավառում արդեն մի քանի տարի շարունակ ընթացող մեր անկախությանը սպառնացող վտանգավոր փոփոխությունները։ Զոհերի սրբադասման հարցը նույնքան վտանգավոր չէ, որքան այդ հռչակագրի դրույթներն են, սակայն նույնքան մտահոգիչ է։ Սրբադասումը մտահոգիչ է, որովհետև եկեղեցականացնում է մեր պատմությունը, կրոնականացնում՝ Ցեղասպանությունը։ Պատմության ընկալումն ու մեկնաբանությունը կարևոր գործոններ են մեր ներկայի ընկալման ու ապագայի կերտման տեսակետից։ Կա նաև մի այլ հարց։ Ցեղասպանության զոհերի սրբադասմամբ մենք հետմահու քրիստոնյա Առաքելական Հայ եկեղեցու դավանանքն ու ծեսն ենք պարտադրում հայ զոհերին, որոնք պատկանում էին կաթոլիկ դավանանքին ու տարբեր ձևով էին ընկալում սրբացումը, բողոքական հայ զոհերի, որոնք ընդհանրապես սրբերի չէին հավատում, և այլ հայերի, որոնք եկեղեցուց կամ ընդհանրապես կրոնական հավատից հեռու էին։ Սրբացումը կարծես առիթ է տալիս եկեղեցուն՝ խուսափելու մեր այսօրվա պատասխանատվություններից։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում