«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը վստահեցրեց, որ դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունների դադարեցումը բացարձակապես կապ չունի նրա հրապարակած վճիռների հետ։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել էր ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները։ Նա այն դատավորն էր, որը համարձակվել էր ոստիկանների գործողությունները ոչ օրինաչափ գնահատել։
Արդյո՞ք այս որոշումներն էին պատճառը, որ Ռոբերտ Սարգսյանը զրկվեց պաշտոնից։ «Ժողովուրդ»-ը զրուցեց վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանի հետ։
– Պարոն Մաթեւոսյան, արդյո՞ք ոստիկանության դեմ հրապարակած որոշումներն էին պատճառը, որ Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները դադարեցվեցին։
– Միանշանակ Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, քանի որ նման վճիռներ ոչ միայն Սարգսյանն է կայացրել, այլ նաեւ մի քանի այլ դատավորներ եւս։ Նշեմ, որ Ռոբերտ Սարգսյանն ունեցել է նաեւ սրա հակառակ վճիռները։ Գործով ըստ էության, ինչ ունեցել է, այդ վճիռն էլ հրապարակել է։ Ռոբերտ Սարգսյանը դիմել է ինձ առողջական խնդիրներով եւ մոտ մեկ ամիս արձակուրդում է գտնվել։ Արձակուրդից հետո հիվանդանոցում է պառկել։ Իսկ դրանից հետո դիմում գրեց եւ առողջականով ազատվեց։ Թե չէ այլ խնդիր չկա։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում