Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի համայնքը դժգոհ է. «Հայկական ժամանակ»

Մարտ 19,2015 11:14

Երեկ Երեւանի ավագանին հավանության արժանացրեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակը հավերժացնող հուշարձանը Օղակաձեւ այգում տեղադրելու առաջարկը, բայց իր որոշման մեջ հանդես եկավ զգուշավոր ձեւակերպումներով։

Ինչպես գրել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, առաջարկի հեղինակը «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ն է, եւ կազմակերպության՝ ավագանուն ուղղված գրության մեջ օգտագործված է հենց «ցեղասպանություն» բառը։ Այս եզրույթն օգտագործվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի՝ նշված նախագծին վերաբերող փաթեթի մի տեղեկանքում։ Մնացած տեղեկանքներում, ինչպես նաեւ ավագանու որոշման տեքստում, օգտագործված է «զոհված բազմահազար եզդիներ» եզրույթը։

20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ոչ բոլորին հայտնի իրադարձությունների վերաբերյալ տարբեր մոտեցումները կարող են սուր սեպ խրել ՀՀ եզդի համայնքի եւ իշխանությունների միջեւ։ Դարերով հայ ժողովրդի հետ կողք-կողքի ապրող եզդիների կողմից դժգոհության համար սա երրորդ առիթն է։ Առաջինը փետրվար ամսին եզդիների ցեղասպանության վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության մերժումն էր ԱԺ-ում։

Երեկվա նիստում «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ տարակուսած է տերմինների այս փոփոխությունից։ Քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը պատասխանեց, որ եզդի համայնքի տարբեր կազմակերպությունների հետ հարցը քննարկելիս տարբեր առաջարկներ են լսվել, սակայն համաձայնության են եկել այս ձեւակերպումների շուրջ։ Հուշարձանի տեղադրման հարցն ընդունվեց միաձայն, եւ ավագանու հանրապետական անդամ Արմեն Ամոյանը ազգությամբ եզդի, շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին։ Մեր հարցին, թե ինքն ի՞նչ ձեւակերպում է տալիս եզդիների հետ կատարվածին, Ամոյանը պատասխանեց, որ դա ցեղասպանություն էր, սակայն հիմա քաղաքական այնպիսի իրավիճակ է, որ այդ հարցով քննարկումները պակաս նպատակահարմար են։

Նախագծի հեղինակ Ամո Շարոյանը (լուսանկարում) մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել ավագանու որոշումը։ Նա ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, հետեւաբար՝ չի կարող մեկնաբանել, եւ կարծես թե մտահոգված չէր ու սկզբունքային չէր համարում ձեւակերպումները։ Փոխարենը՝ մեր տեղեկություններով, ավագանու որոշման տեքստի հետ անհամաձայնություն ունեն եզդի համայնքի մտավորականներն ու այլ կազմակերպություններ։ «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ավագանին, ընդունելով Օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող կանգնեցնելու որոշումը, չի ընդունում ցեղասպանության փաստը։ «Ընդունելը կամ չընդունելը քաղաքապետարանի որոշելիքն է։ Բայց պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածը մասամբ ընդունելը այնքան էլ հարիր չէ ցեղասպանության հարյուրամյակի շեմին մոտեցած պետությանը»,- նշեց նա։ Եզդիների ցեղասպանությունը, ըստ Սուլթանյանի, Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությանը զուգահեռ եւ այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են միջազգային ցեղասպանագիտական իրավական ձեւակերպումներին:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031