Հանրապետական շրջանակները, որ մինչեւ վերջերս վստահ քննարկում էին, թե սահմանադրական փոփոխություններից հետո, երբ երկրի կառավարման մոդելը փոխվի, Սերժ Սարգսյանը դառնալու է ԱԺ նախագահ, այժմ նույն վստահությունը չունեն։
Երեկ, սակայն, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով սահմանադրական փոփոխությունների շրջանակներում հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ, հայտարարեց, թե Սարգսյանն այդ հանդիպման ընթացքում ասել է, որ պատրաստվում է պաշտոնավարել մինչեւ իր ժամկետի ավարտը, այսինքն՝ 2018 թվականը։ Եւ ուրեմն՝ որտե՞ղ է հայտնվելու Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից հետո։ Երեկ մեզ հետ զրույցում, պատասխանելով սույն հարցին, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Շատ բան կարող է քննարկվի, քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է լինի իր հերթին, քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Ես պաշտոնապես կարող եմ ասել, որ նման հնարավորություն գործադիր մարմնի նիստում չի քննարկվել։ Առհասարակ, մենք ունենք գործող նախագահ, եւ կոռեկտ չէ այսօր, մինչեւ գործող նախագահի կառավարման ժամկետի ավարտը՝ մենք խոսենք ինչ-որ ապագա զարգացումներից, հատկապես՝ մի քանի տարի առաջ։ Բայց ես ձեզ մի բան կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը վայելում է իր կուսակիցների, մեծամասնության վստահությունը, Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, եւ եթե ինձ եք հարցնում, ես կասեմ, որ նա դեռ երկար ժամանակ լինելու է Հանրապետականի առաջնորդը։ Իսկ դուք ուրբաթը չեկած, շաբաթից եք հարց տալիս, ես պատրաստ չեմ այսօր ձեր հարցին պատասխանել։ Երբ կլինի սահմանադրական հանրաքվեն, ժողովուրդը կասի «այո», դրանից հետո, օրը կգա, բարին հետը։ Այսօր մեր օրակարգում նման հարց չկա»։ Հարցին՝ այդուամենայնիվ, հնարավոր համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետից շուտ հրաժարական տա, Շարմազանովը պատասխանեց. «Կոռեկտ չէ ձեր հարցը»:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում