Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ՌԴ կառավարությանն ու Կենտրոնական բանկին Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների կենտրոնական բանկերի հետ համատեղ մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը քննարկել ԵՏՄ միասնական արտարժույթի ստեղծման հարցը: Այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնցից կարևորագույնը՝ այս պահին նմանօրինակ նախաձեռնության նպատակահարմար լինել-չլինելն է:
Եթե օրինակ բերենք ԵՄ-ում եվրոյին անցումը, ապա կտեսնենք, որ եվրոպական երկրների տնտեսությունը տասնամյակներ շարունակ տևած ինտեգրացիայի արդյունքում միայն հասան այն մակարդակին, որ անցնեն միասնական արժույթին: Ընդ որում, անգամ այդ պարագայում դա անթերի չէր, ինչի վառ օրինակը Հունաստանի տնտեսության անկումն է: Հետևաբար զարմանալի չէ, որ ըստ ԵՏՄ անդամ երկրների նախնական պայմանավորվածության՝ միասնական արտարժույթի ստեղծումը պետք է հետաձգվեր 10 տարով՝ մինչև 2025 թվականը:
Անգամ տեխնիկական տեսանկյունից, միասնական արժույթի անցումը ենթադրում է, որ ԵՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի գործառույթների առյուծի բաժինը քայլ առ քայլ անցնելու է Եվրասիական Կենտրոնական Բանկին (որը յուրովի նմանակելու է Եվրոպական Կենտրոնական Բանկին): Իսկ նմանօրինակ գործընթացը առնվազն մի քանի տարի է տևում (եթե ոչ տասնամյակ):
Ուշագրավ է, որ միասնական արտարժույթի գաղափարի հիմնական ջատագովներից մեկի՝ Նուրսուլթան Նազարբաևի հայրենիքում այս միտքը վերջին օրերին ակտիվ քննադատության ալիք էր բարձրացրել: Ավելին՝ Լուկաշենկոն անցած հունվարին հայտարարել էր, որ իր նախագահության ընթացքում միասնական արտարժույթ ԵՏՄ-ում չի ընդունվելու: Ու հաշվի առնելով Լուկաշենկոյի «հավերժական» նախագահական ժամկետը՝ Բելառուսն, ըստ ամենայնի, դեռ երկար դեմ կլինի այդ գաղափարին:
Կարդացեք նաև
Անգամ ԵՏՄ չինովնիկներն են դեմ միասնական արտարժույթին հապշտապ անցմանը: Մասնավորապես ԵՏՄ ինտեգրացման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան մարտի 10-ին կոչ էր արել չշտապել միասնական արտարժույթի անցման գործում: Ըստ նրա՝ առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել միասնական շուկա և հետո միայն՝ միասնական արտարժույթ:
Եվ իսկապես, միասնական շուկա չունեցող, 2 ու կես ամիս գոյություն ունեցող մի տնտեսական կառույց, որին անդամակցող պետությունների տնտեսությունները դեռևս դրան միանալուց որևէ տնտեսական շահ չեն ստացել (այսպես օրինակ Հայաստանի արտաքին առևտրի ծավալը անցած 2 ամսում նվազել է 20 տոկոսով), չի կարող անգամ երազել մոտ ապագայում միասնական արտարժույթի մասին:
Միասնական արժույթն ունի նաև մեկ այլ խնդիր. ԵՏՄ լոկոմոտիվ Ռուսաստանն այժմ տնտեսական սղաճ է ապրում, ինչի արդյունքում սարսափելի արագությամբ անկում է ապրում նաև ռուբլին (տարեկան շուրջ 200 տոկոս):
Ուստի Ռուսաստանին այդ անցումը ձեռնտու է, քանի որ միասնական այդ արժույթը, ինչպես ասվեց, մյուս 3 երկրների հաշվին կլինի ավելի կայուն, քան ռուբլին: Սակայն այն ևս դատապարտված է լինելու անկման, քանի որ ԵՏՄ գումարային տնտեսությունը սղաճ է ապրում: Ուստի, եթե այժմ այլ պետություններում արտադրված ու ներմուծված ապրանքների համար շեշտակի գնաճը զգում են միայն Ռուսաստանի բնակիչները, ապա միասնական արժույթի դեպքում այն համարյա նույն ուժգնությամբ կհասնի նաև Հայաստան, Բելառուս ու Ղազախստան: Եվ հենց այդ պատճառով է, որ վերջին երկուսը այս փուլում դեմ են արտահայտվում միասնական արժույթի անցմանը (թեև, դեռ մի տարի առաջ կողմ էին այդ գաղափարին):
Ավելին՝ ԵՏՄ անդամ երկրներում էականորեն տարբերվում են մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափերը, ինչի արդյունքում միասնական արժույթի անցումը կարող է հանգեցնել «հունական սինդրոմին», երբ տնտեսությունը խորը ճգնաժամում է հայտնվում: Իսկ դա առաջին հերթին, հենց Հայաստանին է սպառնում (քանի որ մեր մոտ ԵՏՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող ամենացածր ՀՆԱ-ն է):
Այդ իսկ պատճառով, այս պահին քիչ հավանական է թվում արագ անցումը միասնական արտարժույթի, սակայն Պուտինի հանձնարարությունն, ըստ ամենայնի, կհանգեցնի միասնական ֆինանսական քաղաքականության մշակմանն ու առանձին պետությունների կենտրոնական բանկերի լիազորությունների նվազեցմանն ուղղված ճնշումներին, որպեսզի այս երեք երկրները էլ ավելի ուժեղ կախվածության մեջ լինեն ԵՏՄ կենտրոնական կառավարությունից: Ու թեև ԵՏՄ-ի գաղափարը որպես այդպիսին ենթադրում է միասնական ֆինանսական քաղաքականություն և առանձին պետությունների լիազորությունների նվազեցում, սակայն այդ գործընթացը պետք է բնական հունով ընթանա (մի քանի տարվա համատեղ տնտեսական գործունեություն, կայուն միասնական շուկա, մակրոտնտեսական համապատասխան գործընթացների հաջող ընթացք) և պետք է տնտեսապես շահավետ լինի բոլոր մասնակից-պետություններին:
Աննա Փամբուխչյան,
Հրայր Մանուկյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»