19 մարտի 2015թ., Լոս Անջելես: Ի հիշատակ ցեղասպանության 100-ամյակի, Bloodvine Media-ն Strongman-ի և mTuckman Media-ի հետ համատեղ, 2015թ. ապրիլի 17-ին հանդիսատեսի դատին կհանձնի «1915» ֆիլմը:
Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն են Կարին Հովհաննիսյանը («Գերդաստան ստվերաց» գրքի հեղինակ) և Ալեք Մուհիբյանը: Նկարահանող և դերասանական կազմը ներառում է այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպիսիք են գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Հովհաննիսյանը (ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար), Գրեմմի մրցանակակիր երգահան Սերժ Թանկյանը (System of a Down խմբից, որը շուտով կմեկնարկի ցեղասպանությանը նվիրված իր շրջագայությունը) և դերասաններ Սիմոն Աբգարյանը (Casino Royale) ու Անժելա Սարաֆյանը (Twilight):
«2015թ-ը ոչ միայն Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, այլ նաև մոռացված ցեղասպանությունների մի ամբողջ դարաշրջանի ավարտը, – նշեց Կարին Հովհաննիսյանը, – «1915»- ը ժխտման մասին է, թե ինչպես ենք մենք փորձում ազատվել պատմությունից, և ինչպես է պատմությունը մեզ հետապնդում: Այն նաև մեր իսկ անցյալի ուրվականների հետ առերեսվելու անհրաժեշտության մասին է»:
Սյուժե: Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունից ուղիղ 100 տարի անց մի խորհրդավոր ռեժիսոր Լոս Անջելես թատրոնում բեմադրում է ներկայացում՝ ի հիշատակ 1915-ի: Սակայն երբ ցուցարարները շրջապատում են թատրոնը և մի շարք տարօրինակ պատահարներ խուճապ են առաջացնում իր պրոդյուսերի (Ջիմ Փիդդոք) և դերասանների (Անժելա Սարաֆյան, Սեմ Փեյջ, Նիկոլայ Կինսկի) մոտ, պարզվում է, որ ռեժիսորի մտադրությունը չափազանց վտանգավոր է և անցյալի ուրվականներն ամենուր են:
Մամուլի հաղորդագրություն