Եթե նման բան տեղի ունենա, մենք դրանից չենք շահի
Միակ ձեւը, որով պատմական մոտ ապագայում կարող է իշխանություն փոխվել Ռուսաստանում, Հայաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում, պալատական հեղաշրջումն է: Սա էին վկայում Ռուսաստանի նախագահի հետ կապված վերջին 10 օրվա խոսակցությունները, ենթադրությունները, վերլուծությունները: Ըստ այդմ՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը հիվանդ է, մահացել է, իսլամ է ընդունել, մեկուսացվել է գեներալների կամ Կադիրովի կողմից, սպանվել է նրա թիկնազորի պետը եւ այլն: Երեկ պարզվեց, որ այդ ամենը, հավանաբար, սուտ է՝ ՌԴ նախագահը տեսախցիկների առջեւ հանդիպել է Ղրղըզստանի ղեկավար Աթամբաեւի հետ եւ հերքել բոլոր ասեկոսեները: Ճիշտ է, 10 օրվա բացակայության վերաբերյալ որեւէ բացատրություն չտրվեց:
Բայց այդ լուրերի տարածումն արդեն իսկ բնութագրում է Ռուսաստանը. Անգելա Մերկելի մասին նման ստերը ոչ մի սպառում չեն ունենա: Որովհետեւ դեմոկրատական երկրներում իշխանությունը հասարակության վերահսկողության տակ է, նրա գործողությունները չեն կարող թափանցիկ չլինել, խորհրդարանը, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, երկրի քաղաքացիներն իրենց ամբողջականության մեջ թույլ չեն տա մի կողմից՝ որ իրենցից բան թաքցնեն, մյուս կողմից՝ որ, ասենք, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա մարզի վարչապետը փորձի պաշտոնանկ անել Գերմանիայի կանցլերին: Պուտինի շուրջ ասեկոսեներ են տարածվում այն պատճառով, որ նման բաներ Ռուսաստանում միանգամայն հնարավոր են, եւ եթե այդ երկրում իշխանություն փոխվի, ապա դա տեղի կունենա կա՛մ հեղաշրջման միջոցով, կա՛մ էլ առաջնորդի մահվան արդյունքում: (Այդ առիթով հիշեցի, թե որքան էր հուզվում մեր՝ հայաստանյան հայտնի հաղորդավարներից մեկը, երբ 1982 թվականին պետք է կարդար Բրեժնեւի մահվան լուրը, բա որ հանկարծ առաջնորդն ինչ-որ կերպ «վերակենդանանա՞»):
Այս պատմությունը ցույց է տալիս նաեւ, թե որքան փխրուն է այն կայունությունը, որով պարծենում է Ռուսաստանի ներկայիս իշխանությունը: «Կայունությունը», որը հիմնված է բռնաճնշումների, իշխանությունների անօրինականությունների, կամայականությունների, կոռուպցիայի, ոչ թե ժողովրդի իրական կամարտահայտության վրա, կարող է միանգամից հօդս ցնդել հերթական «պուտչի» ժամանակ: Պուտինի 86 տոկոսանոց վարկանիշն էլ այստեղ որեւէ կերպ չի օգնի, որովհետեւ այդ վարկանիշն առաջացել է ոչ թե քաղաքացիների գիտակցական ընտրության, այլ «զոմբոարկղի» կողմից ուղեղների լվացման արդյունքում: Այսօր Պուտինին «սիրում են» Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում պատերազմ վարելու համար, վաղը հեղաշրջում արած որեւէ գեներալ, ենթադրենք, կարող է ասել, որ դա ճակատագրական սխալ էր, եւ ժողովուրդը «կսիրի» այդ գեներալին: «Հակամայդանի» տիպի միջոցառումները նույնպես որեւէ բան չեն ասում ժողովրդական տրամադրությունների մասին՝ պարտադրանքով կամ փողով հանրահավաքների բերված մարդիկ ոչ մի բան չեն որոշում: Վճարովի «համաժողովրդական շարժումների» անդամները սովորաբար «իրենց չեն ճղում» նեղության մեջ ընկած առաջնորդին պաշտպանելու համար:
Կարդացեք նաև
Մեզ՝ հայաստանցիներիս համար, իհարկե, կարեւոր է հասկանալ՝ մեր երկրին օգո՞ւտ է բերելու նման՝ տեսականորեն հնարավոր իշխանափոխությունը, թե՞ վնաս: Երկրորդ պատասխանն ինձ համար ակնհայտ է: Ցանկացած անկայունություն Ռուսաստանում բացասաբար է անդրադառնալու թե՛ այնտեղ ապրող եւ Հայաստանում իրենց ընտանիքներին կերակրող մեր հայրենակիցների, թե՛ մեր պաշտպանունակության վրա: Բացի այդ, բացառված է, որ պալատական կամ ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկած մարդիկ ավելի «առաջադեմ» լինեն, քան Պուտինը. շատ ավելի հավանական է, որ նրանք կլինեն շատ ավելի կարծր ռեժիմի կողմնակիցներ, կդավանեն շատ ավելի ազգայնական գաղափարներ եւ կվարեն շատ ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն: Այնպես որ՝ «հեղաշրջողների» կողմից որեւէ լավ բան սպասելն անիմաստ է:
Մենք շահելու ենք այն դեպքում, եթե Ռուսաստանում ընտրությունների միջոցով իշխանության գան եվրոպական արժեքներ դավանող մարդիկ, որոնք կփորձեն մեր բարեկամ երկիրը դարձնել ժամանակակից եվրոպական պետություն: Խիստ կասկածում եմ, որ իմ կյանքի օրոք նման բան տեղի ունենա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2015
Եվրոպացիք իրանց «արժեքների» «ձեռքը» կրակն են ընկել- դուք էլ սիրահարվել եք էտ իրա «դարը» ապրած եվրոպական արժեքներին——-ԲԱ ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՈՒՐ ԵՆ???????????????
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում և Խորհրդարանում նստած են…
Ճիշտ էս գրել —բայց սրանք ժողովրդի ներկայացուցիչներն են -այսինքն դուրս են եկել ժողովրդի միջից ու կրում են ու ներկայացնում են ժողովրդի «բարոյականությունը»……
Այդ լուրերը բնութագրում են ոչ թե Ռուսաստանը, այլ այն վախն ու խուճապը, որի մեջ ջղաձգվում են նրա հակառակորդները…))))))
Եթե ավելի ուշադիր լինեք, կտեսնեք որ այդ հույսը փայփայում և լուրերը տարածում են ոչ թե Ռուսաստանի հանրային կարծիքը ներկայացնող կենտրոնները, այլ լավ էլ գիտեք թե ովքեր))))