Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրանեսթում Ադրբեջանի «էկզոտիկ» պատվիրակության քայլը բացասական արձագանք է ստացել

Մարտ 19,2015 15:30

Եվրոպայի խորհրդարանում Ադրբեջանին
չի հաջողվում «փաթեթով պատգամավորներ» գնել

Այս օրերին Երեւանում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որին չի մասնակցում Ադրբեջանի պատվիրակությունը: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց թե՛ հանձնաժողովներում՝ քննարկումների ժամանակ, թե՛ լիագումար նիստում:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես զարմանում եմ, որ զարմացած են Ադրբեջանի պահվածքից, որովհետեւ երկու տարի առաջ Ադրբեջանն արդեն հայտարարել էր, որ ինքը Երեւանում Եվրանեսթի նիստին չի մասնակցելու: Եվ ինձ համար անհասկանալի էր, որ վերջերս հայկական մամուլում տեղեկատվության հանդիպեցի, թե իրենք պետք է գան: Դեռ երկու տարի առաջ իրենք ասել էին: Իրենք մի հատ էկզոտիկ պատվիրակության ղեկավար ունեն՝ Էլհան Սուլեյմանովը: Այդ Էլհանն ամենուր բոլոր հարթակներում երկու տարի անընդմեջ հայտարարում էր, որ իրենք ոչ մի դեպքում չեն մասնակցելու: Դա Ադրբեջանի մշտական դիրքորոշումն է: Ադրբեջանը միջազգային որեւէ կառույցում չի կարող շահել: Ադրբեջանը միայն մի բան է կարողանում անել՝ փորձել միջազգային կառույցներում գնել պատգամավորներ, գնել լոբբիստներ, ինչը որոշ միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդում, ցավոք, նրանց հաջողվել է: Եվրոպական պառլամենտում առ այս պահը Ադրբեջանին չի հաջողվում փաթեթով գնել պատգամավորներ, լոբբիստներ, բայց մեծ հաշվով Ադրբեջանը, որպես պետություն, պարտված է, որովհետեւ չի կարող պարտված չլինել պետություն, որտեղ լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները տասնյակներով են ձերբակալվում՝ ընդամենը կիսակարծիք դիրքորոշում հայտնելու համար: Այնպես որ՝ մեծ հաշվով, որպես պետություն 21-րդ դարում, Ադրբեջանը միշտ պարտված է լինելու՝ անկախ նրանից, թե միջազգային որ կառույցում փաթեթով կշարունակի մի քանի ծախված եվրոպացի պատգամավոր, չինովնիկ, լոբբիստ ու փորձագետ գնել»:

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ ակնհայտ է, որ մենք ավելի ուժեղ ենք, քան Ադրբեջանի պատվիրակությունը եւ իրենց դիրքորոշումը. «Դա բացասական արձագանք է ստանում նաեւ միջազգային հարթակում: Պատահական չէ, որ նրանց առաջարկները արժանանում են բացասական գնահատականի նաեւ մեր այլ գործընկերների կողմից»:

Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ միշտ չմասնակցողն է պարտվում. «Ադրբեջանը չկար, եւ հետեւաբար դա արձանագրվում է որպես վերաբերմունք կառույցի նկատմամբ: Ադրբեջանի ձայնն այս կառույցում աստիճանաբար դառնում է ավելի անլուրջ եւ վստահություն, հավատ չներշնչող: Որովհետեւ Ադրբեջանը պայմանավորվածություն էր ձեռք բերել բոլորի հետ, ոչ թե Հայաստանի հետ: Որպես պատվիրակության ղեկավար՝ ես պայմանավորվածության հարցը թողել էի Եվրանեսթի բյուրոյին, եւ բյուրոն էր Ադրբեջանի «այո»-ն ստացել՝ մասնակցելու: Հետո նույն Ադրբեջանը բյուրոյին փաստորեն խաբեց կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի խոսքերով՝ դա Ադրբեջանի մշտական կեցվածքն է. «Ինձ չի թվում, որ իրենք որեւէ բանից մտավախության խնդիր ունեին: Շատ լավ էլ պատկերացնում էին, որ եթե գային մասնակցեին, անվտանգության բոլոր համակարգերը կաշխատեին, եւ իրենք որեւէ խնդիր չէին ունենա: Նրանք փորձում են աշխարհին ասել, որ կապ չունի, թե մենք կարող ենք գալ ձեզ հետ քաղաքական պայմանավորվածության, բայց երբ հարկ եղավ՝ կարող ենք դրժել, դուք մեզանից կախվածություն ունեք: Ինձ թվում է՝ դրանով ավելի շատ իրենց են վնաս տալիս, եվրոպական գործընկերները ավելի շատ պետք է գիտակցեն՝ ինչպիսինն է Ադրբեջանի վարքագիծը: Դրա հետեւանքները, հուսով եմ, կլինեն հետագայում՝ համապատասխան զեկույցներով եւ Ադրբեջանի մասին հայտնած կարծիքներով: Ամեն երկիր ազատ է ընտրելու իր քաղաքականությունը: Դա են ընտրել, հուսով եմ՝ համարժեք պատասխաններ կստանան: Իսկ Հայաստանն իր շահերով պետք է առաջնորդվի՝ չնայելով Ադրբեջանի գալ-չգալուն»:

Եվրանեսթի լիագումար նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին, ասաց, որ խնդրի լուծման բանալին Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում չէ: Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանն ուզում է, որ այդ երկրները ձեռնպա՞հ մնան ԼՂ խնդրի կարգավորման հարցում մասնակցություն ունենալուց եւ թողնել դա միայն Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի՞ վրա, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ համանախագահներն էլ են բազմիցս ասել, որ կողմերը պետք է խնդիրը լուծեն. «Նախագահն էլ այդ համոզմունքը հայտնեց, որ այո՛, Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունները պետք է կարողանան խնդրին լուծում տալ, համաձայնվեն այդ լուծումների հետ: Դրա համար վստահության եւ կառուցողական մթնոլորտ է պետք, պատրաստակամություն է պետք: Ադրբեջանցիները թող գային այստեղ եւ պրոբլեմը ցույց տային, ինչպես որ մենք էինք Բաքվում պրոբլեմը ցույց տալիս: Մենք հո չէի՞նք գնացել Բաքվում Ադրբեջանի համար հաճելի խոսքեր ասելու: Բնականաբար, իրենք էլ չէին գալու այստեղ մեզ համար հաճելի խոսք ասելու: Այնպես որ՝ մեկուսացվածությունը եւ մերժողականությունը, ինչպես տեսաք, նաեւ բացասական արձագանք է ստանում: Դեռ շատերը հրապարակայնորեն չեն արտահայտվում, բայց բոլորի մոտ անխտիր բացասական վերաբերմունք կա Ադրբեջանի պատվիրակության գործողությունների նկատմամբ, նույնիսկ նրանց, ովքեր պաշտպանում էին Ադրբեջանի շահերը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031