Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ օրակարգում ԵԺԿ-ին անդամակցության ծրագիր չկա

Մարտ 19,2015 15:00

ԲՀԿ-ն եվրոպացիներին հյուրընկալել էր Լյովա Խաչատրյանի առանձնատանը
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի շրջանակներում երեկ առավոտյան կայացել է խորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումները եվրոպական գործընկեր կուսակցությունների հետ: Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքին պետք է հյուրընկալեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ նախնական ծրագրի՝ ԲՀԿ-ն եվրոպացի գործընկերներին պետք է հյուրընկալեր Իսակովի-9 հասցեում, այսինքն՝ կուսակցության արդեն նախկին գրասենյակում: ԲՀԿ գրասենյակն այլեւս Հանրապետության-47 հասցեում է, որտեղ այժմ վերանորոգում է ընթանում: ԲՀԿ-ի եւ Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը, այնուհանդերձ, կայացել է:

«Առավոտի» հարցին՝ որտե՞ղ է կայացել ի վերջո այդ հանդիպումը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Երեկվանից ողջ հայաստանյան մամուլին հետաքրքրում էր մեկ թեմա՝ որտե՞ղ է ԲՀԿ-ն հյուրընկալելու Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի գործընկերներին: Ես, իհարկե, անչափ շնորհակալ եմ նման հոգատարության եւ անհանգստության համար, բայց պիտի ասեմ, որ այդ անհանգստությունը խիստ չափազանցված էր»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք նպատակ են ունեցել հանդիպումն անցկացնել «Կոնգրես» հյուրանոցի աշխատանքային սրահներից մեկում, բայց եվրոպացի գործընկերների առաջարկով այն տեղի է ունեցել քաղաքից դուրս: «Մենք չորս ժամ ժամանակ ունեինք, Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի մեր գործընկերներն իրենք առաջարկեցին հանդիպումն անցկացնել Երեւանից դուրս: Հանդիպումն անցկացրեցինք մեր պատգամավորներից մեկի առանձնատանը: Մենք շատ հետաքրքիր տարբերակ ընտրեցինք. եղավ աշխատանքային հանդիպում, դրան հաջորդեց լանչ: Հատուկ աշխատասենյակ տրամադրվեց՝ ԲՀԿ-ի եւ Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի միջեւ երկու ժամ տեւած աշխատանքային նիստում քննարկվեցին առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագրերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ի եվրոպացի գործընկերները շատ գոհ են մնացել, քանզի, ինչպես իրենք են փաստել, կարողացել են համատեղել հաճելին եւ օգտակարը:

Հանդիպումն անցկացվել է ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Ապարանում գտնվող առանձնատանը: Հատուկ այդ հանդիպման համար պատվիրված են եղել գրիչներ եւ բլոկնոտներ՝ ԲՀԿ-ի եւ Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի խորհրդանշանները:

2012 թվականի փետրվարին ՀՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ն անդամակցեցին Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, մինչդեռ եվրոպական ամենամեծ կուսակցությանն անդամության հայտ էին ներկայացրել խորհրդարանական չորս կուսակցությունները, նաեւ՝ ԲՀԿ-ն: ԲՀԿ-ի անդամակցությունը ԵԺԿ-ին մերժվեց: Շրջանառվող վարկածներից մեկն էլ այն էր, որ ԵԺԿ-ում ընդունված կարգի համաձայն՝ կառույցին անդամակցող կուսակցության նախագահները պետք է ռոտացիոն կարգով ընտրվեն: ԲՀԿ-ն, սակայն, ստեղծման օրից ղեկավարել էր մեկ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանը: Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այժմ, երբ ԲՀԿ նախագահը փոխվել է, ԲՀԿ-ն կրկին ցանկանա անդամակցել ԵԺԿ-ին: «Բացարձակ սխալ տեղեկատվություն է, որ դա կապված էր կուսակցության ղեկավարի անձի հետ: Դա այլ պատմություն է, որի մանրամասները հիմա չեմ ցանկանում հրապարակել: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր եւ ինչպես խոչընդոտեցին մեր անդամակցությանը ԵԺԿ-ին: Մենք բացարձակապես չենք ափսոսում, որ այդ համագործակցությունը տեղի չունեցավ: Մենք համարում ենք, որ Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների ընտանիքը Եվրոպայի ամենաառանցքային միավորներից մեկն է, նաեւ՝ մեծ հեռանկար ունեցող: Մենք շատ լուրջ համագործակցության ծրագրեր ունենք դաշինքի հետ: Առաջիկայում այդ ծրագրերից մեկի մասին մենք առավել մանրամասն եւ հանգամանալից կտեղեկացնենք»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի՝ ԵԺԿ-ի անդամակցության մերժման պատճառներից մեկն էլ, ըստ այն ժամանակ շրջանառվող վարկածների, այն էր, որ ՀՀԿ ներկայացուցիչները նամակներ էին գրել ԵԺԿ քարտուղարությանը, որտեղ մանրամասնորեն ներկայացրել էին ԲՀԿ նախագահի, հետեւաբար նաեւ կուսակցության առնչություններն ու համագործակցությունները Բելառուսի հետ՝ ի դեմս այդ երկրի նախագահի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031