Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է հասկացել Հայաստանի իշխանությունը

Մարտ 19,2015 14:30

«Փաստը, որ այսքան մեծ թվով եվրապառլամենտի պատգամավորներ, ԵՄ Արեւելյան գործընկերության չորս երկրների ներկայացուցիչներ, մեծ թվով տարբեր ոլորտների փորձագետներ եկան Հայաստան, ու քննարկվող թեմաներից մեկն էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններն են, արդեն դրական է»,- «Առավոտի» հետ զրույցում, վերլուծելով այս օրերին Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները՝ մայիսի կեսերին Ռիգայում կայանալիք ԵՄ հերթական գագաթնաժողովին ընդառաջ, ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը նման միջոցառման անցկացումն առավելապես հիմա է կարեւորում, երբ Հայաստանը փաստացի արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մեր զրուցակիցը համոզված է եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի նիստում առաջարկել է, որպեսզի եվրոպացի գործընկերները սկսեն իրականացնել անցյալ տարի Վիլնյուսի գագաթնաժողովում Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ կնքված Ասոցացման համաձայնագրերը: «Դա շատ կարեւոր է ոչ միայն այդ երկրների համար, այլ նաեւ այն, որոնք դեռ չեն ստորագրել համաձայնագրերը: Գիտեք, դեմոկրատիայի եւ այլնի մասին կարելի է շատ խոսել, բայց եթե դու կոնկրետ ծրագրեր չես իրականացնում, կոնկրետ քայլեր չես անում, մանավանդ ՌԴ-ի քայլերի ֆոնին՝ զորք է մտցնում այդ երկիր, հանցագործություն է: Եվրոպացի պատգամավորներին ես կոչ եմ անում Բրյուսելում ճնշել եվրապատվիրակությանը, իրենց կառավարություններին, որպեսզի ծրագրերն իրականություն դառնան: Մարդիկ պետք է տեսնեն, որ դրանք զուտ խոսքեր չեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, մեր զրուցակիցը կասկածում է, որ կողմերը կհասցնեն որեւէ համաձայնագրի վերջնական տեքստ մշակել: Խնդիրը նա համարում է ժամանակը: Մինչդեռ նախօրեին ՀՀ արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը վեհաժողովի քաղաքական նիստում հայտարարեց, որ կողմերը Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի մշակման վերջնական փուլում են: Ստեփան Գրիգորյանը Ռիգայում ավելի իրատեսական է համարում հայտարարությամբ հանդես գալը. «Օրինակ՝ այն ոլորտները, որոնք ընդգրկված էին ԵՄ Ասոցացման համաձայնագրում՝ արդարադատության, մարդու իրավունքների, կառավարման, ՏԻՄ, ընտրական համակարգերի ոլորտների ռեֆորմներ եւ այլն, հայտարարել, որ պատրաստակամ են հետագա համագործակցության»: Քաղաքագետը Եվրոպայի հետ «քաղաքական երկխոսության» պահպանումը կարեւոր է համարում, քանզի համոզված է՝ Եվրասիական միությունը Հայաստանին ոչինչ չի տա, ու դա արդեն ակնհայտ է դառնում: «Ինչի՞ են ՀՀ իշխանություններն այդքան խոսում Եվրոպայից, վերջին շրջանում մասնակցում Եվրոպայի հետ բոլոր միջոցառումներին, քանի որ Եվրասիական միությունը չի աշխատում ու այս երկուսուկես ամիսների ընթացքում այնքան վնաս հասցրեց, որ դժվար է ասել, թե էլ ի՞նչը, բացի կոռուպցիայից, այդքան վնաս կտար Հայաստանին: Եվրասիական միության ինստիտուտներն ու գործիքակազմն աշխատող չեն, ու Եվրոպայից ապրանքների ներկրման իրավունքի սահմանափակումն արդեն իսկ բավական խփել է հայաստանյան բիզնեսին՝ սկսած դեղերից մինչեւ բուժսարքավորումներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Եվրասիական միությունից ակնկալվող դրական արդյունքներն էլ արդեն չեն լինի, քանզի ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցները դեռ պարզ չէ՝ ինչքան կշարունակվեն: Ստեփան Գրիգորյանը վերջին շրջանի իրադարձություններից եկել է այն եզրակացության, որ Հայաստանի իշխանությունը հասկանում է Եվրոպայի հետ քաղաքական երկխոսության պահպանման անհրաժեշտությունը: Իսկ տնտեսական հարաբերությունները կկարգավորվեն ժամանակի ընթացքում:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Երեկ Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում 33 կողմ, 4 դեմ ձայներով ընդունվեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ առաջարկված բանաձեւը: Բանաձեւին դեմ էր արտահայտվել ուկրաինական պատվիրակությունը՝ ի պատասխան «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձեւի՝ հայաստանյան պատվիրակության ոչ միանշանակ դիրքորոշման: «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձեւն ընդունվեց 38 կողմ, 9 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների մանրամասներին ծանոթացեք www.aravot.am կայքում:

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031