Վրացիներն իրենց երկիրը, մշակույթն ու ազգային խոհանոցն օտարերկրացիներին ներկայացնելու իսկական վարպետ են: Յուրաքանչյուր վրացի այնպիսի ջանասիրությամբ, հպարտությամբ ու գունեղ է գովազդում իր երկիրը, հատկապես՝ թիֆլիսցիները, որ դժվար թե նրանք գովաբանելու, կարելի է ասել, բնատուր վարպետությանը տիրապետելով՝ «տանը մնացած աղջիկ» ունենան:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը մի քանի երկրներից լրագրողների մեծ խմբերի էր հրավիրել շրջագայության: Թբիլիսիում, ի տարբերություն Երեւանի, խնամքով պահպանվել ու վերանորոգվել են հին շենքերը: Քուռ գետի երկու ափերին փռված Հին Թբիլիսիում, որ կոչվում է նաեւ Հին քաղաք, պահպանվել է նույնքան տարածքով, որքան այն կազմել է 7-րդ դարում: Այստեղ 21-րդ դարի մասին հիշեցնում են միայն ժամանակակից ավտոմեքենաները:
7-րդ դարում կառուցված Մեթեխի վանքն է.
Թբիլիսիի միայն կենտրոնում շուրջ հնադարյան 13 եկեղեցի կա:
Կարդացեք նաև
Թուրքական բաղնիքն է Թբիլիսիի կենտրոնում. վրացիները կատակով ասում են, որ իրենք ամենահին խաղամոլներն են, ու չնայած ներկայումս ոչ մայրաքաղաքում, ոչ էլ Թբիլիսիի մերձակայքում խաղատներ չեն հանդիպում, ինչպես որ Հայաստանում է, բայց նախկինում հենց այս բաղնիքում էին «զառ» խաղում: Բուժիչ ջրերով այս բաղնիքում էին նաեւ հարսնացուներ ընտրում:
Թբիլիսիի բարձունքներից մեկում Մայր Վրաստան հուշարձանն է՝ ոտքերի տակ խիտ անտառը. թբիլիսցիների՝ ամռանը զովանալու սիրելի վայրը: Հիմա մի պահ պատկերացրեք Մայր Հայաստանի ոտքերի տակ ինչ է փռված. շինհրապարակ, նորակառույցներ ու ոչ մի ծառ:
Թզենու քարանձավ կոչվող վայրում հիմա ոչ մի թզենի չի մնացել, փոխարենը գեղեցիկ ջրվեժն է պահպանվել. ժայռի վրա կառուցված հին շենքերի բնակիչներին վթարայնության պատճառով Վրաստանի կառավարությունը փորձել է տեղահանել՝ բավականին «հարուստ» փոխհատուցմամբ, բայց բնակիչները հաղթել են կառավարությանը, որն ամրացրել է շենքերը, ու հիմա մարդիկ հանգիստ ապրում են: Այ, եթե Հայաստանի կառավարությունը լիներ, անգամ արյուն թափելով բնակիչներին կվտարեր այդ շենքերից:
Թեեւ Վրաստանի կառավարությունն արգելել է Հին Թբիլիսիի բնակիչներին լվացքը դրսում՝ պարանների վրա կախել, նույնիսկ տուգանք է սահմանել, բայց իսկական վրացի տնային տնտեսուհիները չեն ենթարկվում: «Էլ ինչ տանտիկին, եթե լվացքդ արեւին ու քամուն չտաս»՝ ասում են այդ թաղամասի կանայք:
«Մեյդան» կոչվող այս գետնանցումը Վրաստանի կառավարությունը վերանորոգել է ու վրացական ապրանքների վաճառքի գեղեցիկ սրահ է կառուցել. տաղավարներն էլ անվճար են. զբոսաշրջիկները պարտադիր այցելում են ու առեւտուր անում:
Հին Թբիլիսիում հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին վերանորոգվում է. վրացուհի էքսկուրսավարը լրագրողների խմբին այն չներկայացրեց, միայն ասաց, որ հայկական է:
Վրաստանի մայրաքաղաքի հատկապես կենտրոնական մասում մուրացիկներ շատ կան. Հին Թիֆլիսում անչափահաս մուրացիկներն ու ցիգանները զբոսաշրջիկների «պոչից» բռնում են ու բաց չեն թողնում մինչեւ մի քանի «կոպեկ» չպոկեն, կանիծեն՝ եթե գումար չտաք:
Թբիլիսցիների հպարտությունն է Շարդենի փողոցը, այստեղ պահպանվել են «ժանյակավոր» պատշգամբներով շենքերն ու հրեշտակով, մարդկային կյանքը րոպեների ընթացքում պատմող տիկնիկների փոքրիկ բեմադրությամբ Գաբրիաձեի ժամացույցը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Թբիլիսի-Երեւան
«Առավոտ» օրաթերթ
18.03.2015