Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած դատախազության ճնշումներին՝ 6 կարեւոր հարց առաջադրվեց լրացուցիչ փորձաքննության փորձագետներին

Մարտ 19,2015 13:30

Արդեն երկու տարի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի, Արեն եւ Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության եւ խմբակային խուլիգանության հոդվածներով քրեական գործի դատաքննությամբ ապացուցվեց, որ հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում՝ այն էլ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ:

Այդ հանգամանքը հաստատվել է նաեւ գործում առկա երկու դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից առաջինով, ըստ որի՝ տուժողի մահը վրա է հասել մեկ հարվածի հետեւանքով: Իսկ դատաբժշկական հանձնաժողովը երկրորդ եզրակացությամբ բացառել է մահվան առաջացումը մեկ հարվածից կամ մեկ ներգործությունից՝ նշելով, որ տուժողի մարմնի վրա հարվածները բազմակի են եղել՝ նման հետեւության հանգելով բացառապես անորակ, ոչ մասնագետի կողմից արված եւ անհայտ ծագման լուսանկարներով, որոնք, անհասկանալի է ընդհանրապես, ինչպես են հայտնվել փորձագետների մոտ:

Գործում առկա այս երկու՝ դատաբժշկական եւ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից բացի՝ դատարանի՝ անցյալ տարվա նոյեմբերի որոշմամբ նշանակվել է լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Չնայած մեղադրողի միջնորդությանը՝ դատարանը մերժել էր այս փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկել երկրորդ՝ հանձնաժողովային փորձաքննությունն իրականացրած՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ՝ Ա. Հովսեփյանին, Հ. Չախոյանին եւ Խ. Ստեփանյանին՝ հաշվի առնելով նրանց միջեւ առկա տարաձայնությունները, նաեւ պաշտպանական կողմի մտահոգությունները՝ այս փորձաքննության կատարումից նրանց անպայման զերծ պահելու վերաբերյալ:

Դատարանի որոշումն ուղեկցական գրությամբ ուղարկվել էր առողջապահության նախարարին, որն էլ իր հրամանով հաստատել էր լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմը՝ անկախ փորձագետներ Գ. Հարությունյանի, Ռ. Ֆանարջյանի եւ Մ. Եղունյանի մասնակցությամբ: Վերջիններս դատարանի որոշմամբ ճանաչվել էին փորձագետներ, որոնց վերաբերյալ բացարկ չէին հայտնել նաեւ մեղադրող դատախազները: Եվ մինչ կողմերն սպասում են փորձաքննության կատարմանը, դատախազությունն ապօրինաբար միջամտեց դատարանի գործունեությանը: ՀՀ դատախազի տեղակալի միջնորդագրի հիման վրա, լրացում կատարելով առողջապահության նախարարի՝ փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին արդեն կայացրած հրամանի մեջ, վերը նշված փորձագետները՝ Ա. Հովսեփյանը, Հ. Չախոյանն ու Խ. Ստեփանյանը, որոնց մասնակցությունն արգելվել էր դատարանի որոշմամբ, դարձյալ ընդգրկվեցին փորձաքննության հանձնաժողովի կազմում: Ամբաստանյալների պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկ հայտնեց դատարանի որոշման պահանջների ակնհայտ խախտումով, գլխավոր դատախազի տեղակալի ապօրինի միջնորդությամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկված փորձագետներ Ա. Հովսեփյանին, Հ. Չախոյանին եւ Խ. Ստեփանյանին:

Դատավոր Նարինե Հովակիմյանն ընդունեց բացարկը, սակայն առիթն օգտագործելով՝ մեղադրող դատախազը նոր միջնորդություն արեց՝ փորձագիտական խմբի կազմում ընդգրկել նույն՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի երկու այլ փորձագետների` Ս. Օլեյանին եւ Կ. Մխիթարյանին: Պաշտպանական կողմն առարկեց այս միջնորդության դեմ՝ ՀՀ համապատասխան օրենքներով հիմնավորելով առարկությունը եւ փաստելով, որ մեղադրանքի կողմն ամեն գնով ջանում է նշված ՊՈԱԿ-ից փորձագետ «խցկել» հանձնաժողովի կազմում, որ կարողանա «պահել» իր նախկին եզրակացությունը: Բայց դատավորը մերժեց առարկությունը՝ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին իր կայացրած որոշումից 4 ամիս անց նոր կազմ նշանակելով եւ փորձագետ ճանաչելով դատախազության նշված երկու թեկնածուներին:

Դատավորի այս որոշումը պաշտպանական կողմի մոտ կասկածի տեղիք տվեց նրա անաչառության եւ օբյեկտիվության վերաբերյալ, եւ պաշտպանները ժամանակ խնդրեցին նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Շարունակվող դատական նիստում, սակայն, նրանք հրաժարվեցին իրենց այդ որոշումից՝ քննարկելով հնարավոր բացասական հետեւանքները. քանի որ այն բավարարվելու եւ մեկ այլ դատավոր ներգրավվելու դեպքում գործի դատաքննությունը կվերսկսվի եւ դարձյալ ամիսներ ու տարիներ կտեւի, ակնկալիք էլ չկա, որ նոր ներգրավված դատավորն ավելի օբյեկտիվ կլինի, քան նախագահողը:

Ավելորդ համարեցին նաեւ նորից բացարկ հայտնել նշված ՊՈԱԿ-ի փորձագետներին՝ ասելով, որ դատավորն այն, միեւնույն է, մերժելու է, քանի որ իր որոշմամբ արդեն ընդգրկել է նրանց հանձնաժողովի կազմում, բայց շարունակեցին պնդել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի որեւէ մասնագետ չի կարող որպես անկախ փորձագետ մասնակցել առաջիկա փորձաքննությանը, քանի որ այդ կազմակերպության անմիջական ղեկավարն այս գործով արդեն կազմել է մեկ անհիմն, չպատճառաբանված եւ, նրանց խոսքով, կեղծ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն: Փոխարենը պաշտպանները միջնորդեցին դատարանին՝ դատախազության ներկայացրած 6 նոր հարցից բացի՝ լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննությանը եւս 6 հարց առաջադրել իրենց կողմից՝ հավասարությունը չխախտելու սկզբունքով: Պաշտպանների խոսքով՝ սրանք այն հարցերն են, որոնց լուծումն անհրաժեշտ է գործով օբյեկտիվ եզրակացության հանգելու համար: 1. Կոնկրետ ինչպիսի՞ն է այն մարմնական վնասվածքների տեղակայումը, բնույթը (եզրերի արտահայտվածություն, գունավորում, ուղղություն, խորություն եւ այլ հատկանիշներ), չափերը, առաջացման մեխանիզմը, վաղեմությունը, առանձին վերցրած դրանց ծանրության աստիճանը, որոնք թվարկված են երկրորդ դատաբժշկական եզրակացության միայն հետեւություններում եւ բացակայում են դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննության արձանագրություններում, դիակի դատաբժշկական փորձաքննության սկզբնական եզրակացության մեջ: Այսինքն՝ կա երկու եզրակացություն, որոնցից երկրորդում նկարագրված են ավել մարմնական վնասվածքներ, որոնք չկան սկզբնական եզրակացությունում եւ արձանագրություններում, երկրորդում էլ՝ հետազոտական մասում չկան, հայտնվել են միայն հետեւություններում եւ ընդամենը թվարկվել, որեւէ նկարագիր չկա:

Այժմ անկախ փորձագետներից խնդրում են բացատրել՝ որո՞նք են այդ լրացուցիչ մարմնական վնասվածքների հատկանիշները, ինչի՞ հիման վրա եւ ի՞նչ մեթոդիկայով են որոշվել դրանց առկայությունը եւ վերը նշված մյուս հանգամանքները: 2. Երկրորդ եզրակացության հետեւություններում նկարագրված են գլխուղեղի զույգ կիսագնդերի՝ առավելապես ճակատաքունքածոծրակային բլթերի շրջաններում, ենթաթաղանթային տարածությունների նաեւ հիմնային մակերեսների տարածուն արյունազեղումներ եւ արյունահավաքներ. արդյոք այդ հետեւությունները համապատասխանո՞ւմ են կամ չե՞ն հակասում նույն հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարված՝ գլխուղեղի հյուսվածքի դատահյուսվածաքաբանական ուսումնասիրության արդյունքներին, որտեղ նշված է գլխուղեղի թաղանթների թարմ արյունազեղումներ, ուղեղանյութի գերարյունություն, այսինքն՝ արյունահավաքներ՝ լաբորատոր հետազոտությամբ չեն հայտնաբերվել: Համապատասխանո՞ւմ է նրանց հետեւությունն իրենց լաբորատոր հետազոտությանը, թե՞ ոչ:

Եվ միաժամանակ՝ գլխուղեղի հյուսվածքի դատահյուսվածքաբանական ուսումնասիրությամբ հայտնաբերված փոփոխությունները համապատասխանո՞ւմ են, արդյոք, սկզբնական եզրակացության նկարագրին, որովհետեւ այդ փոփոխությունները նկարագրված են նաեւ առաջին եզրակացությունում: Լրացուցիչ հանձնաժողովը պետք է պատասխանի՝ դատահյուսվածքաբանականի արդյունքները երկու եզրակացություններից որի՞ հետեւությանն են համապատասխանում: Քանի որ այս հարցի պարզաբանումը կարեւոր նշանակություն ունի գործի համար, սրանով է որոշվելու՝ ուղեղին վնասվածք պատճառվել է, թե ոչ, միջնորդեցին հանձնաժողովի կազմում ընդգրկել նեղ մասնագետի՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պաթոլոգաանատոմ Նելլի Խոստիկյանին եւ նրան ճանաչել որպես փորձագետ: 3. Շարբաթյանի դեմքի առաջային հատվածում՝ աչքերի շրջանում, առկա վնասվածքները ակնոցի համախտանի՞շ են, թե՞ ոչ, կարո՞ղ էին առաջանալ մեկ ներգործության արդյունքում, քանի որ դատարանում հարցաքննված՝ առաջին եզրակացությունը կազմած փորձագետները նշեցին, որ միանշանակ այդ համախտանիշն է, երկրորդ եզրակացության փորձագետները բացառեցին: Այդ հարցն էլ պարզաբանված չէ: 4. Երկրորդ եզրակացության հետեւություններում նշված՝ արյունազեղված հատվածները կամ արյունահավաքները, որոնք նկարագրված չեն առաջին եզրակացությունում, հնարավո՞ր է արյունոտված տեղամասեր լինեն, թե՞ ոչ, քանի որ երկրորդ փորձագետը, նկարներ մատնանշելով, ասաց, որ արյունազեղումներ, արյունահավաքներ են, առաջինն ասաց՝ արյուն է, որ լվանալով՝ կմաքրվի: Ուստի՝ հնարավո՞ր է փորձագետի նշած արյունահավաքները լինեն ընդամենը արյունոտված տեղամասեր: 5. Համաձայն երկրորդ եզրակացության՝ վնասող ուժերը Շարբաթյանի գանգի նկատմամբ ունեցել են՝ գլխի քիմային վնասվածքների դեպքում առջեւից հետ ուղղություններ, որոշները՝ ձախից աջ:

Դատարանում փորձագետին ուղղված հարցին՝ այդ որոշները որո՞նք են, չպատասխանեց: Թող անկախ փորձագետները որոշեն՝ այդ ո՞ր որոշներն են, որ աջ ուղղություն ունեն: Փորձագետը սրանով ցանկանում էր ասել՝ որ ներգործությունը տարբեր կողմերից է եղել, բայց չկարողացավ կոնկրետացնել՝ որն է աջից ներգործվել, որը՝ ձախից, այլ վերացական նշեց՝ «որոշները»: 6. Համաձայն երկրորդ եզրակացության հետեւությունների՝ չի բացառվում որոշ վնասվածքների պատճառման հնարավորությունը կոշիկով ոտքի հարվածներից. կոնկրետ ո՞ր վնասվածքների մասին է խոսքը: Նկարագրել է վնասվածքներ, նշել, որ չի բացառվում դրանց առաջացումը կոշիկի հարվածներից, բայց դատարանում չկարողացավ կոնկրետ ասել՝ որոնք են: Դատավոր Նարինե Հովակիմյանը պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նշված 6 հարցերը լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննությանն առաջադրելու մասով բավարարեց, իսկ հանձնաժողովի կազմում նեղ մասնագետ՝ պաթոլոգաանատոմ ընդգրկելու մասով՝ մերժեց: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ փորձաքննության եզրակացության ստացվելը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031