Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք ծաղրում, մենք երգիծում ենք»

Մարտ 19,2015 13:00

«Արեւավիշապ» գրաֆիկական հումորի
միջազգային փառատոնը «յոթ սարերի հետեւում» չէ

Մարտի 19-ից ապրիլի 1-ը Հայաստանի նկարիչների միությունում արդեն երրորդ անգամ բացվում է ավանդական դարձած «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային փառատոնը: Այն այս տարի յուրահատուկ է նրանով, որ կրում է «Պանդորայի արկղ» խորագիրը եւ նվիրված է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Առավոտի» հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ եւ Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը (լուսանկարում) նշեց, որ ոչ մի թիվ պատահական չի ընտրվել. «Ցուցահանդեսի օրն էլ շատ հեշտ է հիշելը՝ 1915, այսինքն՝ ամսի 19-ին, ժամը 15-ին, որ մարդիկ չմոռանան: Նկարիչների միության առաջին հարկում կլինեն մասնակիցների 166 ընտրված գործեր՝ գումարած մեր երգիծանկարիչների աշխատանքները, երկրորդ հարկում կլինեն պատմական գործեր, որոնք ժամանակին տպագրվել են 1875-ից սկսած մինչեւ 1920-25 թվականները, երրորդ հարկում էլ ուզում էինք անհատական ցուցահանդես անել, բայց քանի որ հրավիրյալները մի քանիսն էին, խմբակային ցուցահանդես է ստացվել»:
Նա նշեց, որ հատուկ Հայաստան է ժամանելու Թուրքիայի ամենահայտնի երգիծանկարիչներից Սարգիս Փաջաջը, որը ժամանակին Հրանտ Դինքի հետ աշխատել է «Ակոսում», նա նաեւ ժյուրիի անդամ է:

Փառատոնի ժյուրիի նախագահ Սուքիաս Թորոսյանն ասաց, որ այս տարի 9 հոգի Հայաստանից է մասնակցում, նույնքան էլ Թուրքիայից, իսկ ընդհանուր առմամբ՝ մասնակիցները 47 երկրից են՝ ԱՄՆ-ից սկսած, վերջացրած Բրազիլիայով եւ Իրանով: Այս տարի եւս կլինեն մրցանակներ՝ հաղթողներին ժյուրիի կողմից կշնորհվեն Ոսկե, Արծաթե եւ Բրոնզե Արեւավիշապներ:

«Մենք գիտենք, թե ով է լինելու հաղթողը, բայց առայժմ անունը չեմ ասի: Ընդամենը երկիրը կասեմ՝ նա Շվեդիան ներկայացնող երգիծանկարիչ է՝ լեհական ծագմամբ, որը հայկական երգիծանկար է արել»,- հայտնեց փառատոնի կազմակերպիչը:

Սուքիաս Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են աշխատանքներ, որ հայտերի ընդունման ժամանակ սուր լինելու պատճառով մերժվել են: «Անշուշտ… Գիտե՞ք, ամեն մի երկիր ունի իր դարդերը, եւ ուրիշի դարդերը իմաստ չունի մեր երկրի վզին փաթաթել: Երգիծելը սահման չունի, բայց ընտրել ենք այնպիսի աշխատանքներ, որոնք բոլորին հասկանալի լինեն ու համամարդկային բաներ արտահայտեն: Օրինակ, Սանկտ Պետերբուրգից մի շատ լավ նկարիչ շատ լավ գործ էր ուղարկել՝ Գյումրիի դեպքերի վերաբերյալ, որն անձամբ ինձ շատ դուր եկավ, բայց դա չենք ցուցադրի, նախ պետք է պատմությունը մարդկանց ներկայացնես, հավելյալ պարզաբանումներ տաս, այն ամեն մեկին հասկանալի չի լինի: Մենք ընտրում ենք այն նկարները, որոնք կոնկրետ օրվա եւ կոնկրետ դեպքի հետ կապ չունենան, որպեսզի չհնանան»,- պատասխանեց երգիծանկարիչը:

Նրանից պարզեցինք, որ մասնակիցների մեծ մասն ամեն տարի մասնակցում է «Արեւավիշապին», ինչ վերաբերում է այս տարվա փառատոնին, Սուքիաս Թորոսյանի ձեւակերպմամբ, այս տարվա մասնակցությունն ավելի գրագետ է, ճիշտ թեմայով է, ընդ որում՝ ոչ թե զուտ ցեղասպանության, այլ ընդհանրապես բռնության, մարդատյացության: «Ի դեպ, մենք չենք ծաղրում, մենք երգիծում ենք, դրանք տարբեր բաներ են»,- շեշտեց Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահը:

Դառնալով «Պանդորայի արկղին», նա հիշեցրեց հայտնի հունական առասպելը՝ Զեւսը Պանդորայի բնակարանում թողնում է հիվանդություններով, վշտերով լեցուն մի տուփ, որի հատակում «թաքցված» է հույսը: Պանդորան գտնում է տուփը ու չդիմանալով գայթակղությանը, բացում այն: Սուքիաս Թորոսյանը հավելեց, որ Հարավային Ամերիկայից հատուկ այդ թեմայով աշխատանք ունեն, որը նույնիսկ հայեցի է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031