Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային օպերային թատրոնն ունի մեկ աջակից, բազում նախագծեր

Մարտ 19,2015 12:30

«Օպերային-բալետային թատրոններում, որտեղ համատեղվում են արվեստի գրեթե բոլոր ձեւերը, նոր բեմադրությունների պատրաստումը ժամանակատար է, ինչպես, ասենք՝ մեծ տաճարների շինարարությունը»,- այս պատասխանը ստացավ «Առավոտը» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստաստեղծագործական հարցերի գծով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանից (լուսանկարում), որին փոխանցեցինք հաճախակի նոր ներկայացումներ դիտելու հանդիսատեսի ցանկությունը:

Մեր զրուցակիցը փաստեց վերջերս թատրոնում «Լորկիանա» եւ «Կարմեն» ներկայացումների վերականգնումը՝ կանխելով հարցը, թե նոր օպերային ներկայացման ե՞րբ սպասենք, պարոն Գրիգորյանն ասաց, որ դեռեւս անցյալ տարվանից սկսվել են Բիզեի «Կարմեն» օպերայի փորձերը, ընթացքի մեջ են դեկորների եւ զգեստների պատրաստումը: Հավելեց, որ «Կարմենի» պրեմիերան նշանակված է մայիսի 19-ին եւ 21-ին, որին անմիջապես կհաջորդի Ադանի «Ժիզել» բալետի առաջնախաղը: Ավելին, հավաստիացրեց, որ հավանաբար աշնանը թատրոնի խաղացանկը կհամալրվի եւ երկու օպերային նոր բեմադրություններով՝ Լեոնկավալո՝ «Պայացներ» եւ Մասկանի՝ «Գեղջկական պատիվ»:

Հետաքրքրությանը՝ կշարունակե՞ն վերջին շրջանում թատրոնում սկիզբ առած նախագծերը, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Օպերային, բալետային ներկայացումներին զուգահեռ՝ կշարունակվեն թատրոնի նվագախմբի եւ մենակատարների մասնակցությամբ սիմֆոնիկ երաժշտության երեկոները, գալա համերգները, հրավիրյալ երաժիշտների այցերը, «Համերգ ճեմասրահում», «Օպերային թատրոնը հայկական կրթօջախներում» նախագծերը»: Ինչ վերաբերում է անցյալ տարի թատրոնի մարզային ծրագրերի շարունակականությանը, փոխտնօրենը նախ հիշեցրեց, որ 2014թ. 4 համերգներով թատրոնը ելույթներ է ունեցել Տավուշի մարզում, նաեւ զորամասերում, Վանաձորում եւ Գյումրիում անցկացրել է «Հեքիաթն է կանչում», ինչպես նաեւ «Սիմֆոնիկ ապագա՝ մանուկների համար» միջոցառումները: Այս ծրագրերը իրականացվել են Օպերայի աջակցման հիմնադրամի շնորհիվ (Գլխավոր գործընկեր «ՎիվաՍել- ՄՏՍ») եւ նույնիսկ երաժշտական գործիքներ են նվիրել մարզային երաժշտական որոշ դպրոցների:

Փոխտնօրենը հավաստիացրեց, որ այդ նախագծերն այս տարի նույնպես կունենան շարունակություն՝ ընդլայնելով աշխարհագրությունը: Մեր զրուցակիցը հատուկ նշեց 2014թ. ուսանողության եւ աշակերտության համար թատրոնի համերգները: Հիշեց նաեւ, դարձյալ անցյալ տարի, Շուշիի պատկերասրահում կայացած կամերային երաժշտության երկու երեկոները եւ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությունը:

Ինչ վերաբերում է Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով թատրոնի նախատեսված միջոցառումներին, Հրաչ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ապրիլի 23-ին Տիգրանյանի «Անուշ» օպերայի ավարտից հետո, ուղիղ կեսգիշերին, թատրոնում կկայանա համերգ, կկատարվեն Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետը եւ Արեգ Լուսինյանի «Ռեքվիեմը»: Ապրիլի 24-ի առավոտյան էլ Ծիծեռնակաբերդում հանդես կգան թատրոնի նվագախումբը, երգչախումբը եւ մեներգիչները:

Անդրադառնալով օպերային թատրոնի խաղացանկին, փոխտնօրենն ասաց, որ այսօր ունեն 10 օպերա եւ 13 բալետ՝ ինչպես համաշխարհային օպերային եւ բալետային գրականության նմուշներից, այնպես էլ հայ հեղինակների գործեր: Հարցին՝ հույս կա՞, որ թատրոնում կբեմադրվեն մերօրյա ստեղծագործողների երկեր, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ ունեն հայտեր ժամանակակից կոմպոզիտորներից, այդ թվում՝ Արամ Սաթյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Սադոյան: Հավելեց նաեւ, որ դրանք դեռեւս քննարկման փուլում են:

Դիտարկմանը՝ թանկ հաճույք համարվող օպերայի եւ բալետի թատրոններն ունեն հարուստ հովանավորներ, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Այսօր մեր թատրոնն ունի մեկ աջակից՝ պետությունը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031