Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրոպական Միությանն անդամակցության չափանիշները և դրանց իրավական բնույթը

Մարտ 18,2015 21:30

Այս տարվա մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալու է Եվրամիության Արևելյան գործընկերության  հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու են նաև ԵՄ Արևելյան գործընկերության Ասոցացման պայմանագրերը ստորագրած ԽՍՀՄ նախկին երեք հանրապետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը:  Օրինաչափորեն այդ երկրները պիտի ձգտեն հետագայում անդամակցել Եվրամիությանը: ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը դուրս է մնացել այդ գործընթացներից, թեպետ ԵՄ-ը Հայաստանին շարունակում է համարել կարևոր գործընկեր: Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ դիտարժան է դառնում ԵՄ անդամակցության չափանիշների քննարկումը:

Եվրոպական միությանը երրորդ երկրների անդամակցության չափանիշների սահմանման համար առաջին հերթին անհրաժեշտ է դիտարկել Միության առաջնային իրավունքի դրույթները: Մասնավորապես, ԵՄ մասին պայմանագրի 49-րդ հոդվածը սահմանում է. «Ցանկացած եվրոպական պետություն, որը հարգում է հոդված  2-ում արտացոլված արժեքները և պատրաստ է դրանք առաջ տանել, կարող է դիմել Միության անդամ դառնալու համար»: Երկրորդ հոդվածն իր հերթին սահմանում է մարդու արժանապատվության հանդեպ հարգանքի, ազատության, ժողովրդավարության, հավասարության, օրինականության և մարդու իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արժեքները, որոնց վրա հիմնված է Միությունը: Բնական է, որ միջազգային կազմակերպությունը ցանկանում է, որպեսզի իր ապագա անդամներն ընդունեն այն հիմնական արժեքները, որոնց վրա նա հիմնված է և հետևեն դրանց։
«Եվրոպական պետություն» հասկացության սահմանումը բազմաթիվ հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել, քանի որ պայմանագիրն ինքը այս եզրույթի որևէ բացատրություն չի տալիս: Հասկացության շուրջ համաձայնություն չկա նաև գիտական շրջանակներում: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս չափանիշը չի վերաբերում պետության աշխարհագրական դիրքին միայն, այսինքն՝ նրան, թե երկիրը Եվրոպայու՞մ է, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ այն ներառում է աշխարհագրական դիրքը: Ընդլայնումների պրակտիկան ցույց է տալիս, որ, ենթադրաբար, Եվրոպայում առնվազն մասամբ գտնվող ցանկացած պետություն կարող է համարվել աշխարհագրական չափանիշը բավարարող: «Նմանապես, եթե որևէ պետություն, որի դիրքը Եվրոպայում վիճելի է զուտ աշխարհագրական տեսանկյունից, կարող է, այնուամենայնիվ, միանալ Միությանը, ինչպես ցույց է տվել 2004թ. Կիպրոսի անդամակցությունը Եվրոպական Միությանը» (Dimitry Kochenov, EU Enlargement and the Failure of Conditionaility, Kluwer Law International, The Netherlands, 2008, p. 29):

Եվրոպական հանձնաժողովի կողմից «եվրոպական պետություն» հասկացության սահմանման փորձ կատարվեց 1992թ.: Հանձնաժողովը սահմանեց, որ այն «ներառում է աշխարհագրական, պատմական և մշակութային տարրեր… Գաղափարների, արժեքների և պատմական փոխգործողության մերձավորության փորձառությունը հնարավոր չէ ներկայացնել պարզ ձևաչափով, այն ենթակա է վերանայման յուրաքանչյուր հերթական սերնդի կողմից: Հանձնաժողովը կարծում է, որ հնարավոր և նպատակահարմար չէ այժմ սահմանել Եվրոպական Միության սահմանները, որի ուրվագիծը կձևավորվի տարիներ անց» (European Commission, Europe and the Challenge of Enlargement, 24 June 1992, Bulletin of the EC, supplement 3/92, para 7):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր չէ «եվրոպական պետություն» եզրույթը մեկ հասկացությամբ սահմանել և որ այն պետք է քննարկվի յուրաքանչյուր անգամ առանձին երկրի դեպքում, 1993թ. Եվրոպական խորհուրդը ԵՄ անդամ դառնալու որոշակի պայմաններ (չափանիշներ) սահմանեց, որոնք, ամբողջությամբ վերցրած, կազմում են այն պահանջները, որոնց ԵՄ անդամ դառնալու ցանկություն ունեցող պետությունը պետք է բավարարի:

Կոպենհագենյան չափանիշները սահմանված են կոպենհագենյան Եվրոպական խորհրդի նախագահական եզրակացության մեջ:

Առաջին չափանիշը ժողովրդավարությունը, օրինականությունը, մարդու իրավունքները և փոքրամասնությունների հանդեպ հարգանքը և նրանց պաշտպանությունը երաշխավորող հաստատությունների կայունությունն է: Սրանք սկզբունքներ են, որոնց վրա Միությունն ինքն է հիմնված (թվարկված են հոդված 2-ում), և, իհարկե, սրանք կկազմեին ԵՄ-ին անդամակցության հիմնական չափանիշներից մեկը: Այս չափանիշը հաճախ կոչվում է քաղաքական կամ քաղաքական պայմանականության չափանիշ, քանի որ հոդվածում նշված արժեքները հիմնականում քաղաքական բնույթ ունեն:

Այն հանգամանքը, թե թեկնածու երկիրը համապատասխանու՞մ է կոպենհագենյան չափանիշներին, թե՞ ոչ, իհարկե, դիտարկվում է ԵՄ հաստատությունների կողմից: Քաղաքական չափանիշի դեպքում վճռական դեր խաղում է Հանձնաժողովը, ինչը դրսևորվում է նրանում, որ Հանձնաժողովը վերահսկում և ստուգում է, որ թեկնածու երկրում ժողովրդավարության և օրինականության համապատասխան մակարդակ է ապահովված, և որ մարդու և փոքրամասնությունների իրավունքները հարգվում են: Այս արժեքների առկայությունը երկրում կարող է դրսևորվել տարբեր կերպ: Կարելի է ենթադրել, որ դրանցից մեկը պետության կողմից մարդու իրավունքներին վերաբերող միջազգային պայմանագրերի վավերացումն է, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանց իմպլեմենտացիան՝ տեղակայումը, ներպետական օրենսդրության մեջ և կիրառումը պրակտիկայում:

Երկրորդ՝ տնտեսական չափանիշը «գործող շուկայական տնտեսության առկայությունն է, ինչպես նաև Միության ներսում մրցակցային ճնշմանը և շուկայական ուժերին դիմակայելու ունակությունը»: Այս չափանիշը ենթադրում է, որ թեկնածու երկիրը պետք է ունակ լինի դիմակայել մրցակցային ճնշմանը և շուկային: Սա «դիտվում է որպես գործող շուկայական տնտեսության գործառույթ և որպես կայուն մակրոտնտեսական շրջանակ, որը ենթադրում է կանխատեսելիություն, մարդկային և ֆիզիկական կապիտալի, այդ թվում՝ ենթակառուցվածքի բավարար քանակություն և պետական կազմակերպությունների և ներդրումների վերակառուցում՝ արդյունավետության բարձրացման նպատակով»:

Ինչպես երևում է Ռումինիայի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքից, չափանիշի այս երկու մասերը սերտորեն կապված են. գործող շուկայական տնտեսությունն անհրաժեշտ է մրցակցային ճնշմանը դիմագրավելու համար, իսկ գործող շուկան, ըստ էության, ԵՄ-ի ներքին շուկան է: «Առանց ներքին շուկայի ինտեգրացիայի՝ ԵՄ անդամակցությունը կկորցնի իր տնտեսական իմաստը և՛ Ռումինիայի, և՛ նրա գործընկերների համար» (European Commission, Agenda 2000 – Commission Opinion on Romania’s Application for Membership of the European Union, 15 July, 1997, Brussels, p. 30):

Կոպենհագենյան եզրակացությամբ սահմանված երրորդ չափանիշը անդամակցության պարտավորությունները, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և դրամական միության նպատակներին համապատասխանության պարտականությունը ստանձնելու ունակությունն է: Անդամակցության պարտավորությունները, որպես կանոն, ներառում են ԵՄ օրենսդրությունը, այդ թվում՝ ԵՄ Արդարադատության դատարանի որոշումները ստանձնելու ունակությունը: Հետևաբար, թեկնածու երկիրը պետք է իմպլեմենտացնի ԵՄ օրենսդրությունը՝ երրորդ չափանիշը բավարարող համարվելու համար: Կարևոր է ոչ միայն ԵՄ օրենսդրության ներպետական օրենսդրության մեջ ներառելը, այլև համապատասխան վարչական և դատական ենթակառուցվածքների միջոցով նրանց արդյունավետությունն ապահովելը:

Կոպենհագենյան չափանիշներից վերջինը Միության ունակությունն է նոր անդամներ կլանելու, ինչպես նշված է կոպենհագենյան եզրակացության մեջ: Սա չափանիշ է, որն ավելի շատ առնչվում է ինքնին Եվրոպական Միությանը, քան թեկնածու երկրին: Նշվում է, որ «ԵՄ-ի՝ նոր անդամներ կլանելու ունակությունը՝ Միության կլանման կամ ինտեգրացիայի կարողությունը, անդամակցության պայմանականության հարցում  ավելի մեծ դեր է խաղալու և շարունակում է մնալ այնպիսի չափանիշ, որի նկատմամբ թեկնածու երկրները որևէ ուղղակի ներգործություն չեն կարող ունենալ»: Մեր կարծիքով, այս չափանիշի կարևորությունն առավել քան ակնհայտ է: Նախևառաջ, ցանկացած դեպքում Միությունը կցանկանա առնվազն որոշ չափով շահել ցանկացած նոր պետության անդամակցությունից: Հետևաբար, այն կարող է սահմանափակել նոր անդամներ ընդունելու իր ունակությունը որոշակի ձևով, եթե չի գրավում որոշակի երկրի՝ ԵՄ անդամ դառնալու գաղափարը: Երկրորդ, Միությունը պետք է իր կառույց նոր անդամներ ընդունելու կարողություն ունենա դա անելու համար: Այսպես, ԵՄ-ի կլանման կարողությունը կարևոր է երկու առումով՝ ԵՄ-ի և անդամակցող պետության համար:

«Բոլոր չափանիշներին համապատասխանությունը, այնուամենայնիվ, չի երաշխավորում, որ դիմումը կընդունվի Խորհրդի կողմից: Թեկնածու երկրների իրավունքները սահմանափակված են «Միության անդամ դառնալու դիմում ներկայացնելով», ինչը չի նշանակում, որ նման դիմումը պետք է բավարարվի (Dimitry Kochenov, EU Enlargement and the Failure of Conditionaility, Kluwer Law International, The Netherlands, 2008, pp. 22-23):

Այսպիսով, չնայած ԵՄ-ին անդամակցության մի քանի չափանիշներ կան, որոնք բոլորն էլ պետք է բավարարված լինեն Միությանն անդամակցելու համար, դրանք չեն կարող համարվել բացարձակ հստակ, և յուրաքանչյուր անգամ թեկնածու երկիրը գնահատելիս ԵՄ-ը կարող է այդ չափանիշները տարբեր կերպ մեկնաբանել:

Սոսե Մայիլյան

Կոպենհագենի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031