Մարտի 18-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Տիշկևիչի հետ:
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Տիշկևիչն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակից՝ ընդգծելով Լեհաստանի համար Հայաստանի կարևոր նշանակությունն ինչպես երկկողմ բարեկամության, այնպես էլ Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության տեսանկյունից: Նա նշեց, որ Լեհաստանը խորապես շահագրգիռ է Հայաստանի հետ հետագա բարեկամական հարաբերությունները ամրապնդելու և զարգացնելու հարցում՝ տնտեսության և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:
Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների տևողություն ունեցող բարեկամության պատմություն է՝ առանց որևէ տարաձայնությունների և հակամարտությունների: Ժողովուրդների միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի է բարձրացվել Լեհաստանի և Հայաստանի անկախությունից հետո՝ դրանց հաղորդելով պետական բարձր մակարդակի փոխգործակցության որակ:
Դեսպանը նշեց, որ 2015 թվականը շատ կարևոր տարի է համայն աշխարհում ապրող հայ ժողովրդի համար, որը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Էդգար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Տիշկևիչի Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ՝ կարևորելով նաև 2015թ. ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Լեհաստանի պաշտոնական պատվիրակության բարձր մակարդակով մասնակցությունը:
Ռոբերտ Տիշկևիչը կարևորեց Լեհաստանի և Հայաստանի միջև զբոսաշրջության զարգացումը, քանի որ, նրա կարծիքով, լեհերի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի հազարամյա պատմությունն ու հարուստ քրիստոնեական ժառանգությունը: Քննարկվեցին նաև Բիալիստոկի և Հայաստանի քաղաքներից մեկի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման հնարավորությունները:
ՀՀ ԱԳՆ