Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հովանավորում «Եղվարդշին» ընկերությանը

Մարտ 18,2015 21:01

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն ասաց, որ ինքը գյուղի այգիների հրդեհի վնասների հետ կապված գործով պատրաստվում է գրավոր դիմել ՀՀ գլխավոր դատախազ Գագիկ Կոստանյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին: Գյուղապետն ասաց, որ հրդեհի վնասների հետ կապված քրեական գործի քննությունը անհարկի կերպով ձգձգվում է:

Նա տեղեկացրեց, որ քրեական գործի քննությունը կատարում է Բերդի քննչական բաժնի քննիչը: «Վերջերս մեկից նոր ցուցմունք են վերցրել, հիմա էլ այդ պատճառաբանությամբ են գործը ձգձգում»՝ ասաց Կ. Չոբանյանը: Նա հայտնեց, որ առկա խնդիրը տարբեր լրատվամիջոցներ լուսաբանել են, վերջերս էլ «Հայլուրն» էր այդ մասին ռեպորտաժ պատրաստել, սակայն «սայլն առաջ չի շարժվում»: Գյուղապետի վկայությամբ ՝ սահմանամերձ գյուղի բնակիչներն իրենց իրավունքները պաշտպանելու համար պատրաստ են տարբեր, ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցների դիմել:

Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսի 7-ին սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ, անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ է բռնկվել, որը մեծ վնաս է պատճառել պտղատու եւ խաղողի այգիներին: Սկզբում խոսք էր գնում  48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների , հետո՝ 37 ընտանիքին պատկանող 6.8 հա այգու մասին:  Հավելենք, որ  «Եղվարդշինը» հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության, հրդեհից հետո Վ. Կարմիրաղբյուրի համայնքապետարանից ստացել է շինթույլտվություն:

Փետրվարի 14-ին Վերին Կարմիրաղբյուր է գնացել «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը, ով հանդիպել է հրդեհից առավել վնասներ կրած 5 բնակիչների հետ,սակայն վնասների հատուցման հարցի շուրջ նրանց միջեւ փոխհամաձայնություն չի կայացել:  Կ. Չոբանյանն ասաց, որ գործն այնպես է տարվում, որ հրդեհի միակ մեղավոր համարվի եռակցման աշխատանքներ կատարած բանվորը, որին սեփականության իրավունքով պատկանում է ընդամենը 1 հա հող: Նման ունեցվածքով եռակցողը, բնականաբար, չի կարող փոխհատուցել գյուղացիների այրված այգիների կորուստը: Կ. Չոբանյանը կարծում է, որ «Եղվարդշինի» տնօրենը հովանավորներ ունի,այդ պատճառով էլ գործի քննությունը չի ավարտվում, գյուղացիների խնդիրը չի լուծվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031