Լրահոս
Օրվա լրահոսը

Կաննի չորս օրը հայկական մշակույթի հետ. նոր հեռանկարներ

Մարտ 18,2015 20:54

Հայաստանն այս տարի MIDEM միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնում հանդես կգա պատվավոր երկրի կարգավիճակով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Մենք երեք կարևոր կարգախոս ենք որդեգրել՝ հիշողություն, երախտագիտություն և վերածնունդ: MIDEM-ին մասնակցությունը վերածննդի գաղափարի շրջանակներում է տեղավորվում, քանի որ այդ հեղինակավոր հարթակում ոչ միայն մեր երաժշտությունն ենք ներկայացնելու, այլև մեր վերածնված երկիրը»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարը՝ ընդգծելով, որ չէին կարող չընդունել այս առաջարկը, քանի որ MIDEM-ն ամենահեղինակավոր փառատոներից է և տեղի է ունենում մեր բարեկամ Ֆրանսիայում: Մի երկիր, որտեղ բարձր են գնահատում հայ ժողովրդի երաժշտական ավանդույթները. «Փառատոնին մասնակցությունը մեր առջև լայն հեռանկարներ է բացում: Դա կախված է նրանից, թե հայկական երաժշտությունն ինչպիսի հետաքրքրություն կառաջացնի պրոդյուսերների, մենեջերների մոտ»,- նշեց տիկին Պողոսյանը:

MIDEM-ը երաժշտական ինդուստրիայի աշխարհի կարևորագույն փառատոներից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայի Կանն քաղաքում՝ 1966 թվականից:

Այն այս տարի կանցկացվի հունիսի 5-8-ը:

Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ֆիրմաներ, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ, երաժշտական հրատարակչություններ (Սիկորսկի, Հարմոնիա Մունդի և այլն):

Յուրաքանչյուր տարի մասնակից երկրներից մեկին հնարավորություն է ընձեռվում ներկայանալու փառատոնին՝ որպես պատվավոր երկիր: Սա նշանակում է, որ փառատոնի շրջանակներում գերակա երաժշտական թեման տվյալ երկրի երաժշտությունն ու մշակույթն է:

«Սա ոչ միայն հայկական երաժշտությանն ուղղված երախտիքի խոսք է, այլև յուրօրինակ մի ուղերձ, այն է՝ մշակույթն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բռնությունը: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ նման իրադարձությունը տեղի է ունենալու հենց ֆրանսիական հողի վրա: Ուզում եմ, որ հայ երիտասարդ երաժիշտներին իրենց տաղանդը ներկայացնելու առիթ ընձեռվի»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Reed MIDEM ընկերության կոմերցիոն տնօրեն Ան-Մանուել Հեբերտի տեղեկացմամբ՝ փառատոնը 40 ազգային հարթակների համար է նախատեսված և դրա հիմնական նպատակն ազգային մշակութային ժառանգությունը ցույց տալն է. «Մենք հյուրընկալում ենք 6 500-ից ավելի մասնակից՝ շուրջ 60 երկրներից: Աշխարհում չկա մեկ այլ միջոցառում, որն ավելի միջազգային լինի, քան MIDEM-ն է: Այն հասարակության լայն շերտերի համար է: Այստեղ ներկայացվում են երաժշտական գրեթե բոլոր ժանրերը»,- ասաց Ան-Մանուել Հեբերտը:

Reed MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխի ներկայացմամբ՝ փառատոնի ժամանակ Կաննը ողողված է լինելու հայկական երաժշտությամբ. հնչելու են հայկական դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ (Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, «Հովեր» երգչախումբ, Նարեկ Հախնազարյան և ուրիշներ):

«Բացի երաժշտությունից, հայկական մշակույթի այլ ասպեկտներ էլ են ներկայացվելու,- հավելեց նա.- այս տարի Հայաստանը ազգային մեծ տաղավար է ունենալու հենց կենտրոնում: MIDEM-ի մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու հայկական կերակրատեսակներ ու խմիչքներ: Երեկոներից մեկի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասին, նաև հանդիպում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հետ: Կներկայացվեն հայկական կերպարվեստը, նորաձևության ժամանակակից զարգացումները: Դասախոսություններ կկազմակերպվեն Կոմիտասի, աշխարհահռչակ կոմպոզիտորների՝ Հայաստանին նվիրված ստեղծագործությունների, հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների մասին»:

Կորնելիա Մուխի խոսքով՝ միջոցառման օրերին քաղաքը զարդարված կլինի հայկական գույներով, հրապարակները՝ «Հայաստան՝ պատվավոր երկիր» վերտառությամբ դրոշներով: Քաղաքային վահանակները կազդարարեն հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված կլինի բացառապես Հայաստանին: Լուսային պրոեկցիաներով Կաննի ամենահայտնի «Կարլթոն» հյուրանոցի ճակատին կցուցադրվի հայկական պատմությունն ու մշակույթը ներկայացնող ֆիլմ:

Նշենք, որ փառատոնին Հայաստանի մասնակցության ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը: Աջակցում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատունը: Հովանավորը «Տաշիր գրուպ» ընկերությունն է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031