«Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքի համար «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբը դրամահավաք է սկսել:
«Հավաքում ենք այդպես էլ դատարանում չապացուցված $ 2000, որ իբրեւ թե Վոլոդյան վերցրել է, այն դեպքում, երբ կողմը՝ որն իբր Վոլոդյային այդ գումարն է տվել, դատարանում հրաժարվել էր խոսել ու ասել էր՝ պարտք ու պահանջ չունի»,- ասաց հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Ըստ նրա, սպառվում է $ 2000 որպես փոխհատուցում փոխանցելու դատարանի տված ժամկետը, բայց Ավետիսյանի ընտանիքը, ըստ Գագիկ Սարուխանյանի, ի վիճակի չէ վճարել. «Սոցիալապես անապահով վիճակում են և բավականին ծանր կացության մեջ են հայտնվել:
Մենք ինչու ենք նախապես սկսել դրամահավաք, որովհետև գիտենք՝ ինչ բնույթի ճնշումներ կարող են լինել: Կարող է անակնկալ կանգնեն գլխներին, խլեն տունը կամ հողամասը, ու բազմանդամ ընտանիքը մնա փողոցում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ