Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:
Այսօր կենտրոնում IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցչի տեղադրմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին, զրուցեց շինարարների հետ:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրն իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում նախատեսված է` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծում: Երկրորդ փուլում` արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծում, իսկ երրորդում` մասնավոր ներդրողի առկայության դեպքում նախատեսվում է մեկնարկել քիմիաթերապիայի և վիրաբուժական կենտրոնի ստեղծում՝ ներ և արտահիվանդանոցային ծառայություններով:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում կկատարվի ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում:
Կենտրոնը հագեցված կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ: Ռադիոզոտոպների արտադրության կենտրոնը կունենա ռադիոլոգիական ախտորոշման և ռադիոիզոտոպային ախտորոշման, այլ բաժանմունքներ: Նախատեսվում է, որ ուռուցքաբանության ոլորտում մասնագիտական այս կենտրոնը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը:
ՀՀ առողջապահության նախարարություն