Թանկարժեք ավտոմեքենաները, դրանց սպասարկման ծախսերը, բիզնես դասով գործուղումների գնալը անարդյունավետ ծախսեր են պետբյուջեի համար:
Այս կարծիքին է Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Aravot.am-ը, վկայակոչելով ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի` 1in.am-ին տված հարցազրույցը, որտեղ պարոն Սաֆարյանը չի բացառել, որ 2015 թվականի բյուջեում կանխատեսված 4,1 % տնտեսական աճի փոխարեն տնտեսական անկում կլինի, հետաքրքրվեց, թե
պետական ապարատում ինչպիսի՞ ծախսեր պիտի կրճատվեն, որպեսզի կառավարությունը, առանց այն էլ բարձր աղքատության ցուցանիշ ունեցող երկրում, չգնա աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների կրճատման ճանապարհով:
Լեւոն Բարսեղյանի համոզմամբ, պետական ապարատում ծախսերն, իսկապես, ուռճացված են, եւ հատկապես ուռճացված են ուժային կառույցներում, մասնավորապես` ոստիկանությունում ու ազգային անվտանգությունում:
Կարդացեք նաև
Ըստ օրենքի, այս երկու կառույցների աշխատակիցների թվաքանակը, հրապարակման ենթակա չէ, սակայն պարոն Բարսեղյանը այս համակարգերին տրվող եւ տարեց տարի ավելացվող բյուջեից է ենթադրում, թե որքան մեծ թվով աշխատակիցներ ունեն:
«Ես գտնում եմ, որ ոստիկանությունը ուռճացված է ռեժիմ պահելու համար: Ոստիկանության բյուջեն աճում է տարեկան 14 %-ով: Վերջին 3 տարիների ընթացքում, ամեն տարի, նախորդ տարվա համեմատությամբ աճել է 14 %-ով:
Ազգային անվտանգության բյուջեն ամեն տարի նախորդ տարվա համեմատ աճել է 20-23 %-ով: Պետության բյուջեն, անցած 3-4 տարիներին, առավելագույնը աճել է տարեկան 10 %-ով: Այս համատեքստում տեսնում ենք, որ այս երկու գերատեսչությունների համար արվող ծախսերը բազմապատիկ ավելի ծավալով է աճել, քան պետության բյուջեն է աճել, իսկ սա նշանակում է, որ ուրիշ ոլորտներում նվազումներ չկան, նույնիսկ, որպեսզի այս երկու ոլորտները կարողանային աճել:
Սա բավարար է ասելու համար, որ ժողովո’ւրդ, բերեք, գոնե համամասնորեն աճեցրեք այդ գերատեսչությունների բյուջեները, որպեսզի չլինի, որ դուք ուժային ապարատներ եք մեծացնում` մնացած ոլորտների անկման հաշվին»,-ասում է Լեւոն Բարսեղյանը: Նրա խոսքերով, այս ամենին էլ գումարած տնտեսական անկման ռիսկերը, չի բացառվում, որ կառավարությունը գնա ժողովրդի հաշվին տնտեսումների տարբերակով, մինչդեռ պարոն Բարսեղյանը կարծում է, որ «խելքը գլուխը տնտեսվարողը» պիտի իսկապես տնտեսի, ինչպես որ կտնտեսեր իր ընտանեկան բյուջեն ծախսելիս. «Նրանք պետք է պատկերացնեն, որ դա իրենց ընտանիքին է վերաբերվում, բնականաբար, գոտիները պետք է ձգեին, բայց այս դեպքում մենք չենք տեսնում տնտեսումների, կրճատումների հեռանկար»:
Ըստ Լեւոն Բարսեղյանի, մեզ մոտ նախընտրում են քիչ աշխատավարձերով շատ աշխատակազմ պահել, քան` բարձր վարձատրությամբ որակյալ, փոքրաթիվ աշխատակազմ. «Վախենում են, որ հասարակական դժգոհությունը կաճի, դրանով, կարծես թե քաղաքացիներին հասարակական ակտիվությունից կտրելու եւ պատանդ վերցնելու քաղաքականություն են վարում: Սա փորձված մեթոդ է եւ այն Հայաստանում աշխատում է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ