Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական բոլոր ուժերը պետք է  հայտարարեն, որ իրենց համամասնական ցանկում չպետք է բերեն գործարարների»  

Մարտ 18,2015 17:45

ՀՅԴ-ն քաղաքական դաշտի այն կուսակցություններից է, որն այսպես ասած «գլուխ» կամ կոնկրետ թագավոր չունի:

ԲՀԿ-ի դեպքում կարծես թե հիմք դրվեց թագավորից ազատվելու քաղաքականությանը, մեր հարցին՝ «վոժդիզմից» ազատվելու այդ քաղաքականությունը կտարածվի՞ ամբողջ դաշտի վրա, կլինի՞ այնպես, որ  կուսակցություններում չլինեն ընդգծված լիդերներ, լինի զուտ թիմ եւ թիմային պայքար՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժի մեջ կան լիդերներ: Լիդերներն են, որ առաջ են մղում: Այլ բան, որ անձնապաշտությունն ու անձնակենտրոնությունը չէ, որ կարող է քաղաքականություն առաջ մղեր: Այդ տեսակետից ՀՅԴ-ն եղել է , կա եւ մնալու է մշտապես անձերի մի ամբողջություն, մի քաղաքական կազմակերպություն, որտեղ եթե անգամ լիդերը դուրս գա կամ լիդերը վթարի ենթարկվի, վստահաբար քաղաքական ուժը դրա արդյունքում չի լուծարվի, չի քանդվի: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի նախադեպին եւ նախագահի կողմից առաջ մղված մոտեցումներին, մեր համոզմամբ, դա ոչ թե պետք է վերաբերի միայն ԲՀԿ-ին, դա պետք է վերաբերի բոլորին եւ պետք է լինի հետեւողական: Եթե հարկ չի մուծվում, պետք է հարկերը մուծվեն եւ անձինք պատասխանատվության ենթարկվեն՝ հարկեր չմուծելու համար: Եվ դա չպետք է վերաբերվի միայն ոչ իշխանական ուժին: Պետք է վերաբերի բոլորին: Եթե խնդիրը ստանդարտ է, ուրեմն ստանդարտ մոտեցում է պետք բոլորի համար: Եթե բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվի, պետք է տարանջատվի բոլորի համար, ոչ թե մեկ-երկու անձի համար: Սա հետեւողականություն է ենթադրում, ենթադրում է անըդնհատ ուշադրության կենտրոնի պահանջի ամրագրում: Մենք կրում ենք այս մոտեցումը, եւ պնդելու ենք, որ եթե կան ստանդարտներ, սահմանադրական նորմերը պահելու եւ կիրառելու ցանկություն, ուրեմն այդ ցանկությունը պիտի արտահայտվի ամեն օր, պետք է արտահայտվի բոլորի նկատմամբ: Եվ հասարակությունը պետք է տեսնի, որ դա ստանդարտ է բոլորի համար»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է դա հնարավոր, հիմա Դուք ստիպելու եք Սերժ Սարգսյանին ազատվել ԱԺ այն ՀՀԿ-ական պատգամավորներից, որոնք քաղաքական դաշտի մաս չե՞ն կազմում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Շատ ենք կարեւորում, որ քաղաքական քննարկումների եւ կոնսենսուսի կարեւոր պայմաններից մեկը պետք է լինի հետեւյալը՝ հաջորդ պառլամենտական ընտրություններում քաղաքական բոլոր ուժերը պետք է  հայտարարեն, որ իրենց համամասնական ցանկում չպետք է բերեն հանրության մեջ ընկալում ունեցող գործարարների, խոշոր սեփականատերերի, որոնք բիզնեսով են զբաղվում»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ն նման հայտարարություն արեց 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, խոստացան, որ պետք է ազատվեն գործարարներից՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ, չի հայտարարվել նման բան, ես չեմ լսել այդպիսի հայտարարություն:  Քարոզչության ընթացքն այլ բան է, նախապես ստանձնած պատասխանատվությունն այլ բան է: Մեր Սահմանադրական փոփոխությունները պետք է նպաստեն դրան: Սա հասարակության մոտ վստահության վերականգնման լավագույն ճանապարհն է: Եթե մենք դա չարեցինք, որեւէ րոպեական ցանկություն ոչ մի տեղ չի տանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լեւոն Մելքումյան says:

    Բա որ «թղթերով ամեն ինչ կարգին» է……

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031