Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի խիստ դիտողությունները՝  սոցիալական ոլորտի աշխատակիցներին (Տեսանյութ) 

Մարտ 18,2015 17:32

Այսօր աշխատանքային այցով  Գյումրիում էր ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանը: Վերջինս Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպեց իր կառավարած ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ,  ներկայացրեց օրենսդրական  փոփոխությունները, բարեփոխումները: Նախարարի բավական երկար  ելույթից հետո  նրան տարբեր հարցեր ուղղեցին: Հարց տվողներից մեկը  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր, որը նախարարին հորդորեց հաճախակի գալ Գյումրի: «Շուտ-շուտ եկեք Գյումրի», -ասաց քաղաքապետը վաղուց Գյումրի չայցելած նախարարին: Քաղաքապետը, շեշտելով Գյումրիում առկա գործազրկության բարձր ցուցանիշը, խնդրեց «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը հնարավորության դեպքում ուղղել Գյումրի քաղաք: Նախարարը ուղղեց քաղաքապետին ՝ նշելով, որ վաղուց այդպիսի ծրագիր չկա, խոսքը վարձատրվող հասարակական աշխատանքների մասին է: Սակայն համաձայնեց, որ  Գյումրին ունի նման ծրագրի կարիք, ասաց, որ  վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման որոշման նախագիծ է մշակվում նախարարության կողմից, որը շուտով կդրվի շրջանառության մեջ,  կներկայացվի կառավարությանը: Ըստ նախարարի, ժամանակավոր, բայց մեծ թվաքանակով անձանց աշխատանքով կապահովի, հատկապես   շուկայում  անմրցունակ անձանց:

IMG_6512

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը  ևս խոսք ուներ ասելու: Նա  իր խոսքը սկսեց  դահլիճում նստած  Շիրակի մարզի սոցիալական ոլորտի պատասխանատուներին դիտողություն անելով:  «Այստեղ հավաքված  են այն ծառայությունների աշխատակիցները, որոնք ամեն օր շփվում են ժողովրդի հետ: Արդա՛ր եղեք, Ձեզ նեղություն տվեք մի քիչ տեղն եկած տեղը, մի՛ խուսափեք մարդկանց հետ լավ շփվելուց: Սա խնդրանք է, նաև  կոչ: Ինչո՞ւ, որովհետև մենք էստեղ ունենք  խնդիր, խոսքը  միայն ձեր ծառայություների մասին չէ, այլ ընդհանրապես պետական կառույցների, Շիրակի մարզի  մասին եմ ասում , ուրիշի մասին չեմ խոսում: Ամեն մի սխալ խոսքը, ամեն մի կոպիտ խոսք, անտարբեր վերաբերմունքը լուրջ դժգոհություն է առաջացնում»,- ասաց  մարզպետը: Այնուհետ նա ավելի անկեղծացավ՝ նշելով, որ Շիրակի մարզի բնակիչները «լիքը պարծենալու տեղեր ունեն, սակայն կան չպարծենալու տեղեր. սոցիալապես անապահով  խավն է, սոցիալական կարիքներն են»: «Էստեղ է, որ պիտի կարողանանք մեր քայլերով պրոբլեմներ չստեղծենք,  զգույշ լինենք այս հարցում», -ասաց մարզպետը:

Ֆելիքս Ցոլակյանը  դահլիճում նստածներին հասկացրեց՝  եթե տվյալ կառույցը չի ենթարկվում  Շիրակի մարզպետարանին, դա չի նշանակում ինչ ուզեն, այն էլ կանեն: Ըստ մարզպետի, այդպիսի դեպքերում ինքը  վերցնում է հեռախոսը  ու զանգում   նախարարին: «Այնպես որ զգույշ եղեք ձեր աշխատանքի մեջ»,-իր տոնը խստացրեց մարզպետը՝ նշելով, որ ինքը բողոքներ է ստանում: Նախարարը Ֆելիքս Ցոլակյանի ելույթի  ժամանակ խորհրդավոր ժպտում էր: «Ամեն ինչից տեղյակ եմ, նայեք տեսեք իրար հետ լավ լինենք, այսինքն  դուք ժողովրդի հետ լավ եղեք, մեր ձեր հետ»,- ասաց մարզպետը: Իսկ ելույթի  վերջում Շիրակի մարզպետը, վկայակոչելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, նախարարին  ասաց. «Ինչպես ասում է Սամվել Բալասանյանը հաճախակի եկեք Գյումրի, պարոն նախարար,  և՛ ձեր համար է  լավ, և մեր, դուք առարկայական կտեսնեք ձեր կառույցների աշխատանքը»:

Լրագրողները նախարարի  հանդիպման ավարտին  հարցեր ուղղեցին նրան՝ հետաքրքրվելով, թե ամենաաղքատ մարզին՝ Շիրակին  ուղղված ի՞նչ ծրագրեր  կան, ի՞նչ է արվում աղքատության կրճատման ուղղությամբ : Նախարարը սոցիալական պաշտպանության ոլորտում  իրականացվող ծրագրերից մարզային ուղղվածության ծրագրերից  առանձնացրեց երկուսը, մեկը՝ անապահովության գնահատման   համակարգի շրջանակներում սոցիալապես անապահով ընտրանքներին հատկացվող աջակցությունն է՝ ընտանեկան սոցիալական նպաստները, երկրորդը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման ծրագիրն է: Ըստ նախարարի,այս երկու ծրագրերի շրջանակում էլ պլանավորում իրականացնելիս, հաշվի են առնում  տվյալ մարզի  աղքատության ցուցանիշը, անապահովության գնահատման  համակարգում հաշվառված ընտանիքների  թիվ, անմրցունակ անձանց թվաքանակը…  Ըստ նախարարի, մյուս մարզերի հետ համեմատ Շիրակի մարզում արտացոլված են այս  բոլոր հանգամանքները, այսինքն Շիրակի մարզին ավելի շատ միջոցներ են հատկացվում: Արտեմ Ասատրյանի համոզմամբ, աղքատության հաղթահարման ամենամեծ միջոցը տնտեսական աճն է:

Նախարարի  խոսքն ամբողջությամբ` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031