ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրի և «Հայկական առևտրային ցանցի» նախագահ Վահրամ Փիրջանյանի մամուլի ասուլիսը՝ «Հայաստան-Կանադա տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները» թեմայով:
Ասուլիսի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Սեյրանուհի Գեղամյանը:
Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը՝ այս բացառիկ հնարավորությունը ընձեռելու համար: Նա մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել կանադացի գործարարների այցը Հայաստան : Պատվիրակության կազմում էին 14 գործարար, ովքեր գործուն և կառուցողական հանդիպումներ ունեցան հայազգի գործընկերների հետ»: Դեսպանը կարևորեց հատկապես՝ գյուղատնտեսության, գյուղմթերքի արտադրության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի, հանքարդյունաբերության զարգացմանը նպաստելու ծրագրերը: Պարոն Քյուրին բարձր գնահատեց սփյուռքի նախարարության և «Հայկական առևտրային ցանցի» արդյունավետ աշխատանքը հայկական սփյուռքի ներուժը համախմբելու գործում:
«Հայկական առևտրային ցանցի» նախագահ պարոն Փիրջանյանն էլ իր գոհունակությունը հայտնեց հայաստանյան հանդիպումներից և հավելեց. «Մենք չէինք սպասում այսպիսի հաջողություն: Հիմք ընդունելով մեր հանդիպումները, կարող եմ ասել, որ Հայաստանում ներդրումների ծրագրեր կիրականացվեն»: Կանադահայ գործարարը նշեց, որ մայիսին կրկին կվերադառնան, Շուշիում կգումարեն 4-րդ հավաքը:
Կազմակերպության գործունեության նպատակը Հայաստան-Սփյուռք տնտեսական հարաբերությունների զարգացումն է և սփյուռք-սփյուռք կապերի ամրապնդումը: Պարոն Փիրջանյանը հույս հայտնեց, որ հանդիպումները կնպաստեն բիզնես-հնարավորությունների ընդլայնմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:
Այնուհետև լրագրողները հարցեր ուղղեցին դեսպանին և «Հայկական առևտրային ցանցի» նախագահին՝ հայ-կանադական հարաբերությունների, Հայաստանում կոնկրետ ներդրումների հեռանկարի, աշխատատեղեր ստեղծելու, Հայաստանից արտահանումն ավելացնելու, հայ-կանադական առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ :
Նշենք, որ «Հայկական առեւտրային ցանց» («ՀԱՑ») հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների համահայկական ընկերակցությունը ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ, Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ կազմակերպված Հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի (2011թ. ապրիլի 30) երկօրյա քննարկումների արդյունքում, հաստատվել է կանոնադրությունը, խորհրդի կազմը, սահմանվել է անդամակցության կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ