Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Հայաստան – Եվրոպական միություն բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ ընգծելով, որ դրանք նպաստում են երկկողմ օրակարգի առաջմղմանն ու համագործակցության ընդլանմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, որի շրջանակներում արդեն բավականին արդյունավետ քննարկումներ է ունեցել, և հույս հայտնեց, որ այցը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձևավորման շուրջ: Այս համատեքստում կարևորվեց իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ապագա մեկնարկը։
Կարդացեք նաև
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` առկա ձեռքբերումների հիման վրա շարունակելու ԵՄ հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով, հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:
Կողմերը կարևորեցին 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնք ճանապարհ են բացում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկ։
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց՝ Հայաստանում ընթացող բարեփոխումներին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական, ֆինանսական աջակցության համար:
Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում հանձնակատար Հանը ԵՄ աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին։
Հանդիպմանը հետևեց նախարար Նալբանդյանի և հանձնակատար Հանի համատեղ մամլո ասուլիսը:
ՀՀ ԱԳՆ