Արա Պապյանի խոսքերով՝ քրդերը Հայոց ցեղասպանության արդյունքում ձեռք են բերել հայրենիք:
«Ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունները գնալով խաթարվում են»,- մարտի 18-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից անկախ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու փորձը եւ Ռուսաստանի հետ մերձեցումը՝ ի հաշիվ Արեւմուտքի, հարցեր են, որոնք Թուրքիայի համար լուրջ հնարավորություններ են ստեղծում եւ լուրջ մարտահրավերներ են. «Սխալ զարգացման եւ սխալ հաշվարկների դեպքում՝ Թուրքիան կարող է դրա համար պատժվի, պատժի գործիքներից մեկը կլինի քրդական գործոնը, կարծում եմ՝ հայկական գործոնի հետ համադրված՝ հավասարակշռության եւ հակակշիռների միջեւ»:
Պարոն Պապյանը հավելեց, որ քրդերը եղել են կոտորողները, իսկ հայերը՝ կոտորվողները, եւ ըստ էության քրդերը շահել են Հայոց ցեղասպանությունից. «Եթե համեմատենք, թե որ էթնիկ խումբն է ամենաշատը շահել Հայոց ցեղասպանությունից, քրդերն են: Նախ քրդերը ձեռք են բերել հայրենիք, հետո՝ անհատ քրդերը ձեռք են բերել հարստություն, կանայք ու երեխաները բաժին են հասել մեծ մասամբ քրդերին: Քեմալին հաջողվեց քրդերին հայերի դեմ տրամադրել այն պատճառով, որ ասաց՝ եթե չկռվենք հայերի դեմ, հայերը հետ կգան եւ ձեզնից կվերցնեն իրենց տները, որոնք դու նրանցից եք վերցրել»:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ ներկայումս Թուրքիայում քուրդ մտավորականները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, բայց երբ հերթը հասնում է հատուցմանը, հրաժարվում են. «Բայց այդ ձեւով արդարություն չի լինում. դուք սպանել եք, յուրացրել եք ունեցվածքը, սպանվածությունը չի կարելի վերականգնել, բայց ժառանգները պետք է ստանան իրենց հասանելիքը: Զգույշ պետք է լինել, որովհետեւ մենք հաճախ չափից ավելի կարեւորում ենք եւ պատվի ենք արժանացնում մարդկանց, որոնք ցեղասպանություն բառն են օգտագործում, բայց իմ կարծիքով՝ չափորոշիչը հետեւյալը պետք է լինի՝ եթե ցեղասպանություն է, ապա հանցագործություն է, արդյոք ընդունո՞ւմ եք, որ հանցագործության հետեւանքները պիտի վերականգնվեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ