Լրահոս
Օրվա լրահոսը

Պլաստիկե խաղալիքներում պարունակվող թունավոր նյութերը կարող են բերել երեխաների վաղաժամ հասունացման

Մարտ 18,2015 15:10

Պլաստիկե խաղալիքները, որոնք նախատեսված են փոքրիկ երեխաների համար եւ որոնք երեխաները սովորաբար դնում են իրենց բերանը, պետք է անվտանգ նյութերից պատրաստված լինեն, քանի որ պլաստիկե խաղալիքներում պարունակվող թունավոր նյութերը կարող են բերել երեխաների վաղաժամ հասունացման: Այս տեղեկություններն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտնեց մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

Բժշկի խոսքով՝ արդեն ալերգիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար փափուկ խաղալիքները կարող են վտանգավոր լինել եւ փոշու տզերի առաջացման պատճառ հանդիսանալ. «Ցանկացած խաղալիք գնելուց հետո պետք է լվանալ եւ նոր օգտագործել»:
Ինչ վերաբերում է անորակ խաղալինքերի օգտագործմանը մանկապարտեզներում՝ բժիշկը վստահեցնում է, որ առաջին հերթին մանկապարտեզներում պետք է սահմանել անորակ խաղալիքների նկատմամաբ վերահսկողություն:

Խաղալիքը ճիշտ ընտրելու համար, ըստ Աստղիկ Բաղդասարյանի, պետք է ընտրել տարիքին համապատասխան խաղալիք. «Օրինակ ութ տարեկանի համար նախատեսված կոնստրուկտորները վտանգավոր են մեկ տարեկան երեխայի համար, քանի որ մանր բեկորները կուլ տալով, կարող են վնասել շնչուղիները»։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ վստահեցնում է, որ ոչ բոլորը գիտեն, որ այն ինչ երեխայի համար է նախատեսված՝ կահույք, հագուստ, խաղալիքները, պետք է միայն պատրաստված լինեն բնական նյութերից. «Պայուսակը, կոշիկները, պետք է լինեն պատրաստված բնական կաշվից, խաղալիքների ասպարեզում պոտենցիալ վտանգը կապված է ներկերի ու լաքերի հետ, որոնք թունավորումների պատճառ կարող են հանդիսանալ»:

Ամենակարեւորը, ըստ պրն Պողոսյանի, խաղալիքը պետք է ունենա  համապատասխան սերտեֆիկատ, որտեղ գրված լինի արտադրողի անունը, ինչից է այն պատրաստված. «Խաղալիքը առանց սերտեֆիկատի վաճառելը մոտ է հանցանքի»։

Պարոն Պողոսյանի տվյալներով՝ Հայաստան ներկված խաղալիքների մեծ մասը չինական արտադրության են, իսկ տեղական խաղալիքները շուկայում գրեթե չեն հանդիպում. «Այն խաղալիքներն էլ, որոնք լավ որակ ունեն, շատ թանկարժեք են, եւ ծնողները չեն կարող իրենց թույլ տալ նման թանկ խաղալիք գնել»:

Հոգեբան Դոնարա Խանոյանն էլ վստահեցնում է, որ այն խաղալիքները, որոնցով երեխաները խաղում են, հենց դրանք են հանդիսանում նրանց բնավորության ձեւավորման հիմնական ճանապարհը. «Խաղի անհրաժեշտությունը շատ կարեւոր է երեխայի կայուն զարգացումն ապահովելու համար»: Հոգեբանը օրինակ է բերում, որ հոգատար բնավորության ձեւավորման համար տիկնիկի հետ պետք է ոչ միայն աղջիկները խաղան, այլեւ տղաները, միայն մի քանի տարի հետո է գալիս տարբերակումը, երբ տղաները սկսում են խաղալ մեքենաներով: Իսկ ագրեսիվ խաղալիքները պետք է իսպառ բացակայեն երեխաների մոտից, քանի որ դրանք իրենց բացսական ազդեցությամբ երեխաների մեջ ագրեսիա են սերմանում:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031