2015 թվականից մինչեւ 2019 թվականը Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների 62 հազար բնակիչների հնարավորություն է տրվել մշակել իրենց համայնքների զարգացման ծրագիրը: «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. Համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնության կառավարության կողմից եւ իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
Այսօր ՄԱԿ-ի Երեւանյաn գրասենյակում ծրագիրը ներկայացնելիս՝ ՄԱԿ մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն նշեց, որ ծրագիրը այն համայնքներում է իրականացվելու, որտեղ ապրում են մարդկանց ավելի խոցելի խմբեր, որտեղ գործազրկությունը եւ արտագաղթը բարձր մակարդակի վրա են. «Այս ծրագիրը ունենալու է երեք ուղղություն. առաջինը՝ գրավել օտարերկրյա ներդրողների ուշադրությունը, երկրորդ՝ գյուղատնտեսական այնպիսի ծրագրեր մշակել, որոնք աշխատատեղեր կստեղծեն եւ վերջապես՝ զարգացնել ենթակառուցվածքները ՝ վերանորոգել մանկապարտեզները, դպրոցները»:
Ինչպես վստահեցրեց Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը՝ աշխատատեղեր կստեղծվեն ջերմոցներում, տասնյակ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կառույցներում, կստեղծվեն մրգի հավաքման կետեր:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինն էլ իր խոսքում ասաց, որ Ռուսաստանի Դաշնության եւ ՄԱԶԾ համագործակցության թիրախային խմբում են այն ԱՊՀ եւ ԵՏՄ անդամ երկրները, որոնք ունեն սերտ տնտեսական, մշակութային, քաղաքական կապեր Ռուսաստանի հետ. «ՌԴ կառավարությունն այս համատեքստում որոշել է հինգ միլիոն դոլար հատկացնել 2015-2019 թվականներին իրականացվող ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակներում՝ համայնքների կայուն զարգացման նպատակով»: Դեսպանը հույս հայտնեց, որ այս ծրագիրն ավելի կամրապնդի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունը։
Կարդացեք նաև
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ կարեւորեց համայանքների համաչափ զարգացումը եւ ապակենտրոնացումը:
Ծրագրի պաշտոնական մասից հետո հյուրերը հնարավորություն ունեին մասնակցելու ցուցահանդեսի, որում տեղ գտած նկարները հիմնականում պատմում էին սահմանամերձ համայնքների բնակիչների ոչ բարեկեցիկ կյանքի մասին։ Բրեդլի Բուզետոն հույս հայտնեց, որ հնգամյա ծրագրի ավարտից հետո ցուցահանդեսի նկարները կունենան այլ բովանդակություն։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ