Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Հայոց ցեղասպանությունը կանգնած է քրդական պետության հիմքում»

Մարտ 18,2015 14:31

Արա Պապյանի կարծիքով՝ նկատվում է քրդացած զանգվածի դեպի հայկական արմատներ վերադառնալու ակտիվությունը:

«Կարծում եմ, եթե ցեղասպանությունը հանցագործություն է, իսկ դա միանշանակորեն հանցագործություն է, ուրեմն՝ այդ հանցագործությունը վերացնելու համար առնվազն երկու բաղադրիչ պետք է իրականացվի, մեկը՝ հանցագործի պատիժն է, որը մենք չենք իրականացրել, երկրորդը՝ տուժողը վերականգնում է իր իրավունքները»,- մարտի 18-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքերով՝ հարցում առկա է տարբեր պետությունների եւ էթնիկական խմբերի շահերի բախում. «Արեւմտյան Հայաստանի բնակչության մեծ մասը քուրդ է կամ իրեն քուրդ է համարում, 6,5 միլիոն մարդ է: Հետեւաբար՝ այսօրվանից մենք մեզ համար պետք է մի քանի հարց հստակեցնենք. մենք պետք  է հասկանանք գլխավոր հարցի պատասխանը՝ մեզ համար զուտ տեսականորեն քրդական պետության ստեղծման պարագայում ի՞նչ ընդգրկում կունենա, եւ նրա գոյությունը Հայաստանի շահերը կթուլացնի՞, թե՞ հակառակը: Դրա համար անհրաժեշտ են քննարկումներ, կարծիքների բախում»:

Պարոն Պապյանի կանխատեսմամբ՝ 15-20 տարի հետո դե յուրե ճանաչված քրդական պետություն կլինի: Նա համարում է, որ Թուրքիայի ներսում հետաքրքիր գործընթաց է գնում՝ նկատվում է քրդացած զանգվածի դեպի հայկական արմատներ վերադառնալու ակտիվությունը. «Իմ դիտարկումներով՝ սա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Թուրքիան աստիճանաբար սկսել է գիտակցել, որ ռազմական ճանապարհով չի կարող քրդական հարցը լուծել եւ փորձում է քրդական գործոնին հակակշիռ ստեղծել հայկական գործոնը՝ ակտիվացնելով հայկական տարրը Արեւմտյան Հայաստանի տարածքում: Այն ժամանակ, եթե Թուրքիան հայերին քրդացնելու քաղաքականություն էր տանում, ապա հիմա հակառակ գործընթացն է կատարում, այսինքն՝ հակակշիռ է ստեղծում: Լուրջ թուրքական քաղաքագետները հասկանում են, որ ռազմավարական առումով Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի ամենամեծ սխալներից մեկն էր, դա իրենց բերեց մարտավարական հաղթանակ. Իրենց բառերով՝ իրենք մաքրեցին իրենց երկիրը քրիստոնյաներից, բայց այստեղ մի ուրիշ բան առաջացավ՝ հայերն ու քրդերը, երբ որ խառն էին ապրում, մեկը մյուսին հակակշռում էր եւ չէին կարող անկախանալ: Ըստ էության, Հայոց ցեղասպանությունը կանգնած է քրդական պետության հիմքում: Կոտորելով հայերին՝ քրդերը մնացին առանց հակակշռի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031