Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրանեսթում խոսվեց դատաիրավական համակարգի կոռումպացվածության մասին

Մարտ 18,2015 14:17

Երեւանում շարունակվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում եվրոպացի պատվիրակ Անդրեա Մատտեո Ֆոնտանան անդրադարձավ Արեւելյան գործընկերության երկրներին արդարադատության ոլորտում ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը, բարեփոխումների խթանման ծրագրերին: Ըստ այդմ, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Մոլդովայում վերջին տարիներին ներդրվել է 200 միլիոն եվրո, դատաիրավական համակարգում տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ելույթում նկատեց, որ հետխորհրդային երկրներում անկախ դատական համակարգ գոյություն չունի: Ավելին, ըստ նրա, կրթական համակարգում առկա կոռուպցիան անուղղակիորեն ազդում է նաեւ դատական համակարգի կոռումպացման վրա:

Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հեյդի Հաուտալան դիտարկում արեց, որ սա այն կարևոր ոլորտներից է, որի իրացման համար Եվրանեսթը և ԱԼԳ-ն պետք է պայքարեն. «Այդ հիմնարար ազատությունների համար վաղն առավոտյան բանավեճ է տեղի ունենալու քաղհասարակության ներկայացուցիչների հետ Եվրանեսթի շրջանակներում, հուսով եմ՝ հայկական պատվիրակությունը նույնպես կմասնակցի»:
Դատական համակարգի կոռումպացված լինելու խնդիրը թիվ մեկը համարեց նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ ՀՀ-ում անցկացված հարցումներն ապացուցում են, որ հանրության գերակշիռ մասը բողոքում է դատական համակարգում կոռուպցիայից: Այս համատեքստում նա գործընկերներին կոչով արեց` հնարավոր իրավական փաստաթղթի հիմքում հիմնական շեշտադրումն արվի արդարադատության  անկախության խնդրին:

Վրաստանի պատվիրակ Վիկտոր Դալիձեն, խոսելով իր երկրի մասին, ասաց, որ արդարադատության համակարգն այսօր Վրաստանում էլ դեռ հեռու է եվրոպական ստանդարտներից. «Վրաստանում ԵԱՀԿ-ն փաստագրական առաքելություն էր իրականացվում, և արդյունքներով հանդես եկան, բայց հաշվետվությունը հաշվետվություն է, իսկ գործողությունը՝ գործողություն, ուստի հաճելի կլիներ հասկանալ այդ հաշվետվությունները ինչ գործողություների  են հանգում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031