Երեկ Երեւանում մեկնարկեց «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որի ընթացքում մի քանի անգամ հնչեցին տեսակետներ այն մասին, որ Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը Եվրամիության հետ։
Եվրամիության հետ հետագա համագործակցության հնարավորության եւ Քշիշտոֆ Բոբինսկիի հնչեցրած հայտարարությունների շուրջ «ՉԻ»-ն զրուցեց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանի հետ։
– Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ՝ նոր փաստաթղթի ձեւավորման շուրջ։ Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների եւ ԵՄ ներկայացուցիչների հայտարարությունները՝ նոր ձեւաչափի համագործակցության պատրաստակամության մասին, ի՞նչ եք կարծում, Ռիգայում կստորագրվի՞ որեւէ փաստաթուղթ։
– Չեմ ուզում կանխատեսումներ անել։ Կասեմ հետեւյալը. դրական եմ վերաբերում, որ Հայաստանի համար եվրոպական ուղղությունը չի մղվում հետին, երկրորդական պլան եւ որ Եվրոպան նախանձախնդիր է շարունակելու երկխոսությունը արեւելյան գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ, չնայած նրան, որ Հայաստանի իշխանություններն անվստահելի են, որովհետեւ տարիներ շարունակ վարում էին քաղաքականություն դեպի Արեւմուտք, բայց մեկ գիշերվա մեջ շրջադարձ կատարեցին։ Հույս ունեմ, որ կոնսուլտացիաների արդյունքում Հայաստանը կկարողանա համաձայնեցված փաստաթուղթ մշակել, որը կբխի Հայաստանի շահերից։
Կարդացեք նաև
– Եվրամիության ներկայացուցիչները հիմա պարբերաբար հայտարարում են, որ Արեւելյան գործընկերության երկրներին պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, ինչը նախկինում չի եղել։ Ինչո՞վ եք պայմանավորում ԵՄ հռետորաբանության փոփոխությունը։ Արդյոք Եվրամիությունը սկսել է գիտակցե՞լ, որ նախկինում վարած քաղաքականությունը արդյունավետ չի եղել։
– Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս անցյալ տարի աշնանը Եվրամիության հանձնակատարներն ու եվրահանձնաժողովի առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք փոխվել են։ Հետեւաբար, փոփոխությունը ԵՄ վարած քաղաքականության մեջ ակնհայտ է։ ԵՄ ընդլայնված հարցերով հանձնակատարը նույնպես ՀՀ իշխանությունների հետ ավելի մեծ հույսեր է կապել, քան արժեր, ավելի քիչ ուշադրություն է դարձրել քաղաքական մյուս ուժերին, հանրային սեկտորին, որոնք բազմիցս զգուշացրել են, որ Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ շփումները չեն կարող առանց խնդիրների լինել, որը, սակայն, անտեսվել է։ Նախկինում ԵՄ համապատասխան պաշտոնյաների կողմից ճիշտ հաշվարկ չի կատարվել։ Իսկ հիմա նոր մարտավարություն է որդեգրվել, ինչը հնարավորություն է ընձեռում պաշտոնական Երեւանին ավելի ճկուն քաղաքականություն վարել եւ լավ կլիներ, որ մենք կարողանայինք բոլոր կողմերի հետ փոխհամաձայնեցված փաստաթուղթ մշակել։
Զրույցը վարեց Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում