Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարաբերությունների լայն մոդել կլինի այն երկրների հետ, որոնք ընտրել են Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը». Յոհաննես Հան

Մարտ 18,2015 11:55

«Անդամ երկրների հետ հարաբերությունների հարցում ԵՄ հիմնական բանաձևը հետևյալն է՝ այն երկրները, որոնք ընտրել են Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը, նրանց հետ կլինի հարաբերությունների լայն մոդել, իսկ երկրները, որոնք չեն կարողացել այս ճանապարհը բռնել, նրանց հետ համագործակցությունը կնեղացվի և կկենտրոնացվի ամենաէական ոլորտների վրա՝ միգրացիա, անվտանգություն, պետական կառավարում»,-Երեւանում շարունակվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորորդ լիագումար նիստում այսօր հայտարարեց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Եվրոպացի պաշտոնյան վերահաստատեց Վիլնյուսի գագաթաժողովից եւ ուկրաինական դեպքերից հետո ԵՄ-ում Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների նկատմամբ փոփոխությունը` ԵՄ-ն պետք է ճկուն գտնվի, հարմարվի փոփոխվող հանգամանքներին, հաշվի առնի ճգնաժամերը, որ առաջանում են անդամ երկրներում: ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով: Յոհաննես Հանը նաեւ հստակեցրեց` Հայաստան-ԵՄ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի այլ միջազգային պարտավորությունները։ Նա նկատի ուներ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը:

«Կշարունակենք աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղհասարակությանը»,-հայտարարեց եվրոպացի պաշտոնյան` հավելելով, որ առաջիկա երեք-չորս ամիսների աշխատանքներից հետո կլինեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ծավալուն հարաբերություններ: Նկատենք, որ ԵՄ-ն այս տարի ավելացրել է նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը տրամադրվող գումարները:

«Նախ, տարբերակված մոտեցման մասին. մենք պետք է ընդունենք, որ մեր գործընկերները տարբեր են ոչ միայն աշխարհագրությամբ. Վրաստանն ու Մոլդովան, օրինակ, առավել սերտ ինտեգրման ճանապարհն են ընտրել»,-ասաց ԵՄ հարևանության ընդլայնման հարցերով պաշտոնյան՝ կոչ անելով Վրաստանին կյանքի կոչել Ասոցացման համաձայնագիրը մասնակցային ոգով, իսկ Մոլդովային՝ է՛լ ավելի արագ իրականացնել բարեփոխումները: Խոսելով Ադրբեջան- ԵՄ հարաբերությունների մասին՝ բանախոսը նկատեց, որ ԵՄ-Ադրբեջան երկկողմ համաձայնագիրը շահեկան կլինի երկու կողմերի համար, և որ «Հարավային Կովկասի գազատարը կնպաստի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկասին»: Նա նաեւ ցավ հայտնեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը Երևանում չէ:

ԵՄ-ում նաեւ գնահատում են վերջին շրջանում Բելառուսի հավասարակշված քայլերը:

Բանախոսն ընդգծեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես Եվրոպայի կողմից պարտադրված քայլ: Ասաց, որ ԵՄ-ն ցանկանում է հիմնական գործընկեր հանդիսանալ հարևանության բոլոր երկրների համար՝ ճանաչելով նրանց` սեփական, ուրույն քաղաքականությունն իրականացնելու իրավունքը. «Խոսքն ընդհանուր արժեքի հիման վրա, կայուն և բարեկեցիկ ապագա կառուցելու մասին է. այս հարցն այնչափ ակտուալ է այսօր, ինչպես տասը տարի առաջ, երբ Հարևանության քաղաքականությունը մեկնարկեց: Սա կարևոր է, քան երբևէ»:
Ըստ նրա, թեև ԵՄ-ի ուշադրության կենտրոնում ԵՄ արժեքային համակարգի վրա կառուցված հիմնական սկզբունքներն են, սակայն առկա են բազմաթիվ նոր մարտահրավերներ: Խոսքը 2008-ին Վրաստանում, ապա՝ Ուկրաինայում Ռուսաստանի վարած, «գնալով կոշտ քաղաքականության» հետևանքների, ինչպես նաև Սիրիայում քաղաքացիական պատերազմի, Եգիպտոսում ու Լիբիայում մարտահրավերների մասին է, որոնց հետևանքով վտանգված է այս երկրներում ժողովրդավարությունը: Այս ուղղություններով աշխատանքներ տանելու առաջարկներ ստանալու հարցում ԵՄ-ն ակնկալում է առաջիկա երեք-չորս ամիսներին առաջարկների ներկայացում: Ըստ որում՝ երկխոսության մեջ ներգրավված են լինելու երկրների կառավարությունները:

Եվրոպացի պաշտոնյան տեղեկացրեց, որ ապրիլի 13-ին Բարսելոնայում, ապա՝ Լյուքսեմբուրգում 20 անդամ երկրների նախարարներ կքննարկեն այս խնդիրները, իսկ մայիսի 23-ին Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում գործընկեր երկրները կկարողանան իրենց կարծիքները հնչեցնել ամենաբարձր մակարդակով: Աշնանը բոլոր առաջարկներն ու կարծիքներն ի մի կբերվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031