Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշ» հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս

Մարտ 18,2015 11:38

Մարտի 1-ից Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: Այդ հեռուստաընկերությունը մարզային կարելի էր կոչել պայմանական կերպով, քանի որ դրա հաղորդումները  չէին սփռվում մարզի Բերդի տարածաշրջանում, Իջեւանի, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների գյուղերի մեծ մասում:

2011թ.Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության հենքի վրա ստեղծվեց «Տավուշ» հեռուստաընկերությունը: Այդ հեռուստաընկերության 40 տոկոսի փայատերը Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանն էր, սեփականության իրավունքը գրանցված էր մարզպետի եղբոր կնոջ անունով:

Հեռուստաընկերության 40 տոկոսի սեփականության իրավունքը գրանցված էր «Գրանդ Տոբակո» ընկերության իրավաբան Մանվել Սարգսյանի, 20 տոկոսի սեփականության իրավունքը՝ «Քամուտ» հեռուստաընկերության հիմնադիր եւ սեփականատեր Վարդան Անանյանի անունով: Տավուշի մարզային հեռուստաընկերությունն անցած 4 տարում շատ քիչ է լուսաբանել մարզի համայնքների անցուդարձը, սահմանագոտում կատարվող իրադարձությունները: Այդ հեռուստաընկերության եթերում հիմնականում կենդանիների մասին հաղորդումներ էին, որոնք պատրաստված էին BBC հեռուստաընկերության կողմից:

Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը կոչված է վերահսկելու, որպեսզի Հայաստանի հեռուստաընկերությունները կատարեն  հեռարձակման լիցենզիա ստանալու ժամանակ իրենց ստանձնած պարտավորությունները, այդ հարցում անգործության էր մատնված: Այսինքն՝ «Տավուշ» հեռուստաընկերությունը իր եթերաժամի որոշակի մասը պետք է հատկացներ հայրենական եւ սեփական հաղորդումներին, ինչը անցած 4 տարում չի արվել:

«Տավուշ» հեռուստաընկերությանը տրվել է թվային հեռարձակման լիցենզիա, այս տարվա հունիսից այն պետք է անցնի թվային հեռարձակման: «Տավուշ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանին հարցրինք, թե այժմ ո՞վ է այդ հեռուստաընկերության սեփականատերը: Նա հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ փոխվել է հեռուստաընկերության սեփականատերը, այժմ դրա 80 տոկոսի տերը Վլադիմիր Աղեկյանն է, իսկ ինքը, նախկինի նման, հեռուստաընկերության 20 տոկոսի տերն է: Վ.Անանյանին հարցրինք, թե ինչու մարզային հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: Նա ասաց, որ այդ հարցը պետք է տալ ՀԸ-ի նոր սեփականատիրոջը: Մեր ունեցած տեղեկություններով՝ մարզային հեռուստաընկերությունը ներկայումս չի գործում, որովհետեւ «Տավուշ» հեռուստաընկերությունը ֆինանսական պարտավորություններ ունի, այդ թվում՝ աշխատողներին ամիսներով չվճարված աշխատավարձ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031