Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արաբ շեյխերին կարելի է համոզել

Մարտ 18,2015 17:00

Եթե կառավարությունում գրագետ եւ հետեւողական աշխատեն

Ի՞նչ արդյունք կտա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցը Քուվեյթ եւ Եգիպտոս, վարչապետին հաջողվե՞լ է արաբ շեյխերին համոզել, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարեն` ցույց կտա ժամանակը: Մասնավորաբար, այն հետեւողական աշխատանքը, որ Հայաստանի կառավարությունը կդրսեւորի իր հետագա գործունեության մեջ` կյանքի կոչելով այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այս այցի ընթացքում: Համենայնդեպս, այս կարծիքին է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-12-ը գտնվում էր Քուվեյթում, ապա Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, որտեղ մերոնք մասնակցել են «Եգիպտոսի տնտեսության աջակցության եւ զարգացման» միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Քուվեյթի էմիրի, ԱԺ նախագահի, վարչապետի, առեւտրի եւ արդյունաբերության պալատի ղեկավարության, Եգիպտոսի նախագահի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: ՀՀ-ի եւ Քուվեյթի կառավարությունների միջեւ ստորագրվել են զբոսաշրջության եւ գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թվականների համագործակցության ծրագրեր:

Արաբական աշխարհի տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ, ակտիվ փոխայցելություններ, անգամ նախագահների մակարդակով եւ համագործակցության տարբեր ծրագրերի պայմանավորվածություններ Հայաստանը նախաձեռնել է դեռ անկախության առաջին տարիներից: Մինչդեռ այդ նախաձեռնությունները չեն առարկայացել` նկատում է Արմեն Պետրոսյանը: Եգիպտոսի եւ Քուվեյթի հետ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանը դեռ 1992-ից ունի: Այդ երկրի հետ բազմաբնույթ համագործակցության շուրջ կնքված պայմանագրերն ու համաձայնությունները հասնում են չորս տասնյակի, իսկ Քուվեյթի հետ` մեկ տասնյակից ավելիի: Մինչդեռ Արաբական աշխարհից, մասնավորաբար՝ Պարսից Ծոցի երկրներից ներդրումներ հնարավոր է ստանալ` համոզված է արաբագետը. «Այդ երկրները, հատկապես Քուվեյթը, նավթի հաշվին հարստացած, բավական մեծ կապիտալ ունեցող, սակայն տնտեսության առումով նեղ դիվերսիֆիկացմամբ երկրներ են: Նրանք միշտ խնդիր ունեն իրենց կապիտալը, եկամուտն այլ ոլորտներում ներդնելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, տարբեր ճյուղերը զարգացնելու: Դա միշտ կարեւորագույն խնդիր է եղել Ծոցի արաբական երկրների համար, եւ նրանք միշտ ակտիվ են եղել հատկապես դեպի Արեւմուտք ներդրումներ կատարելու առումով: Եվ եթե հայկական կողմն առավել ակտիվ նվիրվի այս աշխատանքին, ավելի շահագրգիռ քննարկվի մեր տնտեսության տարբեր ճյուղերը Արաբական աշխարհի, տվյալ դեպքում՝ Քուվեյթի համար, հնարավոր է լուրջ ներդրումներ բերել:

Մասնավորաբար, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում, ինչի մասին փաստաթուղթ ստորագրվել է հանդիպումների ժամանակ»:
ՀՀ-ն իր անկախության առաջին տարիներից ակտիվ հարաբերություններ է նախաձեռնել Արաբական աշխարհի տարբեր երկրների հետ. այդ ժամանակաշրջանն աշխարհաքաղաքական առումով բավական հանդարտ էր՝ հարաբերություններն արդյունավետ զարգացնելու համար, սակայն այդ ռեսուրսը չի օգտագործվել, եւ պայմանավորվածությունները մնացել են թղթի վրա: Հիմա, երբ Արաբական աշխարհում բավական բարդ իրավիճակ է, «արաբական գարունն», ըստ էության, չի ավարտվել, մի շարք երկրներ հետպատերազմական քաոսում են, որոշները` պատերազմական: Այս իրավիճակում ի՞նչ երաշխիքներ կան, որ հնարավոր է Արաբական աշխարհից ներդրումներ բերել Հայաստան, այդ երկրները սեփական տնտեսությունը ոտքի կանգնեցնելու խնդիր ունեն` «Առավոտի» հարցին Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Իրավիճակն է փոխվել, նաեւ ՀՀ իշխանությունների, կառավարության առաջնահերթությունները: Այն ժամանակ եթե մեզ համար առաջնահերթ էին առավելապես արտաքին ոլորտում ունեցած խնդիրները, ռեսուրսների ուղղորդումը ազգային անվտանգության, պաշտպանության ոլորտներ, ապա այժմ առաջնային խնդիր է մեր տնտեսության զարգացումը: Դա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է, ու ՀՀ-ի ներկայիս կառավարության անդամները դա հաշվի են առնում: Ուստի անգամ նման դժվարին իրավիճակներում որեւէ հնարավորություն սպառված չէ»:

Որոշ վերլուծություններով՝ վերահաս տնտեսական ճգնաժամից խուսափելու համար այս տարի Հայաստանին անհրաժեշտ կլինի 800 միլիոնից մեկ միլիարդ դոլար գումար, ընդ որում՝ ոչ թե վարկային գումարներ, այլ տնտեսությունում խոշոր ներդրումներ: «Արաբական աշխարհի հետ հարաբերություններում բավականին լուրջ ներուժ կա, որը չի օգտագործվում հավուր պատշաճի»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով. «Մինչ այսօր Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի հետ գոնե քաղաքական մակարդակում բավական լուրջ համագործակցություն է եղել: Այդ երկրներն իրենց տնտեսական ուղղվածությամբ ագրարային են եղել, արտահանել են գյուղատնտեսական արտադրանք: Նրանց հիմնական շուկան եղել են Պարսից Ծոցի պետությունները: 2010-11 թվականներից հետո՝ արաբական գարնանը հաջորդած շրջանում, այս երկրների տնտեսությունը զգալիորեն տուժել է, ու Պարսից Ծոցի շուկան բաց է մնացել:

Այս իմաստով ՀՀ-ն կարող է գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ համագործակցության ծրագրեր իրականացնել: Գրագետ աշխատելու դեպքում նաեւ զբոսաշրջության ոլորտում կարելի է լուրջ ներդրումներ ներգրավել: Եվ Հայաստանը, եւ Եգիպտոսը զբոսաշրջության զարգացումը գերակա ճյուղեր են հռչակել»: Սրանից զատ, ըստ մեր զրուցակցի, եթե ՀՀ կառավարությունը կարողանա մեր տնտեսության մեջ ներգրավել անգամ միայն տեղի հայերին, ովքեր տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ են, կայացած գործարարներ, այս տարիների ընթացքում մեծ ներդրումներ են ունեցել տվյալ պետությունների տնտեսական զարգացման մեջ, կառավարություններում իրենց ունեցած տարբեր կապերով նաեւ կարող են բավական լուրջ կապող օղակ հանդիսանալ մեր պետության եւ Արաբական աշխարհի տարբեր երկրների միջեւ: Իսկ Արաբական աշխարհում, ինչպես հայտնի է, հայկական սփյուռքը բավական մեծ եւ կայացած համայնք է:

Փաստացի եւ իրավաբանորեն Հայաստանն այժմ եվրասիական տնտեսական համակարգում է: Դա խոչընդոտներ, սահմանափակումներ չի՞ ստեղծում այլ պետությունների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու համար՝ մեր հարցին էլ Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Հակառակը՝ այստեղ ավելի մեծ հնարավորությունների մասին պետք է խոսել, քանզի ՀՀ-ում ցանկացած ներդրում, ըստ էության, նշանակում է Եվրասիական տնտեսական միության շուկա: Այս իմաստով ներդրողների համար իրավիճակը շատ ավելի գրավիչ է դառնում: ՀՀ-ում, ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ համեմատած, ներդրումային միջավայրը ավելի բարվոք է, աշխատուժն էլ` ձեռնտու: Ամեն առումով ՀՀ-ում ձեռնտու է ներդրումը: Տարածաշրջանի քաղաքական իրավիճակը միգուցե որոշակի սահմանափակումներ առաջացնում է, բայց պոտենցիալը կա: Մնում է հետեւողական աշխատանք»: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ մինչեւ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունը Արաբական աշխարհից, անգամ Իրանից ցանկություններ հնչեցին ԵՏՄ-ի հետ ոչ թե համագործակցելու, այլ անդամակցելու այդ միությանը:

Հետաքրքրվեցինք` հայկական կողմը ներկայացնող անձինք, ովքեր պետք է հետեւողական աշխատանք տանեն Արաբական աշխարհի պետությունների հետ, հույս եւ վստահություն ներշնչո՞ւմ են: «Ես ճանաչում եմ արաբական երկրներում մեր բոլոր դեսպաններին` լավ մասնագետներ են, լավ դիվանագետներ, իրենց գործին նվիրյալ: Ներկա կառավարության գործունեության հետ կապված՝ ինձ մոտ գոնե հույսեր կան՝ այն առումով, որ ի տարբերություն մյուսների՝ այս կառավարությունն առավել հետեւողական է: Իսկ մնացածը ցույց կտա ժամանակը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031