Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներեք, Դուք բժշկակա՞նն եք ավարտել»

Մարտ 18,2015 16:00

Ոչ մի վիրահատություն տեղի չի ունենում առանց անզգայացման: Մարդիկ այնքան չեն վախենում բուն վիրահատությունից, որքան անզգայացումից

«Շատերը կարծում են, որ ընդհանուր անզգայացումը քնի տեսակ է, բայց դա իրականում այդպես չէ: Ընդհանուր անզգայացում նշանակում է ցավերի հանդեպ զգացողության ընդհանուր բացակայում, որն ուղեկցվում է գիտակցության կորստով: Այն լրիվ արհեստական վիճակ է օրգանիզմի համար, որի ընթացքում անեսթեզոլոգը աշխատում է առաջին հերթին ցավազրկել հիվանդին, երկրորդ՝ օրգանիզմից հանում է հնարավոր բոլոր ռեակցիաները եւ երրորդ՝ հիվանդի համար ստեղծում է հարմարավետություն՝ «կոմֆորտ»,- անեսթեզիոլոգիայի բարդությունների, առանձնահատկությունների մասին մեզ հետ զրույցում ասում է «Իզմիրլյան գիտաբժշկական կենտրոնի» անեսթեզոլոգ Յուրի Մուսախանյանը, որն արդեն 35 տարի է՝ այս գործով է զբաղվում: Բժիշկ Մուսախանյանի խոսքերով՝ ընդհանուր անզգայացման ժամանակ հիվանդը չի կարողանում շնչել, եւ նրան հատուկ սարքավորումների միջոցով տալիս են արհեստական շնչառություն. «Անեսթեզոլոգները պետք է այնպես անեն, որ հիվանդը թթվածնի քաղց չզգա: Նրանք պետք է պայմաններ ստեղծեն, որպեսզի վիրաբույժները կարողանան աշխատել: Հիվանդը ոչինչ չի զգում հենց այդ արհեստական վիճակից, որը մենք պահպանում ենք ամբողջ վիրահատության ժամանակ: Ավելին ասեմ՝ անեսթեզոլոգի վրա դրված է եւս մեկ շատ կարեւոր պատասխանատվություն. նա պետք է ամբողջ վիրահատության ժամանակ պաշտպանի հիվանդի շահերը, չպետք է թույլ տա, որ վիրաբույժը շարունակի իր գործը, եթե անգամ չնչին բարդություն է նկատում հիվանդի վիճակի հետ կապված»:

Ըստ բժշկի՝ ամենամեծ բարդություններն անեսթեզոլոգի մոտ առաջ են գալիս աշխատանքի 3-7 տարիների ընթացքում. «Մինչեւ 3 տարի անեսթեզոլոգը, չհանդիպելով բարդությունների, կարծում է, որ իր մասնագիտությամբ աշխատելը շատ հեշտ է: Հաջորդ 4 տարիների ընթացքում Աստված նրան պատժում է. առաջ են գալիս մի շարք բարդություններ: Յոթ տարի հետո անեսթեզոլոգը ձեռք է բերում որոշակի փորձ եւ իմաստություն: Բարդություններ կարող են հաճախ չառաջանալ, բայց անեսթեզոլոգը պետք է ամեն ինչի պատրաստ լինի»:

Անեսթեզոլոգի խոսքերով՝ չնայած այս մասնագիտությունն աշխարհում ամենավարձատրվողներից է, բայց մեզ մոտ քչերն են ցանկանում ընտրել այն. «Զարմանալի է, բայց փաստ. այսօր հատուկենտ մարդիկ են ընտրում այս մասնագիտությունը, դա էլ երեւի պայմանավորված է նրանով, որ նրանցից շատերը պատկերացում չունեն այս աշխատանքի բարձր վարձատրության մասին: Կարծում եմ՝ երիտասարդների ուշադրությունն այս մասնագիտության վրա հրավիրելու լավագույն միջոցը դրա մասին տեղեկացնելն է»:

Մեր հարցին, թե անեսթեզիոլոգիայի մասնագիտության մեջ առավել մեծ դեր ո՞ւմ է վերագրվում՝ բժշկի՞ն, դեղորայքային սարքավորմա՞նը, թե՞ հիվանդին:
«Անեսթեզիոլոգին… Анестезиологи – они как евреи – их всегда мало, их никто не любит, но все считают очень умными, если что-то где-то случается, виноваты именно они. .. Մենք՝ հայերս, կարծում ենք, որ եթե անգամ կապիկին նստեցնենք դեղորայքային նոր սարքավորումների դիմաց, նա կարող է անել ամեն ինչ՝ լավ արդյունք գրանցելու համար: Իրականությունը լրիվ հակառակն է. լավ մասնագետը հին սարքավորումներով ավելի լավ արդյունք կարող է գրանցել, ինչն էլ գալիս է անեսթեզոլոգի պրոֆեսիոնալիզմից»,- ասաց բժիշկ Մուսախանյանը: Ըստ նրա՝ տարիներ առաջ պատկերն այլ էր. հիվանդներն ավելի շատ վախենում էին անզգայացումից, քան վիրահատությունից. «Բարեբախտաբար, հիմա պատկերը 180 աստիճան փոխվել է. հիվանդներին ամենեւին չի մտահոգում անզգայացումը: Մենք՝ անեսթեզոլոգներս, հաճախ ենք լսում հետեւյալ արտահայտությունը. «Դե լավ, դժվար բան չկա նարկոզի մեջ, կքնենք, կարթնանանք, ու ամեն ինչ ավարտված կլինի: Մարդիկ կարծում են, որ խաղուպար է այդ ամենը՝ չգիտակցելով, որ հենց անզգայացումն է վիրահատության ամենաբարդ հատվածը»:
Բժիշկն ասում է, որ իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում զավեշտալի դեպքեր էլ են լինում:

«Հիշում եմ, երբ վիրահատություններից մեկի ժամանակ հիվանդը շրջվեց եւ ասաց. «Կներեք, դուք բժշկակա՞նն եք ավարտել»: Այդ օրն ամբողջ օրը կոլեգաներս կատակում էին՝ ասելով. «Յուրա, բայց լուրջ բժշկակա՞նն ես ավարտել»:

Բժշկի ներկայացմամբ՝ անեսթեզիոլոգիայի մեջ թթվածնի հագեցվածությունը 90-100 պետք է լինի: Իր գործընկերներին բժիշկը մաղթում է, որ հիվանդների մոտ թթվածնի հագեցվածությունը դուրս չգա սահմանված չափորոշիչներից:

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031