Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային «Մոսկվիչը» սառեցրել է խորհրդային ավանդը

Մարտ 18,2015 15:30

87-ամյա քաղաքացու հերթը ոչ մի կերպ չի հասնում
խորհրդային տարիներին ներդրած ավանդը ստանալու

Խորհրդային տարիներին ներդրած ավանդների փոխհատուցման գործընթացը խորհրդային ավանդատուների շրջանում մեծ հիասթափություններ է առաջացրել:

Բացի այն, որ սեփական քրտինքով աշխատած գումարները վերադարձնելը ՀՀ կառավարությունը դիտում է որպես դրամական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին, դեռ մի բան էլ այնպիսի առաջնահերթությունների ցանկ է սահմանել, որպեսզի հնարավորինս քիչ թվով մարդիկ կարողանան օգտվել այդ օգնությունից: Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ժորժիկ Կարապետյանը համոզված է, որ կառավարությունը ցանկացած պատրվակ օգտագործում է, որ մարդկանց ավանդից զրկի:

Համաձայն այդ ցանկի՝ անգամ 90 տարեկանին մոտ մարդկանց հերթը ոչ մի կերպ դեռ չի հասնում, ինչ է թե՝ տվյալ քաղաքացին անապահովության նպաստառու չէ:
87-ամյա Ժորժիկ Կարապետյանը, որը նույնպս խորհրդային խնայբանկում ավանդ ունի, բարեկեցիկ չի ապրում, եւ ինչպես ինքն է ասում՝ այդ ավանդի կարիքն այսօր շատ ունի: Ժորժիկ Կարապետյանը զուտ նպաստառու չէ այն պատճառով, քանի որ նրա անվամբ «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա կա, որը, սակայն, քաղաքացի Կարապետյանի հավաստմամբ՝ վաղո՜ւց գոյություն չունի, սակայն գոյություն չունեցող եւ միայն փաստաթղթով առկա «Մոսկվիչը» խոչընդոտ է հանդիսանում, որ քաղաքացին իսկապես համարվի աղքատ եւ ընդգրկվի նպաստառուների ցանկում, հետեւաբար՝ նաեւ կառավարության սահմանած խնայբանկի ավանդատուների առաջնահերթությունների ցուցակում:

Նկատենք, որ ավանդների վերադարձն իրականացվում է ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրով: Համաձայն օրենքի՝ ծրագիրը կրում է հասցեական բնույթ եւ նպատակաուղղվում է սոցիալապես առավել անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը: Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն միայն այն մարդիկ, որոնք 2005թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն ընդգրկված են եղել նպաստառուների ցուցակում: Ըստ այդմ էլ սահմանվել է առաջնահերթությունների ցանկ այն խմբերի համար, որոնք պետք է առաջնահերթ փոխհատուցվեն: Ցուցակի առաջին տեղում 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներն են, այնուհետեւ «կփոխհատուցվեն» մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառուները, ապա՝ միայնակ թոշակառուները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները եւ նրանց հավասարեցված անձինք նույնպես ցանկում են, սակայն ավանդը կստանան, եթե նպաստառու վետերան են: Ցանկը շարունակում են ՀՀ պաշտպանության 1990-1994 թվականների ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքի անդամները, առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամները, ՀՀ պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրի բնակիչները, երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչները, բազմազավակ ծնողները, ինչպես նաեւ այդ ծնողների երեխաները:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031