Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի վերջը. լուրեր ապագայից

Մարտ 18,2015 15:00

«Ինչ եղել է՝ էլ չկա: Ինչ կլինի՝ դեռ չկա»:
Ալֆրեդ դը Մյուսե

Հատված «Արմագեդոն-Արմենիա» հեռուստատեսության ծրագրից:

Հաղորդավար.

– Աշխարհի վերջի առթիվ ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը:

-Բարեւ ձեզ, սիրելի հայրենակիցներ: Այսօր աշխարհի համայն հայությունը նշում է աշխարհի վերջը: Ամենուր ուրախ, տոնական սեղաններ են, երգ, պար ու գինի:
Ընդունված է ամեն մի գործ ավարտելուց հետո համառոտ ամփոփել, գնահատել կատարվածը: Եվ այսպես՝ պատմության այս փուլում՝ վերջին մի քանի հազար տարում քիչ գործ չի արվել: Հիշենք միայն մի քանի առանցքային պահեր եւ երեւույթներ: Ստեղծվել եւ կործանվել են տիեզերքներ, համաստեղություններ, արեւներ եւ մոլորակներ, նրանցում բնակվող անգիտակից եւ գիտակից էակներ, քաղաքակրթություններ, պետություններ եւ հասարակական հարաբերություններ: Մենք անվերապահ գնում ենք առաջ: Ի վերջո, հսկայական ջանքերի գնով, մենք կարողացանք հաղթել ազգերի ու քաղաքակրթությունների մրցավազքում եւ գոյաբանական ու բարոյական հաղթանակ տանել մյուսների նկատմամբ: Առաջ, Հայաստան…

Հաղորդավար.

– Իսկ այժմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը:

-Սիրելի հավատացյալ հայ ժողովուրդ: Այսօր, աշխարհի վերջի պատվին մենք մեր օրհնությունն ենք հղում սուրբ Էջմիածնից համայն հայությանը ի Հայաստան եւ ի սփյուռս տիեզերքի: Անցյալ հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը, պահպանելով իր նախնյաց սուրբ առաքելական հավատը, դիմագրավեց բոլոր չար ուժերի խարդավանքներին եւ կարողացավ հաղթող դուրս գալ գաղափարախոսությունների ու քաղաքակրթությունների մեծ պայքարում: Պարտված են չարի բոլոր խարդավանքները՝ բուդդիզմն ու տրոցկիզմը, կաթոլիցիզմն ու եռանկյունաչափությունը, իսլամն ու դարվինիզմը, մատերիալիզմն ու քվանտային քիմիան: Ամենուր իր հաղթական դրոշն է պարզել մեր սուրբ առաքելականը: Երջանիկ եմ ձեզ հայտնելու, որ կործանված մարդկության բոլոր՝ անխտիր բոլոր անդամները, միանգամայն կամավոր կերպով, վերանալուց առաջ ընդունեցին մեր սուրբ հավատը եւ այդպիսով՝ տեղ գտան երանելիների մեջ: Դրանց մեջ էին Հռոմի պապը, Բեռլինի տատը, Մեքքայի իմամը, Բաքվի բայալդին… Մեր հոգեւորականները, կատարելով իրենց սրբազան պարտքը, կարողացան ապահովել բոլորի կամավոր առաքելականացումը եւ հոգիների փրկությունը…

Հաղորդավար.

-Մեր մոլորակը, բացի Հայաստանից, դարձել է անմարդաբնակ: Ոչնչացան, չդիմացան պատմության առաջընթացին եւ հայ ժողովրդի հետ պատմական մրցավազքին Բաբելոնը, Ասորեստանը, Հռոմը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Հնդկաստանը եւ Ռուսաստանը: Հենց նոր հաղորդում ստացվեց, որ հեռավոր գալակտիկաներից մեկից մեզանում նոր մարդկության ներդրում է արվում: Այդ հարցը ուղղորդում է միջաստղային միջգերատեսչական միջհայկական կոմիտեն: Նոր մարդկությունը, իրեն ուղեկցող կենդանական աշխարհով արդեն հանգրվանել է Մասիս լեռան վրա: Կազմակերպվում է նորեկների իջեցումը: Այնտեղ է մեր նկարահանող խումբը: Գայանե, լսո՞ւմ ես, դու եթերում ես:

Գայանեն խոսում է նոր ժամանած տիեզերանավի շտուրմանի՝ մի պզուկոտ երիտասարդի հետ, որը գալանտ կերպով օգնում է շքեղ հագնված պառավ տիեզերահայուհու իջնել տիեզերանավից: Լսվում է ցածր փսփսոց. – Լավ, հմի ինձ կարա՞ս տանես ձեր մոլորակը… Հետո՝ բարձրաձայն.

-Այո, Գագիկ, լսում եմ: Մեր խումբը ուշադիր հետեւում է նոր մարդկության ընդունման աշխատանքներին: Այստեղ գործում է արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ բրիգադը, որն իրականացնում է տիեզերանավի վայրէջքը եւ ուղեւորների, նրանց հետ բերված կենդանիների եւ ուղեբեռի դահուկներով իջեցում-ափհանումը Արաքսի ափ:

-Գայանե, կարո՞ղ ես հարցազրույցի հրավիրել տիեզերանավի հրամանատարին:

-Այո, Գագիկ, հիմա կաշխատեմ մոտենալ նրան:

Մի ընտանիք՝ հայրը եւ մայրը յոթ տարեկան որդու հետ հեռուստացույց դիտելով նշում են աշխարհի վերջը:

-Իյա՛, «Ձկան խանութի» հայաթի սիրիացի Կարպիսն ա, – ասում է կինը:
-Բա էլ ո՞վ պիտի ըլեր, – ասում է տղամարդը,- բայց ինքը սկզբում իրաքցի էր, հետո դառավ սիրիացի: Եկավ ստե, հետո գնաց Ամերիկա, ընտեղից հայեր էր տանում տիեզերք, հմի էլ բերում ա:

-Պարոն Յազըչյան, կարո՞ղ եք հարցազրույց տալ «Արմագեդոն-Արմենիա» հեռուստատեսությանը:

-Սիրով, միայն կարճ: Մենք քիչ առաջ կտրեցինք մի քանի հազար լուսատարվա մեր ճանապարհը եւ արդեն սկսել ենք ուղեւորների եւ ուղեբեռի իջեցումը: Եկել ենք «Արմագռդոն հայկական տիեզերուղիների» «Տապան 2» աստղանավով, որը նոր հայեր է հասցնում աշխարհի վերջ ունեցած մոլորակներին: Այսօր, վայրէջքից հետո, անձնակազմը կհանգստանա եւ կվերադառնա, իսկ նորեկները վաղվանից կանցնեն գործի:
-Պարոն Կարպիս, ի՞նչ կուզեիք հաղորդել մեզ՝ երկրի հայ բնակչությանը:
-Ուրախ ենք ձեզ հաղորդելու Կենտավրոսի, Զույգ Տավրոսի համաստեղությունների, ապա եւ Ծիր Կաթինի ու Ծիր Մածունի առաջադեմ տիեզերահայության ջերմ ողջույնը…
-Օֆ, հին ախպարներից հազիվ պրծանք, հմի էլ էս ախպարների ձեռքն ընկանք, – ասում է մայրը:

-Դե գիտես, ախպարները չեն ծնվում՝ նրանք գալիս են, ախպարները չեն մեռնում՝ նրանք գնում են, – ասում է հայրը:
-Բա հիմա ո՞նց պիտի լինի, – հարցնում է տղան:
-Դե, սկզբից կգան, կտեղավորվեն, հետո կսկսեն դժգոհել ու կգնան, հիմք կդնեն նոր երկրների, նոր ազգերի, նոր լեզուների: Դե, միշտ էլ բոլոր լեզուներն ու ազգերը մեզնից են առաջացել, ավելի ճիշտ՝ մեր ախպարներից: Հետո, աշխարհի մյուս վերջին, կվերջանան, մինչեւ նոր տիեզերահայություն գա:

-Բա մե՞նք:
-Մենք միշտ ենք ըստե: Ախպարները գալիս են ու գնում, իսկ մենք մնում ենք:
-Մենք տեղաբնիկ ենք, – հավելում է մայրը:
-Պապ, բա ե՞րբ ա աշխարհի մյուս վերջը լինելու:
-Տոչնի չգիտեմ, բայց ահագին կքաշի: Ըսենց մի միլիոն կամ հազար տարի:
-Պապ, լավ ա, չէ՞, որ մենք տեղաբնիկ ենք:
-Իյա՛, բա կարո՞ղ ա ախպար ըլնեինք:
-Պապ, որ ապերիկ ունենամ, ի՞նքն էլ տեղաբնիկ կլինի:
-Բա ոնց, ցավդ տանեմ, գնա քնի, արդեն ուշ ա, – ասում է մայրիկը եւ աչքով անում ամուսնուն,- շուտով կունենաս, գոնե էսօր աշխատենք աշխարհի վերջի պատվին: Երկիրը նորից ախպարներով լցրին, մենք էլ մի քիչ ավելանանք:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031