Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ հարցումներով տարիներ շարունակ դիմել է նախարարութուններին եւ պարզել, որ բացառիկ են այն դեպքերը, երբ նախարարությունները տվյալ տարում ունեցել են գաղտնազերծած որեւէ փաստաթուղթ: Ստացվում է, որ ոչ գաղտնիքի պահպանման ժամկետները լրանալու, ոչ էլ նշված օրենքով սահմանված հիմքերով պետական կառավարման մարմինները տեղեկություններ չեն գաղտնազերծում:
2015թ. հունվարի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բոլոր նախարարություններին՝ պարզելու, թե արդյոք տվյալ նախարարությունը 2014թ. գաղտնազերծե՞լ է գաղտնի փաստաթղթեր։ ԻԱԿ-ի հարցումները ցույց են տվել, որ ՀՀ նախարարություններից ոչ մեկը անցյալ տարվա ընթացքում որեւէ փաստաթուղթ չի գաղտնազերծել։
Գրեթե նույն գաղտնիության մակարդակն է գրանցվել նաեւ 2013-ին, երբ ԻԱԿ-ը պարզեց, որ 18 նախարարություններից միայն ԱԳՆ է այդ տարում գաղտնազերծել 3 փաստաթուղթ։ Մինչդեռ, ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված 10 տարի պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները պետք է գաղտնազերծվեն եւ համարվեն ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվեն սահմանված կարգով: Նաեւ գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, եւ տեղեկությունները ժամկետից շուտ կարող են գաղտնազերծվել ՀՀ կառավարության որոշմամբ: Այսպիսով, առնվազն ՀՀ անկախության 24 տարիներից վերջին 14 տարիների ընթացքում ամեն տարի պետք է գաղտնազերծվեն նախորդ 10 տարիների ընթացքում գաղտնի մնացած «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները:
«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկությունների գաղտնազերծման երկու հիմք կա. պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները. եւ՝ օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետեւանքով պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը եւ պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
17.03.2015