Ավելի քան երկու տասնամյակ Արցախի Հանրապետությունը կառուցում եւ կայացնում է իր պետականությունը՝ աշխարհի քաղաքակիրթ պետություններին հարիր բոլոր ինստիտուտների ներդրման ու զարգացման միջոցով: Ելնելով Արցախի Հանրապետության ներուժի գնահատման եւ նրա զարգացումն արագացնելու անհրաժեշտությունից՝ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը փորձ է արել մշակել եւ ամփոփել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերը՝ նպատակ ունենալով հանրությանը մատուցել ամփոփ տեղեկատվություն: Եվ ահա Արցախի գիտական կենտրոնի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների համագործակցության արդյունքում՝ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում հրատարակվել է Հակոբ Ղահրամանյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի» տեղեկատուն:
«Առավոտի» հետ զրույցում գրքի խմբագիր, Պոլիտեխնիկական համալսարանի լեզուների գիտակրթական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Պետրոսյանը նշեց, որ անչափ կարեւոր է աշխատության արժեքը՝ տեղեկատվական եւ պատմական առումներով: Նրա խոսքով, գրքում ամեն ինչ մանրակրկտորեն նկարագրված է, այդ թվում՝ հայկական բոլոր գյուղերը, ճանապարհներն ու հուշարձանները, բնակչության թիվը, առկա են քարտեզներ: Տիկին Պետրոսյանն այս աշխատությունը նաեւ հայրենասիրական ձեռնարկ որակեց, ասելով, որ մենք մեր տարածքները պետք է լավ ճանաչենք:
Հավելենք, որ տեղեկատուի գրախոսներն են տնտեսագիտության դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Յու. Սուվարյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ. Թոքմաջյանը, ԼՂՀ ԿԳ նախարար Ա. Ասրյանը, տնտեսագիտության թեկնածու Մ. Մինասյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
17.03.2015