Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային 1-ին խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության հարցը հանգուցալուծվում է եւ մեր հենակետային վեց մարզաձեւերի հավաքականները, կարծես, պատրաստ են մեկնել Ադրբեջան:
«Առավոտն» այս թեմայով զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ:
– Պարոն նախարար: ՀԱՕԿ-ի գործկոմը որոշեց մասնակցել Եվրոպական խաղերին: Դա քաղաքակա՞ն որոշում էր, թե՞ մարզական:
– Երկուսը` միասին` մարզական-քաղաքական: Ընդ որում, այդ որոշումը մարզական ազարտի համար չի կայացվել, այլ հիմնավորվել է իրավիճակի մանրամասն վերլուծությունով եւ բազմակողմանի քննարկումներով: Եթե որոշում կայացվել է, ուրեմն պետք է մասնակցել:
– Բայց որոշ ֆեդերացիաներ սկզբնապես հայտարարել էին, թե հրաժարվում են մեկնել:
Կարդացեք նաև
– Որքան ես եմ տեղյակ, միայն թաեքվանդոյի ֆեդերացիան է այդպիսի պաշտոնական հայտարարություն արել, սակայն նրանց մարզիկն էլ հայտարարել է, թե ինքը պատրաստ է մեկնել:
– Լավ: Ֆեդերացիաները համաձայն են: Բայց հնարավո՞ր է, որ մեր առաջատար մարզիկները հրաժարվեն եւ Բաքու մեկնեն հավաքականների երկրորդ կամ երրորդ կազմերը:
– Ոչ ոք մարզիկին պարտադրելու իրավունք չունի: Բայց ո՞վ կհրաժարվի: Եթե հիմա մեկ կամ երկու հոգի կա, կարծում եմ, ետ կկանգնի, երբ տեսնի, որ մյուսները գնում են ու մարտական տրամադրված:
– Բաքու մեկնելու երկու տարբերակ կա. մասնակցել ընդամենը մասնակցելու համար եւ մասնակցել հաղթելու նպատակով: Մենք ո՞ր մեկին ենք ապավինում:
– Պայքարելը եւ մեդալ նվաճելը:
– Իսկ Բաքվում կթողնե՞ն: Մենք դրա փորձն ունենք:
– Իսկ ինչպե՞ս չպետք է թողնեն: Ուզում եմ, որ բոլորը հասկանան. Եվրոպական խաղերը ոչ Ադրբեջանի, ոչ էլ կոնկրետ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի միջոցառումը չէ: Սա ՄՕԿ-ի ու ԵՎՕԿ-ի մրցում է: Անցած տարի Թոմաս Բախը եւ Պատրիկ Հիկին եղան Երեւանում: Նրանց ներկայացվել ու քննարկվել են մասնակցելու համար Հայաստանի մարզական պատվիրակության ինչպես անվտանգության, այնպես էլ` արդար մրցավարության հետ կապված խնդիրները: Պարոնայք Բախին ու Հիկիին ընդունել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ ես տեղյակ եմ, որ նրանք ստանձնել են հայկական կողմի առաջադրած բոլոր հարցերի կարգավորման պատասխանատվության իրենց բաժինը, իսկ ավելի ուշ Պատրիկ Հիկին դա հաստատել է ՀԱՕԿ-ին ուղարկած պաշտոնական նամակով: Հետեւաբար, եթե ՄՕԿ-ն ու ԵՎՕԿ-ը նման երաշխիքներ տվել են, ուրեմն իրենք էլ իրենց լրացուցիչ լծակներն ունեն:
– Անկեղծ ասած, այնքան էլ չեմ հավատում, որ հնարավոր է Բաքվում հատկապես հայ մարզիկների նկատմամբ անկողմնակալ մրցավարություն պատկերացնել:
– Բնական է, որ այնտեղ արվելու է հնարավոր ամեն բան: Բայց, օրինակ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որ առնվազն մեկ գլուխ բարձր է հնարավոր բոլոր մրցակիցներից եւ պատրաստվում է մեկնել Բաքու ու հաղթել, ի՞նչ են անելու: Առավել եւս, որ ՀԱՕԿ-ի պահանջով ՄՕԿ-ն ու ԵՎՕԿ-ը պարտավորվել են հատկապես մեր մարզիկների մրցելույթների ժամանակ նաեւ իրենց վերահսկողությունը սահմանել, որպեսզի կողմնակալ մրցավարություն չլինի: Չեմ բացառում, որ չեմպիոնների ու մեդալակիրների պարգեւատրության արարողության ժամանակ «հանկարծ տեխնիկական խափանումներ» լինեն: Մենք ամեն բանի պատրաստ ենք: Բայց եթե նման բաներ կատարվեն, դա կլինի Եվրոպական խաղերն ընդունող երկրի խայտառակությունը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2015