Կարինե Դանիելյանը՝ իր հաջողության բանաձեւի մասին
Բոլորին հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանն անկախության առաջին տարիներին զբաղեցրել է կարեւոր պաշտոններ՝ նախ Երեւանի փոխքաղաքապետի, հետո դարձել առաջին կին նախարարը, մինչ այդ զբաղվել է գիտական աշխատանքով:
«Առավոտը» «Հաջողության բանաձեւը» ամենշաբաթյա շարքում այս անգամ խոսել է նրա հետ: Քաղաքականության մեջ մտնելու մասին ասում է. «Ես չեմ որոշել, ինձ առաջարկվել է, սովետական տարիներին ստանդարտ ճանապարհ եմ անցել՝ դպրոց, համալսարան, երկուսն էլ գերազանց եմ ավարտել, հետո ասպիրանտուրա»: Տիկին Դանիելյանը հիշում է շարժման տարիները, որին ինքը ակտիվորեն մասնակցում էր: «Շարժումը սկզբում էկոլոգիական էր, հետո վերածվեց համազգայինի: Հետո պարզվեց՝ «Ղարաբաղ» կոմիտեն հարցում էր անցկացրել հիմնարկներում, մարդկանց շրջանում՝ ո՞ւմ կուզենայիք տեսնել այս կամ այն պաշտոնում, մարդիկ զանգում եւ ասում էին, որ մենք ասել ենք քո անունը:
Մեկ տարի աշխատել եմ փոխքաղաքապետ` էկոլոգիայի եւ առողջապահության գծով եւ հետո երեք տարի բնապահպանության նախարար»,- պատմում է տիկին Դանիելյանը: Ասում է, որ ամենամեծ դժվարություններն ու հիասթափություններն այդ տարիներին է ապրել: «Որովհետեւ ինչ նպատակներ դրել էի իմ առջեւ, ինչի համար գնացել էի, իմ կարծիքով, ես չկարողացա հասնել, իհարկե, օբյեկտիվ պայմաններ կային՝ պատերազմ էր: Այդ պարագայում էկոլոգիական խնդիր լուծելը շատ լուրջ հարց էր իշխանության համար, եւ եթե ես գալիս էի կառավարություն եւ ասում էի՝ Սեւանից ջուր բաց մի թողեք, ատոմակայանը կանգնած էր, մութ ու ցուրտ տարիներն էին, ինձ ասում էին. «Լավ, Սեւանը փակենք, ժողովուրդը մահանա, ադրբեջանցին գա, Սեւանը վայելի, դա՞ ես ուզում»… դրա պատասխանը չունեի,- ասում է նա, ավելացնում,- ես չորս տարի չեմ քնել, ամբողջ գիշեր ես մտածում էի՝ սա չստացվեց, այն չստացվեց, մեքենա չկար, կապի միջոց չկար… Ես զարմանում եմ, երբ տեսնում եմ մեր տղամարդիկ ինչ պայքար են տանում պաշտոնների համար, որովհետեւ դա շատ մեծ պատասխանատվություն է, մենակ իրավունքներն են տեսնում նրանք: Ես իշխանությունն ընկալում եմ որպես անեծք:
Շատ ավելի լավ եմ ինձ զգում գիտական միջավայրում, երիտասարդների մեջ»: Տիկին Դանիելյանն ասում է, որ քաղաքականությունից հեռանալուց անմիջապես հետո վերադարձավ նորից գիտական աշխարհ, հիմնեց սեփական կազմակերպությունը եւ կարծես հենց այդպես էլ վերականգնեց իր նախկին հանգիստ հոգեվիճակը՝ հաղթահարելով իր մեջ եղած հիասթափության զգացումը: «Հիմա ավելի շատ կարող ես ազդել որոշումների վրա, քան նախարար եղած ժամանակ: Ազատությունն ու ազատ խոսքն ինձ համար շատ ավելի կարեւոր էր, քան իշխանություն ունենալը»,- ասում է նա: Տիկին Դանիելյանը, այնուամենայնիվ, նկատում է քաղաքականության մեջ եղած իր շրջանի դրական շարժերը. Հայաստանը ինտեգրվեց միջազգային կազմակերպությունների գործընթացներում, օրենսդրական դաշտը որոշակի կարգավորվեց, նաեւ բնապահպանության նախարարությունը կայացավ:
Կարդացեք նաև
Իր ճանապարհին տիկին Դանիելյանը երբեք չի զգացել թերահավատություն տղամարդկանց կողմից իր նկատմամբ՝ որպես իգական սեռ, ասում է՝ գուցե պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է: Ինքն էլ իր կյանքում հիացել է երկու կանանց կերպարով՝ Սիլվա Կապուտիկյանի եւ Գոհար Համբարձումյանի, ասում է, որ նրանք մեծ ազդեցություն են թողել իր անձի ձեւավորման գործում: Նկատում է, որ միջազգային հանրությունում կինը նույնիսկ առավելություն է վայելում: «Ատոմակայանի վերաբացման խնդիրն էր, եւ ՄԱԳԱՏԷ-ում՝ Վիեննայում, պիտի ներկայացնեինք դա, չնայած ոչ մի էկոլոգ ատոմային էներգետիկան չի ընդունում, եւ ես էլ չեմ ընդունում, բայց ուրիշ ելք չունեինք, երկիրը վերանում էր պարզապես: Ես ղեկավարում էի մեր երկրի պատվիրակությունը, հարցը ներկայացրեցի, այնտեղ բոլորը տղամարդիկ էին, եւ կառավարության խնդրանքը փոխանցեցի, առաջինը խոսեց Ադրբեջանի նախարարը, հետո՝ Վրաստանինը, Թուրքիան առհասարակ չէր մասնակցում, եւ ընդմիջումից հետո հայտարարվեց, որ Թուրքիայի դեսպանը հատուկ խնդրել է թույլտվություն, որ գա, մասնակցի: Նա ասաց, որ խնդրում է արտահերթ ելույթ եւ ոչ ոք չպիտի պատասխանի իրեն:
Ելույթում ասաց, որ հայերն ամենաագրեսիվ ազգն են աշխարհում եւ դարերով մեր տարածաշրջանը խեղդել են արյան մեջ, ասաց՝ թող հայերը ցիվիլ ազգ դառնան, սովորեն ապրել իրենց հարեւանների հետ, հետո նոր պետականություն, նախարար ունենան, գա սրտաճմլիկ բաներ պատմի, դուք էլ լսեք, հավատաք: Մենք կտրուկ դեմ ենք դրան… եւ ես չպիտի դրան պատասխանեի: Թե այդ գիշեր ես ինչպես պետք է քնեի, չգիտեմ»,- պատմում է տիկին Դանիելյանը եւ նշում, որ իրեն խորհուրդ տվեցին այդպես էլ անպատասխան թողնել Թուրքիայի դեսպանին, հաջորդ օրվա ելույթում ներկայացնել իրավիճակը: «Խոսում եմ, բոլորը տղամարդ են, եւ ես տառապանքով ներկայացնում եմ երկրում տիրող իրավիճակը եւ առաջինը չդիմացավ Իսպանիայի ներկայացուցիչը, ասաց՝ Դուք մա՞րդ եք, թե՞ չէ, դուք տղամա՞րդ եք, մի հատ տեսեք այդ կինը ոնց է տանջվում, երկիրը խնդրում է, որ իրեն օգնենք, պիտի օգնենք… հետո նրան միացավ Իտալիան, եւ մեր խնդրանքն ընդունվեց: Ես վերադարձա ու ասացի՝ ընտրեք գեղեցիկ, խելացի կանանց եւ ուղարկեք դուրս, որտեղ բոլորը տղամարդիկ են»,- պատմում է տիկին Դանիելյանը եւ նշում, որ հենց այդ էլ իր ամենամեծ հաջողություններից ու հաղթանակներից է համարում:
Հայտնի բնապահպանն արդեն փորձված է իր ընտրած գործունեության մեջ, ասում է՝ իրեն շատ հարցերում օգնում են ԶԼՄ-ները: «Ես նաեւ միշտ աշխատում եմ գործ ունենալ որոշում ընդունող մարդկանց հետ՝ Ազգային ժողով, կառավարություն, նախագահի աշխատակազմ, որովհետեւ դու կարող ես ամիսներով պլակատով փողոցներում կանգնել եւ դա ընդամենը կդիտվի որպես ժողովրդավարության դրսեւորում, իհարկե, եթե մեծ ճնշում չկա, բայց եթե դու անմիջապես հանդիպում ես այն մարդկանց հետ, ովքեր որոշումներ են կայացնում եւ իրեն ես ներկայացնում իրավիճակը, վտանգները, ապա ինչ-ինչ հարցեր կարծես լուծվում են»,- ասում է տիկին Դանիելյանը: Իր հաջողության հասնելու բանաձեւի մասին էլ ասում է. «Ես համոզված եմ, որ եթե դու անվերապահորեն ծառայում ես այն խնդրին, որին նվիրված ես, եւ այդ խնդիրը նպատակաուղղված է ազգի բարօրությանը, բնության բարօրությանը, ապա տիեզերքից օգնություն է գալիս: Ես դա բազմաթիվ անգամ տեսել եւ զգացել եմ: Ես այն մարդկանցից եմ, որ կլինիկական մահ է տարել, գնացել եւ հետ է եկել եւ դրա համար մի քիչ այլ կերպ եմ մտածում աշխարհի մասին, այդտեղ մարդու տեղի մասին… հետո գնացել եմ խիստ աթեիստ, վերադարձել եմ խորը հավատացյալ, դրա համար մի քիչ այլ կերպ եմ ընկալում բոլոր կապերն ու երեւույթները»:
Այդպես հիշելով իր ճանապարհին որդեգրած բոլոր հաջողությունները, հաղթանակները, իսկ դրանք շատ-շատ են հատկապես միջազգային հարթակներում՝ Հայաստանը ներկայացնելիս, տիկին Դանիելյանը կյանքի փորձից խորհուրդ է տալիս՝ բոլոր ազնիվ եւ արդարամիտ ցանկությունների իրականացման համար ջանք ու եռանդ չխնայել, անել ամենը, ինչ հնարավոր է, հետո արդեն մնացածի համար Աստծուն դիմել եւ ապավինել նրան:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2015